Սերժ Սարգսյանի և Հովիկ Աբրահամյանի «վարդավառը»

Սերժ Սարգսյանն ու Հովիկ Աբրահամյանը «ջրոցի» են սկսել հունվարյան ցրտին: Հովիկ Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում պատասխանել է նախօրեին Սերժ Սարգսյանի արած հայտարարությանը, որ հնչել էր ՀՀԿ խորհրդի նիստում: Սերժ Սարգսյանը խոսելով կուսակցությունից հեռացողների մասին՝ հայտարարել էր, թե «մայր գետից» բաժանվող վտակները չորանում են, եթե հեռանալուց հետո նորից չեն միանում գետին: Եվ ահա Հովիկ Աբրահամյանն էլ արձագանքել է Սերժ Սարգսյանին՝ հայտարարելով, որ «մայր գետերը ոչ այլ ինչ են, քան ինքնամոռաց առվակների միավորում: Բայց ինչ-որ պահից գետ լցվող տեխնոլոգիական գործարանի խառնուրդային ջրերը կմխտռեն ողջ մայր հունը, անպիտան կդառնա ամբողջը: Միգուցե մինչ այդ պոկված՝ դեռ սեփական հողի հոտը կրող առվակները, մինչև ոչնչանալը, հասցնե՞ն գոնե մեկ-երկու բնակավայրի կյանք պարգևել»:

Թեև Հովիկ Աբրահամյանը արձագանքում է Սերժ Սարգսյանին, պատասխանում նրան, սակայն պատասխանի թիրախում ակնհայտորեն ավելի շատ վարչապետ Կարեն Կարապետյանն է, և Հովիկ Աբրահամյանը ըստ էության հերթական՝ արդեն երկրորդ անգամ ակնարկում է այն մասին, որ ՀՀԿ-ում իրեն փոխարինում են «օտար» ուժեր: Եվ եթե ՀՀԿ-ից դուրս գալու վերաբերյալ իր ֆեյսբուքյան գրառման մեջ Աբրահամյանը խոսել էր այն մասին, թե հույս ունի, որ նորերը կլինեն իր նման հայրենասեր և պետականամետ, ապա այժմ Աբրահամյանը ավելի կոշտ է բնորոշում՝ օգտագործելով գործարանային խառնուրդ ջրեր ձևակերպումը, որոնք, ըստ նրա, անպիտան կդարձնեն ամբողջ գետը:

Այս տեսանկյունից ստեղծվում է իսկապես հետաքրքիր իրավիճակ, և առաջին հայացքից Սերժ Սարգսյան և Հովիկ Աբրահամյան «ծովամարտը» իրականում բավական նուրբ սլաքներով թիրախավորում է հենց Կարեն Կարապետյանին: Ընդ որում, բավականին հետաքրքրական է շեշտադրումը, որով պարբերաբար ընդգծվում է նրա «օտար» լինելու հանգամանքը:

Դժվար է պատկերացնել, որ Սերժ Սարգսյանն ու Հովիկ Աբրահամյանը նստել ու պայմանավորվել են այս խաղի շուրջ՝ այդպիսով անընդհատ հոգեբանական հարվածներ հասցնելով Կարեն Կարապետյանին, սակայն որ երկուսի շահերը այս առումով համընկնում են՝ գործնականում կասկածից վեր է:

Մյուս կողմից՝ ակնհայտ է նաև, որ Հովիկ Աբրահամյանը ՀՀԿ-ից հեռանալուց հետո բավական ինտենսիվ կերպով փորձում է իր հետևից կուսակցությունից դուրս բերել առնվազն մի որոշ խումբ գործիչների, այլապես, առանց դրա, Աբրահամյանը ավելի շատ կհիշեցնի կուսակցության «իզգոյի», և նրա հետհանրապետական դիրքերը, մեղմ ասած, կլինեն շատ թույլ:

Սերժ Սարգսյանը ՀՀԿ խորհրդի նիստում ըստ էության զգուշացնում էր հենց այն հեռանկարից, որ կարող է սպառնալ Հովիկ Աբրահամյանի հետ հեռացող «առվակներին»: Ի դեպ, ՀՀԿ խորհրդի նիստից առաջ էլ տեղեկություն եղավ, որ պաշտոնից հեռացել է Արմավիրի ոստիկանապետը, որը Հովիկ Աբրահամյանի հորեղբոր որդին է:

Today's most read news !
  • Երկու թևերի որոշակիացող պայքարը. ինչ է սպասվում հանրությանը
  • Եղբորս մահը երբեք չեմ օգտագործել ինձ PR անելու համար. Գուրգեն Դաբաղյան
  • Ռոբսոն, Դոն Պիպո․Ռուսաստանի հանցագործ աշխարհի հայ ներկայացուցիչներն աջակցում են Կարեն Կարապետյանին
  • «Չեյնջ 2»-ը «Արմենիա Պրեմիում»-ի եթերում կցուցադրվի ապրիլի 4-ից
  • Իմ և ամուսնուս խոսակցություններն երբեմն այնքան բուռն են լինում, որ ասում եմ` վերջ. Զառա Սահակյան
  • Շառլ Ազնավուրը բացահայտել է իր բնավորության գլխավոր հայկական գիծը
  • Վաչե Թովմասյանը` իր և Կարեն Բաբաջյանյանի միջև եղած խնդիրների և չշփվելու մասին
  • Քիմ Քարդաշյանը ցանկանում է ևս մեկ երեխա ունենալ
Comments

Name: