Դավթաշենում հարբած վարորդը «Մերսեդեսով» վրաերթի է ենթարկել երիտասարդ հայտնի երաժիշտներին, որոնցից մեկը մահացել է

Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Տաթևիկ Գրիգորյանի նախագահությամբ ավարտվել է Կարեն Գալստյանի գործի դատական քննությունը: Ըստ դատական ակտի՝ 26-ամյա Կարեն Գալստյանը 2016 թվականի ապրիլի 25-ին ՀՀ ոստիկանության ՃՈ ծառայության վարչական գործունեության բաժնի պետի որոշմամբ 1 տարով զրկված լինելով տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից, 2016 թվականի օգոստոսի 6-ի կեսգիշերին ալկոհոլ օգտագործած վիճակում իրեն վստահված «Մերսեդես» մեքենայով խախտել է երթևեկության անվտանգության ապահովման մասին օրենքի պահանջները, հարբած երթևեկել է Երևանի Եղվարդի խճուղու կողմից Տ. Պետրոսյան փողոցով դեպի Փիրումյան փողոց: Հասնելով Դավթաշեն 4-րդ թաղամասի 11-րդ շենքի դիմաց՝ Կարեն Գալստյանը առանց արգելակման ընդհարվել է մայթեզրի մոտ կայանված «Օպել» մակնիշի տաքսի ավտոմեքենային, ապա դուրս է եկել երթևեկելի մասից, ընդհարվել է երթուղային տրանսպորտի ցուցանակին, դրանից հետո էլ վրաերթի է ենթարկել մայթին կանգնած երկու երիտասարդների՝ 35-ամյա Կարեն Կարապետյանին ու 30-ամյա Կարո Ժամխարյանին: Վրաերթի ենթարկվածները տեղափոխվել են հիվանդանոց, որտեղ գիշերվա ժամը 1-ին, առանց գիտակցության գալու, Կարո Ժամխարյանը մահացել է: Կարեն Կարապետյանի առողջությանը անզգուշությամբ պատճառվել է ծանր վնաս: Կարո Ժամխարյանն ու Կարեն Կարապետյանը ոստիկանության զորամասի նվագախմբի երաժիշտներ էին: Նույն օրը Կարեն Գալստյանը արգելանքի տակ է վերցվել: Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 242 հոդվածի 2-րդ և 243.1 հոդվածի 2-րդ մասերով: Ընդհանուր իրավասության դատարանում Կարեն Գալստյանն իրեն մեղավոր է ճանաչել: Նրա միջնորդությամբ գործը քննվել է արագացված ընթացակարգով: Տուժող Կարեն Կարապետյանն ու տուժողի իրավահաջորդը չեն առարկել արագացված ընթացակարգ կիրառելու դեմ: Տուժողի իրավահաջորդը խնդրել է Կարեն Գալստյանի նկատմամբ նշանակել խիստ պատիժ: Կարեն Գալստյանն աշխատել է «Մեգա ֆուդ» ՍՊԸ-ում՝ որպես պրեսելլեր: Դատարանը հաշվի է առել, որ Կարեն Գալստյանը տրանսպորտային միջոցը վարել է ոչ սթափ վիճակում ու, մեկ տարով զրկված լինելով տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից, նստել է մեքենայի ղեկին, թույլ է տվել խախտումներ, որոնք առավել հավանական են դարձնում հանրության համար վտանգավոր հետևանքների առաջացումը, ինչը վկայում է ամբաստանյալի անձի ու նրա կատարած արարքի՝ հանրային վտանգավորության բարձր աստիճանի մասին: Դատարանը եզրակացրել է, որ Կարեն Գալստյանի ալկոհոլային հարբածության վիճակը հանդիսացել է նրա կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 242 հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցանքը կատարելուն նպաստող պայման, նա հանցավոր արարքը կատարել է հանցավոր ինքնավստահությամբ: Դատարանը հաշվի է առել նաև, որ ամբաստանյալը դատարանում իրեն լիովին մեղավոր է ճանաչել ու զղջացել է կատարածի համար: Կարեն Գալստյանը մեղավոր է ճանաչվել մեղսագրված արարքների համար ու դատապարտվել է 3 տարի 6 ամիս ազատազրկման՝ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկվելով 3 տարի ժամկետով: Պատժի սկիզբը՝ 2016 թվականի օգոստոսի 6-ից:

Today's most read news !
  • Շուշանի եւ Մերիի ճոխ նվերը Տաթեւ Սարգսյանի 25-ամյակին
  • Ինչի մասին է «Շանթ»-ի նոր սիթքոմը եւ ովքեր են դերակատարները
  • Խանությում հետևիցս գոռաց` «տականք, դու ստեղ ի՞նչ գործ ունես». Հակոբ Հակոբյան
  • Րաֆֆի Օհանյանի հարսանեկան հոլովակն ու ֆոտոշարքը
  • Անի Քրիստին անճանաչելիորեն փոխվել է
  • Քիմ Քարդաշյանը նիհարելու նոր տարբերակ է առաջարկում
  • Երևանում ռազմագիտության դասատուն ընտանիքի 10 անդամներով հնարավոր է՝ հայտնվի փողոցում
  • Նոր պատերազմի ուրվականը
Comments
Loading...