2017-ի խորհրդարանի նոր առանձնահատկությունը. կայուն փոքրամասնության խնդիրը

Ստեփան Դեմիրճյանը հանդիպել է Գագիկ Ծառուկյանի հետ և քննարկել «Ծառուկյան» դաշինքին միանալու և նրա հետ միասին խորհրդարանի ընտրությանը մասնակցելու հարցը: Մամուլում նույնիսկ տեղեկություն է հրապարակվել այդ դաշինքում Դեմիրճյանի տեղի մասին:

Հայաստանում, այսպես ասած, ներքաղաքական դաշտում սկսվել է իսկական «Բրոունյան շարժում», որտեղ բոլորը տարբեր ուղղություններով և տարբեր հասցեներով որոնումների, բանակցությունների, փնտրտուքների մեջ են՝ այս կամ այն դաշինքում տեղ զբաղեցնելու, այս կամ այն ցուցակում հայտնվելու և այդ միջոցով խորհրդարանում տեղ ունենալու համար: Այնպիսի տպավորություն է, որ իշխանությունը բոլորին տվել է տեղերի քանակը, միաժամանակ նաև հնարավոր անցողիկ մեկ-երկու կամ երեք-չորս սուբյեկտների անվանումները՝ մնացյալը թողնելով ամեն մեկի, այսպես ասած, հույսին. ով ինչպես կարող է կամ ում հետ կարող է պայմանավորվել:

2017 թվականի խորհրդարանական ընտրության առանձնահատկությունը, այսպես ասած՝ «կուսակցությունների դերի աճի» տրամաբանության շրջանակում, երևի թե հենց դա է: Այսինքն՝ ոչ թե անհատներին է փորձ արվում ենթարկեցնել խորհրդարան անցնող ուժերի ցանկը, այլ հակառակը՝ սահմանվում է անցողիկ ուժերի շրջանակ, եթե ոչ՝ բացարձակ ճշտությամբ, ապա մոտավորապես, և անհատները իրենց բախտը պետք է փորձեն փնտրել այդ շրջանակում, այսինքն՝ ենթարկվելով «կուսակցություններին»:

Իշխանությունն այդպիսով իրեն ազատել է ամեն անհատի հարց առանձին-առանձին դիտարկելու պարտավորությունից, ինչն ակնհայտ էր խորհրդարանի նախորդ ընտրությունների պարագայում: Դա է ներկայիս ընտրական ցիկլի առանձնահատկությունը և խոշորացման տրամաբանությունը: Այսինքն՝ առանձին անհատների հարցն իշխանությունն իր համար այլևս համարում է մանր հարց և այն «փոխանցում» մերձիշխանական տարբեր սուբյեկտների, որոնք այս կամ այն շարժառիթից ելնելով՝ ներգրավվել են նախընտրական գործընթացում:

Այդպիսով իշխանությունը ժամանակ է շահում իր վերադասավորման համար: Փաստացի, ներիշխանական վերադասավորումը արտաքին «մարտահրավերներից» զերծ պահելու համար իշխանությունը կամ, ավելի շուտ, պարզապես Սերժ Սարգսյանը, կատարեց մի քանի քայլ, որոնք խթանեցին կամ էլ ավելի ակտիվ բնույթ հաղորդեցին ընդդիմության շարքերում կամ, ավելի շուտ, ընդդիմադիր-ոչ իշխանական շրջանակներում վերադասավորման գործընթացին:

Այդ տեսանկյունից մի բան երևի թե ակնհայտ է՝ 2017 թվականի նոր խորհրդարանը աչքի է ընկնելու մի երևույթով, որով արդեն իր գործունեությունն ավարտող խորհրդարանում աչքի ընկան միայն ՀԱԿ-ն ու «Ժառանգությունը»: Այսինքն՝ կա դե յուրե խմբակցություն, որոնք, սակայն, դե ֆակտո գոյություն չունեին և երկու խմբակցություններում արտահայտված էին մեկ տասնյակից ավելի տարբեր սուբյեկտներ և շահեր, ինչը գործնականում որպես խմբակցություն կաթվածահար էր արել թե՛ «Ժառանգության» և թե՛ ՀԱԿ-ի գործունեությունը ԱԺ-ում:

Նոր խորհրդարանում, որը կձևավորվի 2017-ի ընտրության արդյունքում, այս երևույթը կլինի էլ ավելի ընդգրկուն, և կայուն մեծամասնության իշխանական խնդիրը կմեղմվի առնվազն կայուն փոքրամասնության խնդրի առկայությամբ:

Today's most read news !
  • Իմ կյանքն ինձ ապացուցել է, որ ոչինչ չպետք է բացառել. Մարիամ Ադամյան
  • Սոնա Շահգելդյանը ապրիլ ամսին կդադարեցնի գործունեությունը
  • Վաղը կանցկացվի երթ՝ ԿԸՀ-ից ՀՀԿ-ի գրանցումը չեղյալ հայտարարելու պահանջով
  • Լեոնիդ Ագուտինը Երեւանում է
  • Թողնել «լոլո»-գիան, անցնել սոցիոլոգիայի
  • Սխալ ազդակներ հասարակությանը
  • Մարզպետները վիրավորական չեն համարում վարչապետի կրթվելու կոչը
  • Պետք էր ճշգրտությունը «պաշտել», ոչ թե հաշվարկը
Comments

Name: