Ծառուկյանի համար պատրաստվող ծուղակը

Հովիկ Աբրահամյանի՝ ՀՀԿ-ից հեռանալուց հետո ակտիվացան գնահատականներն ու կանխատեսումները այն մասին, որ նրանից հետո ՀՀԿ-ն լքելու է, այսպես ասած, քրեաօլիգարխիկ սեգմենտը, դրա կարկառուն ներկայացուցիչները, որոնք կհանգրվանեն «Ծառուկյան» դաշինքում և այդպես կհայտնվեն խորհրդարանում: «Ծառուկյան» դաշինքում դեռևս չի հանգրվանել նույնիսկ Հովիկ Աբրահամյանը: Ավելին, տեղեկություններ են տարածվել, որոնք չեն հերքվել, որ Գագիկ Ծառուկյանը մերժել է այդ հեռանկարի մասին նրա առաջարկը:

Ինչ խոսք, անկասկած է, որ Հայաստանի իշխող համակարգը, Սերժ Սարգսյանը անկարող են հրաժարվել օլիգարխիայի ծառայություններից, քրեական տարրերի ծառայություններից: Եվ եթե զուտ մարտավարական նկատառումներով այդ սեգմենտը ցանկալի չէ ցուցակում ներգրավվելու հարցում, այնուհանդերձ՝ արդյունք ստանալու հարցում դրա կարևորությունը մեծ է:

Մյուս կողմից, սակայն, եթե ՀՀԿ-ի համար այդ սեգմենտը անցանկալի է որպես ցուցակ, ապա դա առավել անցանկալի պետք է լինի Ծառուկյանի համար: Որովհետև եթե նա վերադառնում է, որպեսզի ապահովի քրեաօլիգարխիկ սեգմենտի մուտքը խորհրդարան՝ այսպես ասած, մաքուր ձեռնոցներ ապահովելով ՀՀԿ-ի համար, բայց «կեղտոտելով» իր ձեռքերը, ապա Ծառուկյանը կհայտնվի, մեղմ ասած, առավել աննախանձելի վիճակում, քան 2015 թվականի փետրվարին: Եվ ոչ միայն Ծառուկյանը, այլև գործնականում որևէ ուժ, որը կապահովի ՀՀԿ-ից հեռացող կամ հեռանալիք սեգմենտի մուտքը խորհրդարան: Դա չափազանց նկատելի հետևանք է, և տարակուսելի կլինի, եթե Ծառուկյանը գնա այդ ռիսկին:

Ի վերջո, հարց է առաջ գալիս՝ ինչո՞ւ է վերադառնում Ծառուկյանը: Եթե Սերժ Սարգսյանը նրան վերադարձրել է՝ այս կամ այն կերպ, ուղղակի, թե անուղղակի, որպեսզի լուծի ՀՀԿ-ից դուրս մղված շերտերին խորհրդարանում պահելու և այդպիսով ներիշխանական կայունությունը ապահովելու հարցը, ապա այդ դեպքում արդեն Գագիկ Ծառուկյանը հայտնվում է շատ ավելի խոցելի վիճակում, քան այն ժամանակ, երբ նա հեռացվեց քաղաքականությունից:

Բանն այն է, որ այդ հանգամանքը վերջնականապես փլուզելու է Գագիկ Ծառուկյանի գործոնի առանցքային հիմքը՝ ազդեցութունը լյումպենի վրա, որը Հայաստանում դեռևս կազմում է և երկար ժամանակ կկազմի բավական շոշափելի ընտրազանգված: Զրկվելով դրանից՝ Գագիկ Ծառուկյանն էապես կթուլացնի իր դիրքերը իշխանության հետ հարաբերություններում, և նրա ունեցվածքը այլևս չի ունենա նախկին ՕԳԳ-ն: Ընդ որում, չի բացառվում, որ նկատի ունենալով հենց այդ հանգամանքը՝ Սերժ Սարգսյանը առաջարկի Ծառուկյանին «ապաստան» տալ ՀՀԿ-ից հեռացողներին: Դա կլինի Ծառուկյանի ծուղակը: Այս անգամ վերջին և անշրջելի ծուղակը:

Ավելի հավանական է, որ Ծառուկյանի վերադարձը պայմանավորված է իշխանության վերաձևման ներկայիս փուլում սեփական անվտանգության և անձեռնմխելիության երաշխիքների մոտիվացիայով, քանի որ իշխանությունը ներկայումս ակնհայտորեն գտնվում է բավականին անորոշ ժամանակահատվածում, և հստակ չէ, թե ինչ ելքով է ավարտվելու 2017-18 փուլը: Այդ պարագայում առավել ևս Ծառուկյանը պետք է հնարավորինս հեռու մնա ծուղակից, այսինքն՝ ՀՀԿ-ից հեռացողների «հանգրվանի վերածվելուց»:

Բանն այն չէ, որ Ծառուկյանն ինքը լիովին մաքուր դաշինք է կազմելու, իսկ ՀՀԿ-ից հեռացողները այն բծեր կառաջացնեն: Ավելին՝ բացառված չէ նույնիսկ, որ «Ծառուկյան» դաշինքում գտնվեն անձինք, և թերևս կան այդպիսիք, որ նրանց համեմատ հեռացող ՀՀԿ-ականները լինեն ոչ թե բիծ, այլ ընդամենը փոքրիկ կետ, գոնե որոշների իմաստով: Խնդիրը, սակայն, ամենևին դա չէ, այլ ընդհանուր հանրային ընկալումը և ներքին զարգացումների տրամաբանությունը, որն անվտանգության փոխարեն՝ կմերկացնի Ծառուկյանին բոլոր կողմերից կամ կշրջափակի՝ չթողնելով որևէ ելք:

Today's most read news !
  • Իմ կյանքն ինձ ապացուցել է, որ ոչինչ չպետք է բացառել. Մարիամ Ադամյան
  • Սոնա Շահգելդյանը ապրիլ ամսին կդադարեցնի գործունեությունը
  • Վաղը կանցկացվի երթ՝ ԿԸՀ-ից ՀՀԿ-ի գրանցումը չեղյալ հայտարարելու պահանջով
  • Լեոնիդ Ագուտինը Երեւանում է
  • Թողնել «լոլո»-գիան, անցնել սոցիոլոգիայի
  • Սխալ ազդակներ հասարակությանը
  • Մարզպետները վիրավորական չեն համարում վարչապետի կրթվելու կոչը
  • Պետք էր ճշգրտությունը «պաշտել», ոչ թե հաշվարկը
Comments

Name: