Latest 10 episodes

Ելքը կա, մնում է քաշող բովանդակությունը

Հայաստանի խորհրդարանի ընտրությանն ընդառաջ տեղի ունեցող զարգացումների առայժմ ամենաակտիվ աղբյուրը ակնհայտորեն իշխող համակարգն է, որը հասցնում է ոչ միայն վերադասավորվել զուտ իշխանական շրջանակներում, այլ նաև վերադասավորել ընդդիմադիր դաշտը: Այստեղ բավական լուրջ դիրքի է հավակնում պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը, դաշտի ահռելի մաս ծածկելու է վերադարձող Գագիկ Ծառուկյանը, իշխանական համակարգային աղբյուրից ոռոգվող ուժ է «Հայկական Վերածնունդը»:

Մի կողմ թողնենք այն, թե արդյո՞ք սա կոնկրետ պայմանավորվածություններով իրականացվող թատերական բեմականացում է, երբ մի շարք մարդիկ գործուղվում են կամ վերադառնում ընդդիմություն, թե՞ պարզապես ընդհանուր իրավիճակից բխող արդյունք, որը պարզապես գոհացնում է նաև իշխանությանը: Տվյալ պարագայում բուն խնդիրն այն է, որ խորհրդարանական ընտրության նախաշեմին, պաշտոնական քարոզչությունը դեռևս չսկսված, ակնհայտ է դառնում Հայաստանում ոչ համակարգային կամ հանրային ընդդիմության խորքային ճգնաժամը: Հենց դա է նաև պատճառը, որ իշխանությունը կարողանում է սոցիալ-տնտեսական և ներիշխանական ճգնաժամերի պայմաններում խնդիրները լուծել առանց հանրությանն արվող մեծ զիջումների:

Այս համատեքստում խորհրդարանական ընտրության արդյունքներն արդեն դառնում են նույնիսկ ինչ-որ իմաստով երկրորդական, և խնդիրը դառնում է այն, թե արդյո՞ք ներկայիս գործընթացը կարող է հիմք դառնալ Հայաստանում հանրային ընդդիմության, ոչ համակարգային ընդդիմության վերականգնման կամ պարզապես նոր ընդդիմության հաստատման համար:

Այստեղ, իհարկե, իրավիճակը բավական բարդ է, հուսադրող ծանրակշիռ հանգամանքներ այդքան էլ չկան, սակայն միաժամանակ նաև չկա անապատային չորություն: Մասնավորապես, առնվազն նախադրյալներ ապահովվում են ԵԼՔ դաշինքի միջոցով, որը կազմող երեք կուսակցությունները եթե ոչ բացարձակ իմաստով, ապա զգալիորեն հավակնում են լինել հանրային ընդդիմության հիմք: Համենայնդեպս, նրանք կատարել են առաջին քայլը, որը գործնականում առայժմ միակն է ընդդիմադիր դաշտում, քանի որ առայժմ նկատելի չէ այլ ֆորմատ, որը այս կամ այն կերպ առնչություն չի ունենալու իշխանական համակարգային սկզբնաղբյուր ունեցող ֆորմատների կամ հենց իշխանության հետ:

Մյուս կողմից՝ ԵԼՔ-ի քայլը առայժմ գերազանցապես անվանական է, որը կարևոր, անհրաժեշտ նախադրյալ է Հայաստանում հանրային ընդդիմության ճգնաժամի հաղթահարման կայուն գործընթաց սկսելու համար, սակայն անկասկած բավարար չէ, քանի որ կայունությունը պահանջելու է նաև խորքային բովանդակություն, որը իր էներգետիկայով և ընդգրկումով կլինի շատ ավելին, քան նախընտրականը: Նախընտրական փուլը մեկնարկի պատեհ առիթ կամ ժամանակահատված է՝ հատկապես, եթե հաշվի առնենք Հայաստանում քաղաքականությունից հանրային հիասթափության մեծ աստիճանը: Իսկ առանց հանրային աջակցության ընդդիմության ճգնաժամը հաղթահարելը, իհարկե, հնարավոր չի լինի: Բայց հանրային աջակցությունը հնարավոր կարող է լինել միայն ընդգրկուն և առարկայական բովանդակային ռազմավարության մատուցման դեպքում:

Հայաստանում սովորաբար փորձ է արվում այդ ռազմավարության փոխարեն մատուցել ընդամենը կարգախոսներ, հռչակագրեր, պաստառներ: Դրա կրկնությունը կխորացնի ճգնաժամը: Անվանական քայլը կատարված է, բարեբախտաբար՝ ընդդիմադիր դաշտում այն կա: Բայց եթե այս փուլում չդրվեն դրա բովանդակային հագեցածության հիմքերը, ապա նախընտրական շրջանից հետո գործնականում անհնարին կդառնա այդ խնդիրների արդյունավետ լուծումը, առնվազն առաջիկա հնգամյակի համար, առնվազն այդ ժամանակահատվածի համար՝ երկարաձգելով հանրային ընդդիմության ճգնաժամը Հայաստանում:

Today's most read news !
  • Էմմա Մանուկյան.«Փորձում եմ մեղքերս քավել»
  • «Աղջի՛, էլի գնում ես …-իդ մո՞տ». Միայնակ մայրը 5 տարվա սիրեկանի ժլատությանը չի դիմացել և սուտ մատնություն է կատարել
  • Հայկական ողբերգության թույլ մխիթարություն
  • Մովսես Երեմյան.«Միմյանց կորցնելու վախ կա միշտ»
  • Աշխարհի համերը՝ Նազենի Հովհաննիսյանի նոր հաղորդաշարում
  • Վլադիմիր Գասպարյանն ի՞նչ է զգուշացնում Հովիկ Աբրահամյանին
  • Մարտի 1-ի բացահայտման մասին հայտարարելը հասարակությանը հաճոյանալու քարոզչություն է. իրավապաշտպան
  • Որքան է Արևմուտքից Թուրքիայի կախվածության ծավալը. Odatv.com, Թուրքիա
Comments