Կառավարիչներ, որոնք ատո՞ւմ են միմյանց

Հայաստանի իշխող համակարգի բարձրաստիճան որևէ պաշտոնյայի պաշտոնաթողությունից, հրաժարականից կամ հեռացումից հետո, որպես կանոն, եթե այդ մարդը չի նշանակվում նախագահի կամ վարչապետի խորհրդական, ապա մեծ հավանականությամբ անցնում է, այսպես ասած, ընդդիմադիր քաղաքական գործունեության և սկսում տարբեր աստիճանի սրությաբ քննադատել գործող իշխանությանը: Այդ զարգացումից հետո էլ, որպես կանոն, հասարակությունն է սկսում քննարկել արդեն նախկին պաշտոնյայի ընդդիմադիր գործունեության անկեղծությունը, թե որքանով է նա իրապես ընդդիմադիր, որքանով է ձևական, գործուղված ընդդիմադիր՝ ընդդիմության ձայները փոշիացնելու, հասարակությանը շեղելու և այլնի համար:

Այդ արձագանքներին ի պատասխան՝ առաջ են գալիս հայտարարություններ, հավաստիացումներ, որ տվյալ պաշտոնյան իր պաշտոնավարման ընթացքում էլ համաձայն չի եղել իշխանության այս կամ այն գործողության, որոշման, քայլի հետ, դեմ է եղել, պարզապես ինչ-ինչ նպատակներով լռել է այդ մասին, բայց ի վերջո՝ համբերությունը հատել է և հիմա որոշել է արտահայտվել ու պայքարել: Այդտեղ էլ, իհարկե, շատ դժվար է կողմնորոշվել՝ այդպե՞ս է իրականությունը, թե՞ ոչ: Որովհետև վերջին հաշվով կարող է լինել և այդպես, այսինքն՝ տեսականում դա անտրամաբանական տարբերակ չէ:

Բայց այս ամենի շուրջ դատողությունների, կողմնորոշվելու փորձերի, կեղծի և անկեղծի բացահայտման ջանքերի մեջ, այդ ամենից վեր առաջ է գալիս մի հարց: Փաստորեն ստացվում է, որ Հայաստանի իշխանության բարձրագույն օղակում, որոշումների կայացման առաջին շրջանակում, արտաքին քաղաքականության, անվտանգության, տնտեսության վերաբերյալ պետական քաղաքականության առանցքային դիրքերում աշխատում են բազմաթիվ մարդիկ, որոնք համաձայն չեն վարվող քաղաքականությանը: Մինչդեռ խոսքը ինչ-որ վարչական ակտերի հետ համաձայն չլինելու, ինչ-որ կրպակի կամ տոնավաճառի գործունեության հարցում տարակարծիք լինելու մասին չէ, այլ պետության անվտանգության, տնտեսական զարգացման, հանրային բարեկեցության, ժողովրդագրական վիճակի առումով էական, հիմնարար, անկյունաքարային նշանակություն ունեցող, պետության ինքնիշխանություն կանխորոշող հարցերի մասին:

Ու փաստորեն ստացվում է՝ դատելով տարբեր տարիներին, տարբեր փուլերում, տարբեր հանգամանքների բերումով իշխանության բարձրագույն օղակից հեռացվող կամ հեռացող պաշտոնյաների օրինակներից, որ այդ կարևոր որոշումները կայացնում են մարդիկ կամ մարդկանց շրջանակ, որտեղ մեծ են փոխադարձ անընդունելիությունը, անհանդուրժողությունը, մերժելիությունը և գուցե նույնիսկ ատելությունը:

Մարդիկ կայացնում են կարևոր որոշումներ, պետության ճակատագիր կանխորոշող որոշումներ, բայց մի քանի ամիս կամ տարի հետո կարող է պարզվել, որ այդ որոշումը կայացնող և իրագործման համար պատասխանատու անձինք, գործիչները եղել են տրամագծորեն տարբեր կարծիքների, դեմ են եղել մեկը մյուսին, բայց լռել են, աշխատել, իրականացրել են իբրև, իրենց կարծիքով, սխալ որոշումները, և միայն ինչ-ինչ հանգամանքների բերումով հայտնվելով այլ իրավիճակում՝ դարձել են այդ իրականության դեմ պայքարող ուժ:

Կա՞ հավելյալ բացատրության անհրաժեշտություն, թե ինչու է Հայաստանի պետական կառավարման համակարգի գործունեության արդյունքը, իսկ ավելի ճիշտ՝ հետևանքը ներկայումս այդքան տխուր: Կարո՞ղ էր լինել ավելի լավ արդյունք, եթե ժամանակ առ ժամանակ, հանգամանքների բերումով պարզվում է, թե ինչպիսի ներքին մթնոլորտ է առկա այդ իշխանության մեջ, և ինչպես են միմյանց վերաբերվում այդ իշխանության, որոշումներ կայացնող շրջանակի տարբեր մասնակիցները:

Մնում է միայն մի հարց՝ ի՞նչն է ստիպել և ստիպում լռել ու արտահայտվել միայն տարիներ անց, եթե տվյալ պահին է գիտակցվել որոշման սխալ և նույնիսկ վտանգավոր լինելը: Բացատրությունը, թե լռությունը պայմանավորել է պետական շահը, այդքան էլ համոզիչ չէ, քանի որ լռության մատնվել են հենց պետական շահը և անվտանգությունը ոտնահարող այս կամ այն որոշումները և քայլերը:

Today's most read news !
  • Տաթևիկի ամուսինը ներկա է եղել նրա ծննդյան խնջույքին. Մենեջերը՝ Տաթևիկ Ադումյանի ամուսնալուծության լուրերի մասին
  • Լիկա Սալմանյանի 21-ամյակի երեկույթն ու սիրելիի անակնկալը
  • Ինչպես է անցել Աննա Դովլաթյանի ծննդյան խնջույքը
  • Արմավիրցի 26-ամյա տղամարդը տանուլ տված 80 հազարը «հետ բերելու» համար օղու շշով հարվածել է գյուղի խանութի վաճառողուհու գլխին
  • Սիլվա Հակոբյանի հայրիկը՝ երգչուհու ամուսնության ու աշխատանքային ծրագրերի մասին
  • Մեր դուստրն իր ներկայությամբ բոլորին հանգստություն է պարգեւում. Գայանե Հովհաննիսյանն՝ իր ու Ռոլանդ Գասպարյանի փոքրիկի մասին
  • «Պաշարվածները». նոր փաստավավերագրական ֆիլմ՝ 91-92թթ. սովի ու հրի մատնված Ստեփանակերտի մասին
  • Արցախը ոչ թե կարող է, այլ պարտավո՛ր է «Իսկանդերով» հարվածել. Նորատ Տեր-Գրիգորյանց
Comments
Loading...