Վիլհելմիչի «երջանիկ երկիրը»

«Մենք այլ տարբերակ չունենք. մենք խելացի կառավարում պետք է իրականացնեք բոլոր ոլորտներում։ Մարդկային կապիտալը մեր երկրի գերագույն արժեքն է: Ես մի քանի անգամ տարբեր հարթակներում խոսել եմ այս մասին. երջանիկ երկրների շարքում չեն հայտնվում նավթով, գազով ու այլ բնական պաշարներով հարուստ երկրներ, այլ այնպիսի երկրներ, որտեղ ստեղծված են աշխատող ու արարող մարդկանց համար առավելագույն բարենպաստ պայմաններ»,- երեկ Մոսկվայում տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ ասել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը՝ հավելելով, որ կառավարությունը աշխատող, մտածող, ստեղծագործող մարդու համար ստեղծելու է առավելագույն արդար ու թափանցիկ պայմաններ:

«Ամենակարևոր խնդիրը հանրապետության համար՝ ժողովրդագրական խնդիրն է: Այն մեր հանրությանն ուղղված առաջնային մարտահրավեր է: Մինչդեռ, վերջին տարիներին  ժողովրդագրական խնդիրներին վերաբերող ուսումնասիրությունները փոքր-ինչ այլ բնույթի են, քան անհրաժեշտ է Հայաստանին: Մեզանում ուշադրություն չեն դարձնում երկու հանգամանքի.  նախ, որ Հայաստանը պատերազմող երկիր է, ինչը ենթադրում է որոշակի աշխարհաքաղաքական իրադրություն և բնակչության կրիտիկական չափ, որից հետո խնդիրների լուծումը խիստ բարդանում է, թեկուզ բանակի անհրաժեշտ թվաքանակ ապահովելու առումով: Երկրորդ՝ գրեթե բացակայում են ուսումնասիրություններ, թե ինչպես է փոխվել Հայաստանի բնակչության կառուցվածքը: Մեր հետազոտություններում մենք ելել ենք այն փաստերից, որ Հայաստանում էապես նվազել է մասնագետների թվաքանակը: Փորձագիտական գնահատականներով բարդ աշխատանք կատարողների թվաքանակը, որոնք սկսած խառատից, վերջացրած բարձրակարգ գիտնականով, համեմատած երկրորդ հանրապետության հետ, երրորդ հանրապետությունում, վերջին տարիների արտագաղթի պատճառով շուրջ 10 անգամ նվազել է: Գիտնականների թիվը պաշտոնական տվյալներով՝ 30 հազարից նվազել է 5-6 հազարի:  Իսկ ընդհանրապես բարդ աշխատանք կատարողների թվաքանակը՝ մեկ միլիոնից հասել է 100 հազարի և դա բավականին լավատեսական գնահատական է: Այսօր մեր հանրությունում չկան այն ստեղծագործ կարող անձնավորությունները, որոնց գործունեությունը կարող է բազմապատկել մեր տնտեսությունը: Այսինքն՝ նրանք կարող են անել աշխատանքներ, որը բազմապատկման մուլտիպլիկացիայի էֆեկտը կունենա, աշխատանքը կծնի աշխատանք: Ինժիներինգով զբաղվող ձեռնարկությունները նախագծում և պատրաստում են բարձրակարգ սարքեր: Դրանով իսկ նրանք պետք է միշտ լինեն մրցակցության մեջ և փորձեն առաջ գնալ: Նրանք պարտադրված են առաջ գնալու, զարգանալու: Առանց տեխնոլոգիաների չկա որևիցե երկրի զարգացման օրինակ: Այսինքն` եթե չկա ռազմավարություն, որը հանգեցնում է տեխնոլոգիաների զարգացմանը, ապա այդ երկրները չկան զարգացած երկրների շարքում: Ժամանակին Հայաստանը գնացել է այդ ճանապարհով: Ալեքսանդր Մյասնիկյանը, անցած դարի 20-ական թվականներին,  առաջին հերթին ուշադրություն դարձրեց մարդկային կապիտալի վրա, որոնք էլ սկսեցին ստեղծել այդ տեխնոլոգիաները:

Ժողովրդագրական խնդիրներին ուղղված մեր ուսումնասիրությունում լուրջ ուշադրություն ենք դարձրել հենց այս հանգամանքների և հատկապես նյութականացված տեխնոլոգիաների վրա: Մեր ուսումնասիրությունների այս փուլում ինֆորմացիոն տեխնոլոգիաների ոլորտում, հատկապես Կարեն Վարդանյանի ակտիվ մասնակցությամբ ինչ որ բաներ արվում են: Անգամ անցել են ինժիներինգի խնդիրներին: Այդ խնդիրները ինչ որ չափով լուծվում են, բայց ծրագրավորման գործերով զբաղվող մարդկանց կատարած աշխատանքը նույնպես կարիք ունի մարմնավորվելու, նյութականացվելու: Առանց փափուկ տեխնոլոգիաներից ավելի նյութականացված տեխնոլոգիաների անցմանը՝ մենք շարունակելու ենք մնալ սպասարկման հասարակություն, սպասարկելով նաև տեղեկատվական տեխնոլոգիաների գծով այլոց: Դա վատ չի, բայց և բավարար չի: Մենք ունենք հանրություն, որտեղ  մեծ մասը զբաղված են սպասարկման  և տուրիզմի ոլորտներում: Կար և կա Հայաստանը գլոբալ տուրիզմի երկիր սարքելու ծրագիր: Հիմա տեսնում ենք, թե ինչ է կատարվում Հունաստանում: Այս երկրում տուրիզմը շատ զարգացած է: Իրենց ՀՆԱ-ի շուրջ 25%-ը ստացվում է տուրիզմից: Հայաստանը չունի Հունաստանի պոտենցիալը: Հետևաբար մենք չենք կարող տուրիզմով կամ սպասարկումով զարգանալ: Կրիտիկական են բոլոր ցուցանիշները և եկել է այն ժամանակը, որպեսզի մենք նույնպես փորձենք այս խնդիրներով լրջագույնս զբաղվել: Միայն դիլետանտները չէ, որ պետք է զբաղվեն այս խնդիրներով: Դա պետք է անեն մասնագետները, մարդիկ, որոնք իրապես գիտեն թե ինչ է գիտությունը, ինչ է տեխնոլոգիան, ինչպես այդ ամենը կազմակերպել ու ստանալ արդյունքներ»:

Ներկայացված տեսակետի հեղինակը «Նորավանք» գիտակրթական համալիրի տնօրեն Գագիկ Հարությունյանն է: Սրանով թերևս մեկ տարի առաջ պարոն Հարությունյանը պատասխանել է հարգարժան վարչապետի երեկվա ելույթին․ «Բարդ աշխատանք կատարողների թվաքանակը, որոնք սկսած խառատից, վերջացրած բարձրակարգ գիտնականով, վերջին տարիների արտագաղթի պատճառով շուրջ 10 անգամ նվազել է: Գիտնականների թիվը պաշտոնական տվյալներով՝ 30 հազարից նվազել է 5-6 հազարի»:

Այս իրավիճակը ստեղծվել է այն կուսակցության գործունեության արդյունքում, որի «գաղափարախոսությունն» ու գործելաոճն ընդունելով ընդամենը մեկ ամիս, հարգարժան վարչապետը իր թիմակիցներից մի մասի հետ անդամակցեց վերջինիս: Կարելի էր մտածել, որ վարչապետը ստիպված էր անդամագրվել ՀՀԿ-ին: Բայց երբ հետևում ես գործընթացներին, պարզ է դառնում, որ ոգեշունչ  ելույթներից և ցուցադրական արված մի քանի գործողություններից  զատ, վերջինս բացարձակապես ոչնչով չի տարբերվում իր կուսակիցներից ու նախորդներից: Քննարկում են ՏՏ ոլորտի պրոբլեմները՝ «մոռանալով» մասնակից դարձնել ոլորտի տանող ուժին ու դրա կայացման գործում ամենամեծ ներդրումն ունեցողին (ով, թերևս, այլ, իրենցից տարբերվող լուծումներ է տեսնում), քննարկում են տասնամյակներ շարունակ այս երկրի տնտեսության առաջատարը հանդիսացած «Նաիրիտ»‑ի հարցը, չցանկանալով լսել այդ ընկերության աշխատակից մասնագետներին, որոնք հարցի լուծման այլ տարբերակ են տեսնում: Դժգոհում են տուրիզմի ոլորտում իրականացված աշխատանքներից, Հայաստան եկած տուրիստների քանակից (1 մլն), համեմատում Վրաստանի հետ (3 մլն) ու ծրագրում առաջիկայում մեր այցելուների թիվը ևս հասցնել 3 մլն-ի, բայց «մոռանում են» համեմատել ոլորտներին բյուջեից հատկացված գումարները. Վրաստանում՝ 8 մլն դոլար, Հայաստանում պակաս քան 400 հազար դոլար: Այս տարվա համար էլ տուրիզմի կոմիտեին հատկացրել են ընդամենը  200 հազար դոլար:

Այս տրամաբանությամբ ու մոտեցումներով, նրա երջանիկ երկրի տեսլականը սկսում է նմանվել  ժամանակին կոմունիստների խոստումներին, թե ինչպիսի երջանիկ կյանք է սպասվում մեզ  կոմունիզմի ժամանակ:

Today's most read news !
  • Իմ կյանքն ինձ ապացուցել է, որ ոչինչ չպետք է բացառել. Մարիամ Ադամյան
  • Սոնա Շահգելդյանը ապրիլ ամսին կդադարեցնի գործունեությունը
  • Վաղը կանցկացվի երթ՝ ԿԸՀ-ից ՀՀԿ-ի գրանցումը չեղյալ հայտարարելու պահանջով
  • Լեոնիդ Ագուտինը Երեւանում է
  • Թողնել «լոլո»-գիան, անցնել սոցիոլոգիայի
  • Սխալ ազդակներ հասարակությանը
  • Մարզպետները վիրավորական չեն համարում վարչապետի կրթվելու կոչը
  • Պետք էր ճշգրտությունը «պաշտել», ոչ թե հաշվարկը
Comments

Name: