Վերջին վանդակը փակվեց, և խաղաքարտերը խառնվեցին

Եվ այսպես, 2017 թվականի խորհրդարանական ընտրությունների երևի թե վերջին ինտրիգը ստացավ իր հանգուցալուծումը: Խոսքն, իհարկե, նախընտրական քարտեզի կամ դասավորության ինտրիգի մասին է:  ԲՀԿ նախկին ղեկավար Գագիկ Ծառուկյանը հայտարարեց «հայտնի իրադարձություններից» հետո փակված էջը բացելու և խորհրդարանական ընտրություններին լայն դաշինքով մասնակցելու մտադրության մասին, որի վերաբերյալ տեղեկությունները հրապարակում էին արդեն մի քանի ամիս:

Այդպիսով, ըստ էության, փակվեց թերևս վերջին «ազատ վանդակը», թեև ֆորմալ առումով, իհարկե, առայժմ բաց է Օսկանյան-Օհանյան դաշինքի հարցը: Բայց դա թերևս արդեն ֆորմալ հարց է՝ նկատի ունենալով այն, որ այսօր տեղեկություն է տարածվել նաև արտաքին գործերի և պաշտպանության նախկին նախարարների հանդիպման մասին, և դաշինքի մասին հայտարարությունը երևի թե ժամանակի հարց է:

Ընդ որում, ուշագրավ է, որ այդ և Գագիկ Ծառուկյանի հայտարարությունները փաստորեն զուգորդվել են, և հետաքրքրական է՝ արդյոք դա պատահականությո՞ւն է, թե՞ մեկը պայմանավորված է մյուսով: Քաղաքականության մեջ, իհարկե, պատահականություններ չեն լինում, հատկապես փոքր Հայաստանի քաղաքականության մեջ: Միևնույն ժամանակ քիչ հավանական է, որ երկու հստակեցումները լինեն փոխլրացնող կամ, այսպես ասած, կոմպլեմենտար: Թեև զուտ տեսական իմաստով Օհանյան-Ծառուկյան հնարավոր գործակցությունը կարող էր, իհարկե, բավական լուրջ խնդիրներ առաջացնել Սերժ Սարգսյանի կամ ՀՀԿ-ի համար:

Մյուս կողմից՝ քաղաքականություն Ծառուկյանի վերադարձից հետո առկա գլխավոր հարցը այն է, թե արդյոք 2015-ի փետրվարին այդ կերպ հեռանալուց հետո նա կարո՞ղ է ընդհանրապես այլ արդյունք արձանագրել քաղաքականության մեջ, որն, այսպես ասած, ավելի խնդրահարույց կլինի Սերժ Սարգսյանի համար, քան 2015-ին: Համենայնդեպս, այդ առումով ինդիկատորը կարող է լինել այն, թե ինչպիսի տրանսֆորմացիայի է ենթարկվելու Ծառուկյան-Սերժ Սարգսյան հարաբերությունը հունվարի 17-ի հայտարարությունից հետո: Այսինքն՝ Սերժ Սարգսյանը հիշելո՞ւ է, որ մենք «կրկեսի վերածելու հայրենիք չունենք», թե՞ նա փոխել է իր կարծիքն այդ մասին:

Համենայնդեպս, փաստը, որ չնայած Ծառուկյանի հնարավոր վերադարձի մասին տևական խոսակցությունների առկայությանը՝ Սերժ Սարգսյանը թե ուղղակի, թե անուղղակի այդպես էլ հանդես չեկավ դրա անցանկալիության հրապարակային ազդակով, հուշում է, որ Սարգսյանի համար Ծառուկյանի վերադարձը այդքան էլ անցանկալի չէ: Ավելին՝ դա գուցե խիստ ցանկալի է՝ նկատի ունենալով մի շարք հանգամանքներ թե՛ հասարակության հետ խնդիրների և թե՛ իշխանության ներսում, այդ թվում ՀՀԿ ներսում առկա բաժանարար գծերի տեսանկյունից:

Ծառուկյանը կլինի սոցիալ-տնտեսական վատ վիճակում հանրային դժգոհության «շանթարգելը», ինչը միևնույն ժամանակ Սերժ Սարգսյանին հնարավորություն կտա ավելի հանգիստ լինել հանրության մասով, իսկ դրանով հանդերձ էլ՝ առավել քիչ կախված լինել ՀՀԿ ներկայիս մեծամասնությունից: Այսինքն՝ Ծառուկյանի վերադարձը մի կողմից՝ փակում է քաղաքական դաշտի մի մեծ բաց, մյուս կողմից՝ Սերժ Սարգսյանի համար բացում է մանևրի մեծ հնարավորություն, այդ թվում նաև նոր կառավարության և մասնավորապես՝ Կարեն Կարապետյանի մասով:

Այդ տեսանկյունից Ծառուկյանի հայտարարության երանգներն ուշագրավ են, քանի որ նա մի կողմից՝ դժգոհություն է հայտնում տնտեսական վիճակից և ճանապարհից, մյուս կողմից, սակայն, չի հստակեցնում դրա պատասխանատուի հասցեն, չի մատնանշում ներկայիս կառավարությանը: Եվ այդ առումով հետաքրքրական է, թե արդյո՞ք Ծառուկյանը Կարեն Կարապետյանի կառավարությունը դարձնելու է թիրախ, քանի որ դա կնշանակի թիրախավորել նաև Կարեն Կարապետյանի երևի թե միակ հենարան հանդիսացող ռուսաստանցի միլիարդատեր Սամվել Կարապետյանին:

Այս առումով Ծառուկյանի վերադարձը մի կողմից՝ իշխանության համար սահմանափակում է ընդդիմադիր դաշտում անկանխատեսելիության թեկուզ փոքր հավանականությունը, մյուս կողմից՝ իսկապես անկանխատեսելի վիճակ է ստեղծում ներիշխանական հարաբերությունների համար՝ խառնելով բավական խաղաքարտեր:

Թեև Ծառուկյանի վերադարձն ինքնին առանց այդ էլ իշխող համակարգում բավական բարդ վիճակի դրսևորում է, հակառակ դեպքում հազիվ թե առաջանար այդ վերադարձի անհրաժեշտություն թե՛ Սերժ Սարգսյանի, թե՛ Ծառուկյանի համար:

Today's most read news !
  • Տաթևիկի ամուսինը ներկա է եղել նրա ծննդյան խնջույքին. Մենեջերը՝ Տաթևիկ Ադումյանի ամուսնալուծության լուրերի մասին
  • Լիկա Սալմանյանի 21-ամյակի երեկույթն ու սիրելիի անակնկալը
  • Ինչպես է անցել Աննա Դովլաթյանի ծննդյան խնջույքը
  • Արմավիրցի 26-ամյա տղամարդը տանուլ տված 80 հազարը «հետ բերելու» համար օղու շշով հարվածել է գյուղի խանութի վաճառողուհու գլխին
  • Սիլվա Հակոբյանի հայրիկը՝ երգչուհու ամուսնության ու աշխատանքային ծրագրերի մասին
  • Մեր դուստրն իր ներկայությամբ բոլորին հանգստություն է պարգեւում. Գայանե Հովհաննիսյանն՝ իր ու Ռոլանդ Գասպարյանի փոքրիկի մասին
  • «Պաշարվածները». նոր փաստավավերագրական ֆիլմ՝ 91-92թթ. սովի ու հրի մատնված Ստեփանակերտի մասին
  • Արցախը ոչ թե կարող է, այլ պարտավո՛ր է «Իսկանդերով» հարվածել. Նորատ Տեր-Գրիգորյանց
Comments
Loading...