Ուր է գնալու Գագիկ Ծառուկյանի հավաքած ձայնն այս անգամ

ԲՀԿ նախկին նախագահ Գագիկ Ծառուկյանի քաղաքականություն վերադարձի, կամ քաղաքականության մեջ ակտիվ կարգավիճակի վերականգնման մասին հայտարարությունը ներքաղաքական կյանքում ստեղծել է հին և նոր մի իրավիճակ: Հին այն իմաստով, որ նախընտրական գործընթացը, փաստացի, ստանում է նույն առանցքը, ինչի շուրջ կազմավորված էր թե՛ 2007 թվականի, թե՛ 2013 թվականի խորհրդարանի ընտրությանը: Այդ ընտրություններին կար Գագիկ Ծառուկյան ուժեղ խաղացողը, որը անխուսափելիորեն հավաքում էր ձայների մեծամասնությունը և հետո կատարում «բարեգործի» դեր, արդեն իշխանության, ՀՀԿ-ի համար: Թե՛ 2007-ին, թե՛ 2012-ին ընտրական գործընթացը, ակնհայտորեն, հաղթել է Ծառուկյանը, բայց բացարձակ հաղթանակը սահուն և անաղմուկ կերպով գրանցվել է ՀՀԿ-ի օգտին: Իրավիճակը այդ տեսանկյունից կրկնվում է, քանի որ աներկբա է, որ Ծառուկյանն ունի ՀՀԿ-ից ավելի շատ ձայն հավաքելու օբյեկտիվ հնարավորություն, միաժամանակ որևէ այլ սուբյեկտ չունի նրանից ավելի ձայն հավաքելու հնարավորություն: Դրան զուգահեռ, կան իհարկե սկզբունքային նոր երանգներ և հանգամանքներ: Դրանցից առաջինն իհարկե այն, որ Հայաստանում այլևս չկա նախագահի ընտրություն, Հայաստանն այլևս խորհրդարանական կառավարման մոդելով պետություն է, ինչը իր հետքն է թողնում ներքաղաքական զարգացումների տրամաբանության վրա:

Եթե մինչ այդ խորհրդարանի ընտրությունը տեղավորվել է նախագահի ընտրության համար ծավալվող գործընթացների մարտավարական համատեքստում, ապա այժմ արդեն խորհրդարանի ընտրությունն ունի ռազմավարական համատեքստ: Ծառուկյանն այդ համատեքստից դուրս է, քանի որ նա գործնականում չի ունեցել իր ռազմավարությունը, թե՛ 2007-ին, թե՛ 2012-ին նա եղել է ուրիշի ռազմավարության մասը, բաղադրիչը: 2007-ին դա Ռոբերտ Քոչարյանն էր, 2012-ին՝ Քոչարյանն ու հավանաբար մի փոքր էլ Լևոն Տեր-Պետրոսյանը: Երկու գործընթացներում էլ ինչ-որ մասով նա եղել է նաև Սերժ Սարգսյանի ռազմավարության մեջ դիտարկվող գործոն, բայց նա չի ունեցել սեփական ռազմավարություն, սեփական ռազմավարական խաղ: Իսկ այդ գործիչների ռազմավարությունն էլ կառուցված է եղել նախագահի պաշտոնի թիրախավորմամբ: Սերժ Սարգսյանը վերացրել է այդ թիրախը ու փաստացի ստեղծել նոր իրավիճակ, որտեղ ձեռք է բերել ռազմավարության «մենաշնորհ» կամ ավելի շուտ գերիշխող դիրք, այդ թվում՝ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ: Ծառուկյանի համար դա մեծ խնդիր չէ, քանի որ նա երբեք չի էլ ունեցել իր ռազմավարությունը, որպեսզի մտահոգվի դրա կորստի կամ Սերժ Սարգսյանի գերիշխող դիրքի կապակցությամբ:

Ծառուկյանի խնդիրը սեփականությունն է, դրա անձեռնամխելիությունը, իսկ թե ում ռազմավարության շրջանակում այն կլինի առավել անվտանգ, նրա համար մեծ հաշվով, թերևս, չունի առանցքային նշանակություն: Այդ տեսանկունից, ի տարբերություն 2007 և 2012 թվականների, 2017 թվականին Գագիկ Ծառուկյան նախընտրական առանցքը Սերժ Սարգսյանի համար կարող է դառնալ առավել արդյունավետ: Խնդիրը սակայն այն է, թե ի՞նչ արդյունք է Սարգսյանի համար նախընտրելի: Այսինքն՝ դա կրկի՞ն ՀՀԿ բացարձակ մեծամասնությունն է, թե այժմ արդեն Սարգսյանի համար նախընտրելի արդյունքը դա չէ, այլ այն, որ ՀՀԿ-ն չունենա բացարձակ մեծամասնություն, քանի դեռ Սարգսյանի համար հստակ և պարզ չէ իր քաղաքական հետագա ճակատագրի հարցն ու որոշումը: Իսկ այդ դեպքում Սարգսյանին անհրաժեշտ է մի առանցք, որը նրա համար առանց ՀՀԿ-ի կառավարելի կպահի ընդհանուր իրավիճակը: Ծառուկյանն այդ առումով, դեռևս, մնում է անփոխարինելի, ինչն իհարկե, մի կողմից, Հայաստանի քաղաքական դաշտի անկենսունակության վկայությունն է, մյուս կողմից՝ քաղաքական դաշտի հետևողական արժեզրկման և նշաձողերի նվազեցման իշխանության քաղաքականության հետևանքը:

Այդ տեսանկյունից, Գագիկ Ծառուկյանի վերադարձի մասին հայտարարության մեջ հնչածը, թե այդ ընթացքում որևէ քաղաքական ուժ կամ գործիչ չի կարողացել դրսևորվել և խնդիրներ լուծել, տխուր իրականության արձանագրում է, որի համար պատասխանատու են թե՛ իշխանությունը, թե՛ քաղաքական ուժերը, թե՛ Ծառուկյանն ինքը, որը իշխանական և տնտեսական շահերի համար քաղաքականություն երևույթը արժեզրկած իշխող համակարգի մաս է:

Today's most read news !
  • Էրոտիկ աղջիկներ եւ շքեղ ավտոմեքենաներ՝ Նորոյի նոր տեսահոլովակում
  • Կապանում խորթ հայրը ոտքով հարվածել է 3-ամյա փոքրիկի հետույքին, երեխան ընկել ու գանգուղեղային փակ տրավմա է ստացել
  • Նաիրա Մովսիսյանի 29-ամյակի խնջույքն ու ամենատպավորիչ նվերը
  • Հետաքրքիր մանրամասներ հայ աստղերի փարիզյան մրցանակաբաշխությունից
  • 1995 թ. ԻՆՉՊԵՍ ԵՂԵԼ Է. Երևանում հայտնի «շունբազը» ատրճանակի կրակոցներով սպանվել է իր տան շքամուտքում
  • Քարդաշյանների ընտանիքը անվտանգության ծառայությունից օգտվում է շուրջօրյա
  • Սիրուշոյի և PicsArt-ի համագործակցությամբ նոր հավելված է ստեղծվել
  • Ընտրարշավի տապալվող գիծը
Comments

Name: