Սերժ Սարգսյանի «ազգ-բանակը» պատերազմական ապրիլից մինչև նախընտրական ապրիլ

Զորացրված, ապրիլի պատերազմի մասնակից արդեն նախկին զինծառայողների հետ հանդիպմանը, որ տեղի էր ունենում Դիլիջանում, ի թիվս տարբեր հարցերի, զինծառայողները Սարգսյանին հարց ուղղեցին նաև ազգ-բանակ գաղափարի վերաբերյալ, փորձելով պարզել, թե ինչ է դա: Այդ գաղափարը հայաստանյան շրջանառության մեջ դրեց նորանշանակ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, թեև գաղափարն ինքնին վաղուց շրջանառվել և քննարկվել էր նաև ընդդիմադիր տարբեր շրջանակներում: Հայաստանի համար, որը պատերազմող պետություն է արդեն երկու տասնամյակից ավելի, հենց առաջին իսկ օրից, և ըստ ամենայնի՝ այդպիսին կլինի դեռևս շատ երկար ժամանակ, ազգ-բանակ հայեցակարգը կամ գաղափարը չունի այլընտրանք: Այդ տեսանկյունից, Վիգեն Սարգսյանի առաջ քաշած միտքը ոչ միայն կարևոր է, այլ Հայաստանի իշխանության համար նույնիսկ ուշացած: Ավելին, մեղմ ասած՝ դժվար է ասել, թե արդյո՞ք կլիներ այդ միտքը, եթե չլիներ ապրիլի պատերազմն ու 2017 թվականի ընտրության խնդիրը, որի համատեքստում ազգ-բանակը իշխանության համար քարոզչական բավական հարմար հարթություն է հանրային մի շարք կոնկրետ հարցադրումներ զգայական հարթակ տեղափոխելու և ընդհանրացնելու միջոցով դրանք լղոզելու համար, խուսափելով կոնկրետ խնդիրների վերաբերյալ առարկայական խոսակցությունից, սակայն, միաժամանակ պահելով հրատապության և համարժեքության պատրանքը: Այդ հանգամանքը հաստատվեց նաև զորացրված երիտասարդների հետ Սերժ Սարգսյանի հանդիպման ժամանակ թեմայի շոշափմանը նրա արձագանքով: Սերժ Սարգսյանը չտվեց որևէ առարկայական բացատրություն, թե ինչ է պատկերացնում իշխանությունը ազգ-բանակ հայեցակարգ ասելով:

Բացատրությունները, թե դա չի նշանակում ռազմականացված հասարակություն, կամ, թե դա նշանակում է բանակի համար ապրող ու ստեղծող ազգ և ազգի, հասարակության համար պատասխանատու բանակ, խորքային առումով ոչինչ չասող են, հատկապես, գաղափարի այսպես ասած՝ պաշտոնապես շրջանառության մեջ դնելուց ամիսներ անց: Ամիսներ անց ոչ մի կոնկրետացնում, ոչ մի կոնկրետ օրինակ և «թեմատիկ» տեսլական, որով իշխանությունը հանրությանը ցույց կտա, թե որն է ազգ-բանակ հայեցակարգով պետականության կազմակերպման և կենսագործունեության տարբերությունը, այսպես ասած՝ ազգ-բանակ հայեցակարգ չեղած ժամանակաշրջանից: Իշխանության կոնկրետության և առարկայականության բացակայությունը, սակայն, լիովին հասկանալի է: Բանն այն է, որ կոնկրետական, հստակեցնել ազգ-բանակ հայեցակարգը թղթից իրական կյանք ճանապարհին, խոսել այդ գաղափարի կենսագործունեության այլևս առարկայական օրինակներով, կնշանակի խոսել առաջին հերթին իշխանության, իշխող համակարգի պատասխանատվության մասին: Ընդ որում, պատասխանատվություն ոչ միայն կառավարման արդյունքի, տնտեսական և ֆինանսական ռեսուրսների, բանակի նյութա-տեխնիկական ապահովության, զինծառայողների սոցիալական ապահովության համար: Տվյալ պարագայում, պատասխանատվությունը ենթադրում է նաև կոնկրետ վարք, կենսակերպ, անձնական օրինակ:

Բանն այն է, որ Հայաստանի հասարակությունը, շարքային քաղաքացին, սոցիալական, այսպես ասած՝ ցածր, շարքային շերտերը ազգ-բանակ հայեցակարգի տրամաբանությամբ ապրում են վաղուց, սկսած այն ժամանակահատվածից, երբ արցախյան շարժումը աստիճանաբար սկսեց անցնել ռազմական բախման փուլ, երբ Հայաստանն ու Արցախը ստիպված էին այլևս դիմագրավել սովետա-ադրբեջանական ագրեսիվ գործողություններին: Հայաստանի շարքային քաղաքացիները այդ ժամանակից ի վեր ապրում են հենց ազգ-բանակ գաղափարախոսությամբ: Հենց այդ գաղափարախոսությունն է նաև պատճառը, դրա կամ գիտակցված, կամ ենթագիտակցական առկայությունն է, որ Հայաստանի հասարակությանն այս տարիներին հետ է պահել սոցիալական ընդվզման, սոցիալ-իրավական ապստամբության մտքից և քայլերից, չնայած երկու տասնամյակի ընթացքում իշխանության «ընձեռած» բազմաթիվ աղաղակող պատճառներին և առիթներին՝ սկսած ընտրակեղծիքների ներդրումից, իշխանության և դրանից հետո նաև հանրային բարիքի ու ռեսուրսների հետևողական յուրացումից: Բանակի համար է հասարակությունը զգալիորեն հանդուրժել այն ամենը, ինչ իրականացրել է իշխող համակարգը: Ի տարբերություն հասարակության, Հայաստանի իշխող «էլիտան» տարիներ շարունակ այդ ամենի ֆոնին կառուցել է իր անձնական, ընտանեկան, կլանային բարեկեցությունը, դրան ծառայեցնելով հանրային ռեսուրսներն ու համբերությունը: Ապրիլի պատերազմը այդ իրականության աղաղակող բացահայտումը, մերկացումն էր, երբ բոլորի համար պարզ դարձավ, թե իրականում ով կամ ինչն է Հայաստանում կտրված եղել թե՛ ազգից, թե՛ բանակից, թե՛ պետությունից, պարփակված լինելով միայն անձնական հարստության և անվտանգության խնդիրների շրջանակում:

Դա Հայաստանի իշխող «էլիտան» է, և եթե Հայաստանում կա մի սուբյեկտ կամ սեգմենտ, որը կարիք ունի բերվելու «ազգ-բանակ» հայեցակարգի կամ գաղափաի դաշտ, դա հենց այդ «էլիտան» է, իշխող բուրգը վերից վար: Խոսել հայեցակարգի մասին առավելագույնս կոնկրետ, հստակ, առարկայական և հասցեական՝ նշանակում է խոսել հենց «էլիտայի» պատասխանատվության մասին: Մինչդեռ, գաղափարը կամ հայեցակարգը շրջանառության մեջ դրվել է հենց դրա հռչակագրային գործածության միջոցով «էլիտայի» պատասխանատվությունը լղոզելու համար, մասնավորապես պատերազմական ապրիլից մինջև նախընտրական ապրիլ ընկած «մերկ» ժամանակահատվածի համար:

Today's most read news !
  • Կարեն Կարապետյանի պատասխանը Սերժ Սարգսյանին
  • Անձի երկվություն. Սերժ Սարգսյանի անբուժելի հիվանդությունը
  • Մարմնավաճառները գաղութում «տեսակցելու» էին Լեդի Հակոբի եղբորորդուն ու ընկերներին. 2 աշխատակից դատապարտվեց
  • Էմիլ Գալստյանը` «Քարե դարդ»-ն այլևս չհեռարձակելու լուրերի մասին
  • Վաղուց շատ լավ եմ ինձ զգում, ոչ մի խնդիր այլևս չկա. Գոռ Սուջյանն՝ իր առողջականի մասին
  • Արթնանում եմ առավոտյան 07:00-ին, որպեսզի համապատասխան տեսք ունենամ. Մհեր Խաչատրյանը՝ աշխատանքի և «Դոմինո»-ում նկարահանվելու մասին
  • Նոր մանրամասներ՝ Քիմ Քարդաշյանի վրա կատարված հարձակումից
  • Քանյե Ուեսթը բժիշկների խորհրդով է բաց թողել Գրեմմին
Comments