Դեսանտ Կարեն Կարապետյանի համար

Այսօր երեկոյան տեղի է ունենալու ՀՀԿ խորհրդի նիստ, որի ընթացքում ամենայն հավանականությամբ կձևավորվի նոր խորհուրդը, կուսակցական նոր ղեկավար համակարգը և այդ թվում նաև հավանաբար կլուծվի Կարեն Կարապետյանի կուսակցության նախագահի առաջին տեղակալ նշանակելու հարցը, որի մասին խոսվում է ՀՀԿ նոյեմբերի համագումարից ի վեր, սակայն առ այսօր չի դառնում իրականություն: Այդ հարցը ներկուսակցական և ներիշխանական բուռն քննարկումների առարկա էր, որի հանգուցալուծումը, սակայն, կարծես թե տեղի է ունեցել Մոսկվայում, ուր հունվարի 24-ին այցելել էր Կարեն Կարապետյանը պաշտոնական այցով:

Բանն այն է, որ երեկ հայտարարությամբ են հանդես եկել Ռուսաստանի հայ ձեռնարկատերերն ու գործարարները, որոնք պատրաստակամություն են հայտնել իրենց ներդրումներով մասնակցել նոր կառավարության տնտեսական ծրագրերին: Թեև ձեռնարկատերերը տվել են նաև Սերժ Սարգսյանի անունը, սակայն ակնհայտ է, որ դա ընդամենը ավելորդ սուր անկյուններ թույլ չտալու համար է, իսկ իրականում աջակցությունը եղել է Կարեն Կարապետյանին: Եվ ի դեմս տնտեսական ներդրումների պատրաստակամության, այստեղ, իհարկե առաջին հերթին խոսքը քաղաքական աջակցության մասին է, քանի որ տնտեսական արդյունքները Կարեն Կարապետյանի քաղաքական ճակատագրի գրավականն են կամ աքիլեսյան գարշապարը: Խնդիրն այն է, որ իշխանությունը պահելու հարցում Սերժ Սարգսյանը Կարեն Կարապետյան վարչապետից էլ ազատվելու համար պետք է օգտագործի նրա կառավարության անարդյունավետությունը, ցանկալի արդյունքի բացակայությունը:

Ըստ այդմ, Կարեն Կարապետյանին պետք են ներդրումներ, և Ռուսաստանի հայ ձեռնարկատերերի հայտարարությունը կարծես թե լուծում է այս խնդիրը: Երեկ տնտեսական ներդրումները ավելացնելու մասին հայտարարել է նաև Ռուսաստանի և աշխարհի ամենահարուստ հայը՝ Սամվել Կարապետյանը: Բացառված չէ, որ մնացյալ ձեռնարկատերերի հայտարարությունն էլ ըստ էության արվում է Կարապետյանի նախաձեռնությամբ, այսինքն՝ մյուսները հետևում են կամ նրա օրինակին, կամ հորդորին, կամ պարզապես ցուցումին:

Բացառված չէ նաև, որ այս ամենի համար դեր է խաղացել Ռուսաստանի իշխանության վերաբերմունքը, և Կարեն Կարապետյանը այս հարցը Մեդվեդևի հետ հանդիպումով ճշտելուց հետո, համապատասխան տեղեկություններն է փոխանցել ռուսաստանահայ գործարարներին, որոնք էլ դրանցում տեսել են որոշակի ազդակներ: Բոլոր դեպքերում, միով բանիվ, հնչածն իհարկե քաղաքական հայտարարություն է, որը սակայն շատ արագ կարող է կորցնել կշիռը, տնտեսական կոնկրետ նախագծերի չվերածվելու դեպքում: Բացառված չէ, որ այդ հայտարարությամբ Կարեն Կարապետյանը փորձում է պարզապես ժամանակ շահել, միաժամանակ դրա ընթացքում փորձել ձեռք բերել դիրքային առավելություն իշխանության մեջ, առավել ևս, որ ՀՀԿ-ում այդ տեղն ազատվել է Հովիկ Աբրահամյանի լիովին հեռանալուց հետո: Այլ կերպ ասած՝ բոլորովին բացառված չէ, որ խոսքը գուցե միայն բլեֆի մասին է, առավել ևս, որ Ռուսաստանի հայ ձեռնարկատերերի և գործարարների հայտարարությունը կարծես թե անվանական չէ, այսինքն՝ այդքան էլ պարզ չէ, թե ովքեր են միանում այդ հայտարարությանը, և միաժամանակ պարզ չէ նաև որևէ չափիչ սանդղակ, այսինքն թվային որևէ պատկեր, որը թույլ կտա չափել հայտարարությունը հետագա ընթացքում, ձևակերպված չեն նպատակները, ի վերջո մասնակցություն կարող է լինել մեկ միավորը, որը սակայն չլինի բավարար էական արդյունքներ արձանագրելու համար:

Այսուհանդերձ, ակնհայտ է, որ Հայաստանի ներիշխանական վերադասավորումների գործընթացում Կարեն Կարապետյանը ստանում է ծանրակշիռ աջակցություն, թեև ստանում է այդ աջակցությունը Ռուսաստանից, այսպես ասած՝ «դրսից տղա բերելու» տարբերակով, թեև եկողները իհարկե «հայ տղաներ» են: Սակայն այս տեսանկյունից խիստ ուշագրավ էր երեկ Հովիկ Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը ՀՀԿ-ից հեռանալու վերաբերյալ, որտեղ հույս էր հայտնում, որ իրենից հետո եկող նորերը կլինեն նույնքան հայրենասեր և պետականամետ:

Իհարկե մեծ հարց է, թե որքանով էր պետականամետ և հայրենասեր ինքը՝ Հովիկ Աբրահամյանը, սակայն տվյալ դեպքում խիստ ուշագրավ է ակնարկն այն մասին, որ գալիս են ոչ «հայրենասերներ և պետականամետներ», որում շոշափվում է հենց դրսից եկողների ակնարկը:

Today's most read news !
  • Կարեն Կարապետյանի պատասխանը Սերժ Սարգսյանին
  • Անձի երկվություն. Սերժ Սարգսյանի անբուժելի հիվանդությունը
  • Մարմնավաճառները գաղութում «տեսակցելու» էին Լեդի Հակոբի եղբորորդուն ու ընկերներին. 2 աշխատակից դատապարտվեց
  • Էմիլ Գալստյանը` «Քարե դարդ»-ն այլևս չհեռարձակելու լուրերի մասին
  • Վաղուց շատ լավ եմ ինձ զգում, ոչ մի խնդիր այլևս չկա. Գոռ Սուջյանն՝ իր առողջականի մասին
  • Արթնանում եմ առավոտյան 07:00-ին, որպեսզի համապատասխան տեսք ունենամ. Մհեր Խաչատրյանը՝ աշխատանքի և «Դոմինո»-ում նկարահանվելու մասին
  • Նոր մանրամասներ՝ Քիմ Քարդաշյանի վրա կատարված հարձակումից
  • Քանյե Ուեսթը բժիշկների խորհրդով է բաց թողել Գրեմմին
Comments