Այն, ինչ չի կարելի Կարեն Կարապետյանին

Օրերս գրեթե համաժամանակյա հանրային ելույթներ ունեցան վարչապետ Կարեն Կարապետյանն ու պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը: Մեկը պատասխանեց լրագրողների այցերին և ամփոփեց իր պաշտոնավարման 100 օրը, մյուսը պատասխանեց Հանրային հեռուստաընկերության հարցերին: Երկու ելույթներն աչքի ընկան մի նրբերանգով, որը արժանացավ քչերի ուշադրությանը: Վարչապետի մամուլի ասուլիսի ընթացքում նրան ուղղված հարցերի շարքում էին Հայաստանի որևէ բարձրաստիճան պաշտոնյայի հարցուպատասխանի համար ավանդական հարցերը կոռուպցիոն դրսևորումների պատժելիության վերաբերյալ: Այդ հարցերին ի պատասխան՝ Կարեն Կարապետյանը հայտարարեց, թե իրեն «միլիցիա» պետք չէ դարձնել: Կարապետյանի հայտարարության համատեքստը հասկանալի է: Որևէ կոռուպցիոն դրսևորում պատժելու համար՝ նախ պետք է տնօրինել այդ պատժիչ կառույցներին, կամ այլ կերպ ասած՝ իրավապահ համակարգը վերահսկել: Իսկ Կարեն Կարապետյանն այդ համակարգը չի վերահսկում, դա Սերժ Սարգսյանի տիրույթն է, ընդ որում թե՛ իրավական, թե՛ քաղաքական առումով: Դա չի նշանակում, որ եթե Կարեն Կարապետյանը այդ համակարգը պահեր իր ազդեցության ներքո, կոռուպցիայի իրավական պատժելիությունը կլիներ ավելի բարձր: Դա մեղմ ասած՝ հարց է, որը չունի պատասխան, և պատասխան կարող էր լինել միայն կոնկրետ պրակտիկայով: Բայց, անկասկած է նաև, որ Կարեն Կարապետյանը ներկայումս չունի ազդեցություն իրավապահ կառույցների վրա, և կոռուպցիայի իրավական պատժելիության խնդիրը նրա քաղաքական տիրույթից դուրս է, նրա ուժից վեր: Այդ առումով էլ հասկանալի է, թե ինչու է նա հորդորում իրեն «միլիցիա չդարձնել»: Կոռուպցիոն դրսևորումների իրավական պատժելիության խնդրին, իհարկե զինված ուժերի, բանակի շրջանակում, սակայն բոլորովին այլ շեշտադրումներով պատասխան էր տվել պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, որը հայտարարել էր, որ մեկ առ մեկ բացահայտելու են բոլորն չարաշահումները, չարաշահողներին, որոնք վնաս են տվել բանակին: Վիգեն Սարգսյանը չի ասել, թե իրեն պետք չէ «դարձնել միլիցիա»: Նա հայտարարել է, որ մեկ առ մեկ բացահայտելու են և պատժեն: Այլ հարց է, կանե՞ն, թե՞ ոչ, կամ ո՞ւմ կանեն, իսկ ո՞ւմ՝ ոչ, ի՞նչ շարժառիթով կանեն, թե՞ պարզապես կօգտագործեն խնդիրը ներիշխանական կամ ներքաղաքական շարժառիթներով կամ դրդապատճառներով, ինչպես լինում է սովորաբար այդպիսի դեպքերում: Այդ հարցերը այլ են, հատկանշական է սակայն, որ Վիգեն Սարգսյանը բոլորովին այլ կերպ է պատասխանել իշխանությանն ուղղվող առանցքային և մշտական հարցերից մեկին, քան վարչապետը: Եվ եթե վարչապետը անուղղակի, բայց թափանցիկ ակնարկով հղում է արել, որ իրավապահ, այսինքն՝ պատժող կառույցները իր վերահսկողության տակ չեն, ապա Վիգեն Սարգսյանը կարծես թե չի արել այդ հղումն ու վերցրել է իր վրա պատասխանատվությունը: Վարչապետի և պաշտպանության նախարարի այդ կոնտրաստը բավականին ուշագրավ է՝ հաշվի առնելով նրանց դերակատարությունը իշխանության վերադասավորման ներկայիս գործընթացում: Նրանք երկուսն էլ ներկայումս հանդիսանում են քաղաքական կարգավիճակում հայտնված գործիչներ, որոնց ֆունկցիոնալությունը, սակայն, մեծապես, եթե ոչ ամբողջությամբ, կախված է Սերժ Սարգսյանից, նրա աջակցությունից: Ընդ որում, Կարեն Կարապետյանն ու Վիգեն Սարգսյանը լինելով միևնույն կառավարության միևնույն «հոսքից», այդուհանդերձ հանդիսանում են տարբեր թիմերի կամ շահերի կրողներ, ունեն ֆունկցիոնալ տարբեր նշանակություն ոչ միայն կառավարչական, այլ նաև քաղաքական դերակատարման իմաստով: Ընդ որում, խոսքը ոչ միայն կառավարությունում ուժերի այդ հարաբերակցության մասին է, այլ նաև Հանրապետական կուսակցության ներսում, որին նոյեմբերի համագումարում անդամակցեցին թե՛ Վիգեն Սարգսյանը, թե՛ Կարեն Կարապետյանը: Այդ համատեքստում, փոքր, բայց ուշագրավ դետալի մասով դրսևորված այդ կոնտրաստը բավական խոսուն է ներիշխանական քաղաքական իրողությունների ֆոնին: Վիգեն Սարգսյանը, փաստորեն, դրսևորում է առավել ինքնավստահություն «պատժիչ» ռեսուրսի տնօրինման տեսանկյունից, քան Կարեն Կարապետյանը: Այլ կերպ ասած՝ Վիգեն Սարգսյանն իրեն թույլ է տալիս այն, ինչ չի կարելի Կարեն Կարապետյանին: Կամ, ավելի շուտ, Սերժ Սարգսյանը Վիգեն Սարգսյանին թույլ է տալիս այն, ինչ թույլ չի տրվում Կարեն Կարապետյանին: Տվյալ պարագայում խոսքն իրավապահ կառույցների աջակցության մասին է, որոնք ներկայումս հանդիսանում են Սերժ Սարգսյանի քաղաքական հիմնական հենարանը: Սերժ Սարգսյանը, ըստ երևույթին, այդ հենարանի վրա առավել մեծ տեղ է տվել Վիգեն Սարգսյանին, իսկ Կարեն Կարապետյանն առայժմ չունի բավարար տեղ: Ընդհանուր առմամբ, խոսքն իհարկե ներիշխանական վերադասավորումներում երկու պաշտոնյաների քաղաքական նշանակության հեռանկարի մասին է, և այդ համատեքստում նրանց ցուցաբերվող աջակցությամբ Սերժ Սարգսյանը փորձելու է կառավարել իշխանության մեջ նրանց ազդեցության աստիճանը: Այդ տեսանկյունից, դրսևորված նրբերանգը կարծես թե հուշում է, որ պաշտպանության նախարարը Սերժ Սարգսյանի համար ունի առավել ընդգրկուն քաղաքական նշանակություն, առնվազն առայժմ, քան վարչապետը:

Today's most read news !
  • «Հանրային լինել դեռ չի նշանակում հանդուրժել նման դրսևորում սեփական անձի նկատմամբ». Մերի Հակոբյան
  • Գուցե իմ ստացած դաստիարակությունն է պատճառը, որ հրաժարվում եմ բաց տեսարաններում նկարահանվել. Եվա Բաղդասարյան
  • Քիմ Քարդաշյանը կես միլիոն դոլար է ստանում Instagram-ում գովազդային մեկ հրապարակման համար
  • Առնվազն անբարոյականություն կլինի թերագնահատել ՀՀԿ-ի այս ցուցակը
  • Ուտել-խմելու պրոցեսը սիրում եմ, բայց այսօր ընկերական մթնոլորտում չեմ նշի ծննդյանս օրը. Մհեր Խաչատրյան
  • Հենրիխ Մխիթարյանը և Յուրա Մովսիսյանը միմյանց դեմ կխաղան
  • Կայացավ «Հաց բերողի» հոգեհանգստյան արարողությունը
  • Նա իր կյանքի արժեքը մեզ թողնելով՝ մեզ համար օրինակ դարձավ. Արսինե Խանջյանը՝ Հաց բերողի հոգեհանգստին
Comments

Name: