«Դեղին քարտ» Հովիկ Աբրահամյանին

Հովիկ Աբրահամյանի հորեղբոր որդին՝ Արսեն Աբրահամյանը, հեռացել է Արմավիրի ոստիկանապետի պաշտոնից: Նրա հեռացումը փաստորեն հաջորդել է ՀՀԿ-ից Հովիկ Աբրահամյանի հեռանալուն՝ տալով այդ գործընթացին նոր երանգ:

Առաջին հարցը, որ առաջացնում է Արսեն Աբրահամյանի հեռացումը, բնականաբար, Աբրահամյանի այլ հարազատների և ընդհանրապես նրա կադրերի ճակատագիրն է իշխանության տարբեր պաշտոններում, որ նրանք զբաղեցնում են և՛ ՏԻՄ մակարդակում, և՛ կենտրոնական կառավարման համակարգի տարբեր ստորաբաժանումներում: Արսեն Աբրահամյանին հետևելո՞ւ են արդյոք Հովիկ Աբրահամյանի մյուս մերձավորներն ու վստահելիները: Եվ այդ գործընթացը արդյո՞ք նշանակում է Աբրահամյանի նկատմամբ պատժամիջոցի կիրառում: Նշանակո՞ւմ է դա արդյոք, որ Սերժ Սարգսյանը տագնապել է Աբրահամյանի հեռանալով և, օրինակ, «Ծառուկյան» դաշինքին կամ «Օհանյան» դաշինքին միանալու հեռանկարով, ինչից էլ փորձում է հետ պահել Աբրահամյանին՝ զրկելով նրան ներիշխանական ռեսուրսից:

Իսկ միգուցե բանն ընդամենը անվստահությունն է, և Սարգսյանը կասկածում է, որ հեռանալով՝ Աբրահամյանը կարող է պարզապես սաբոտաժի ենթարկել կառավարման համակարգը նախընտրական շրջանում: Մասնավորապես, Արմավիրի ոստիկանապետի պաշտոնն, իհարկե, ոստիկանության կարևոր պաշտոններից, դիրքերից մեկն է: Իսկ ոստիկանությունը նախընտրական շրջանում ունենալու է առանցքային դերակատարություն, ինչի մասին օրեր առաջ ոստիկանության ղեկավարությանը հավաքել և ասում էր ոստիկանապետ Վովա Գասպարյանը՝ հայտարարելով, թե ոստիկանությունը պետք է ընտրական գործընթացում աշխատի անթերի:

Սրան զուգահեռ, ակնհայտ է, որ իրավապահ համակարգը, այդ թվում՝ ոստիկանությունը, ըստ էության ներկայումս Սերժ Սարգսյանի միակ հուսալի քաղաքական հենարանն է:

Այդպիսով՝ այստեղ սաբոտաժի ռիսկերը կարող են, իհարկե, լինել բավական խնդրահարույց, և չի բացառվում, որ տվյալ պարագայում Սերժ Սարգսյանը ոչ թե տոտալ հետապնդման է ենթարկում Աբրահամյանին, պատժում նրան կամ նախազգուշացնում որևէ մեկին միանալուց, այլ պարզապես ինքն իրեն ապահովագրում է անցանկալի սաբոտաժներից:

Սրան զուգահեռ, առկա է երևի թե մեկ այլ ուշագրավ հանգամանք: Հովիկ Աբրահամյանի հեռացումից հետո ինտենսիվ խոսակցություններ են շրջանառվում այն մասին, որ նրան կարող են հետևել ՀՀԿ օլիգարխիկ թևի մի շարք ներկայացուցիչներ: Ավելին՝ իր հեռանալու մասին ֆեյսբուքյան գրառումով Հովիկ Աբրահամյանը ըստ էության փորձեց ինչ-որ իմաստով տագնապ գցել ՀՀԿ ներկայիս մեծամասնության շրջանում՝ ազդարարելով, թե թիմին վտանգ է սպառնում: Դրա մասին էր վկայում նրա հայտարարությունը, որ իր համար միշտ թանկ է եղել թիմի և դրա յուրաքանչյուր անդամի արժանապատվությունն ու պաշտպանվածությունը:

Այսպիսով՝ Հովիկ Աբրահամյանը փորձեց իրենից հետո որոշակի տրամադրություններ սերմանել ՀՀԿ ներսում, Սերժ Սարգսյանի հանդեպ անվստահություն առաջացնել կամ խորացնել, ինչն էլ թերևս արժանանում է Սերժ Սարգսյանի պատասխանին, և իշխանությունից հեռացվում են Հովիկ Աբրահամյանի մերձավորները կամ, որպես «դեղին քարտ», նրանցից առաջինը, որպեսզի Հովիկ Աբրահամյանը չշարունակի «անվստահության» տարածումը կամ խորացումը ՀՀԿ «թիմում», իսկ «թիմն» էլ մտածի, որ այդ տրամադրություններին տրվելու դեպքում կարող է հայտնվել թիրախում:

Today's most read news !
  • Տաթևիկի ամուսինը ներկա է եղել նրա ծննդյան խնջույքին. Մենեջերը՝ Տաթևիկ Ադումյանի ամուսնալուծության լուրերի մասին
  • Լիկա Սալմանյանի 21-ամյակի երեկույթն ու սիրելիի անակնկալը
  • Ինչպես է անցել Աննա Դովլաթյանի ծննդյան խնջույքը
  • Արմավիրցի 26-ամյա տղամարդը տանուլ տված 80 հազարը «հետ բերելու» համար օղու շշով հարվածել է գյուղի խանութի վաճառողուհու գլխին
  • Սիլվա Հակոբյանի հայրիկը՝ երգչուհու ամուսնության ու աշխատանքային ծրագրերի մասին
  • Մեր դուստրն իր ներկայությամբ բոլորին հանգստություն է պարգեւում. Գայանե Հովհաննիսյանն՝ իր ու Ռոլանդ Գասպարյանի փոքրիկի մասին
  • «Պաշարվածները». նոր փաստավավերագրական ֆիլմ՝ 91-92թթ. սովի ու հրի մատնված Ստեփանակերտի մասին
  • Արցախը ոչ թե կարող է, այլ պարտավո՛ր է «Իսկանդերով» հարվածել. Նորատ Տեր-Գրիգորյանց
Comments
Loading...