Ի՞նչ քայլեր կձեռնարկի Թրամփը Թուրքիայի և Հայաստանի ուղղությամբ

Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլզը հունվարի 24-ին մասնակցել է հայ և թուրք նկարիչների՝ Երևանում կազմակերպված համատեղ ցուցահանդեսին, որի ընթացքում զրուցել է լրագրողների հետ՝ հայտարարելով, որ Միացյալ Նահանգները ձգտում է Հայաստանի և Թուրքիայի հաշտեցմանը:

«Մենք միշտ հստակ նշել ենք, որ հաշտեցման համար անհրաժեշտ է, որ լինի ամբողջական, լիարժեք, ճանաչում 100 տարի առաջ տեղի ունեցած իրադարձություններին: Միացյալ Նահանգները ցանկանում է, որ Հայաստանի և Թուրքիայի միջև հաշտեցում լինի, դա բխում է տարածաշրջանի, Կովկասի շահերից, դա այն է, ինչը կբերի խաղաղություն և կայունություն տարածաշրջանում»,- ասել է դեսպանը:

Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է թուրքագետ Գևորգ Պետրոսյանը:

- ԱՄՆ դեսպանի այս հայտարարությունը մի քիչ հնացած մոտեցում չէ՞ այսօր: Դեսպանը կրկնում է այն դիրքորոշումը, որ ուներ նախորդ նախագահի վարչակա՞զմը:

- Դա ընդհանրապես Միացյալ Նահանգների ընդհանուր քաղաքականությունն է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների տեսանկյունից: Ինչպես նախկինում, այնպես էլ ներկայում Միացյալ Նահանգները հայտարարությունների մակարդակով միշտ ընդգծել է, որ աջակցում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը: Այստեղ որևէ փոփոխություն չկա, ընդ որում՝ դեսպանը նաև հստակ նշել է, որ դեռևս վաղ է խոսել ինչ-որ նոր գործընթացների մասին, քանի որ Թրամփի վարչակազմը դեռ նոր է ստանձնում իր պարտականությունները, նոր է անցել արտաքին քաղաքականությունում իր հայեցակարգի փոփոխությունների կատարմանը: Նա նաև նշել է, որ Թրամփը նախընտրական քարոզարշավի ժամանակ չի անդրադարձել այդ թեմային: Ուստի կարելի է ասել, որ հնչեցրել է նախկինում էլ հայտնի ամերիկյան դիրքորոշումը առ այն, որ հայ-թուրքական հարաբերությունները պետք է կարգավորվեն: Թե արդեն ի՞նչ մարտավարություն է պետք օգտագործել, ի՞նչ քաղաքականություն պետք է կիրառել, այդ առումով որևէ գնահատական չտեսա, ինչը հենց դեսպանն ինքը պատճառաբանեց այն հանգամանքով, որ դեռ վաղ է: Արդեն պարզ է, որ եկել է նոր նախագահ, նոր քաղաքական փոփոխություններ, որոնք դեռևս հստակեցված չեն:

- Ներկա իրավիճակում իրատեսակա՞ն է ընդհանրապես խոսել Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման մասին՝ հաշվի առնելով ներքին անկայունությունը Թուրքիայում, Թուրքիայի նախապայմանը Ղարաբաղի հարցում և այլն:

- Նախ, մենք պիտի հստակ տարանջատենք հայ-թուրքական քաղաքական հարաբերությունները, տնտեսական և այլ հարաբերությունները: Մենք խոսում ենք քաղաքական հարաբերությունների մասին, որոնք վերջին տարիներին, հատկապես 2016-ին հետընթաց ապրեցին: Առաջինը Ապրիլյան պատերազմում Թուրքիայի դիրքորոշումն էր, հետագայում Հայաստանի կողմից հնչեցված հայտարարությունները, Ստամբուլում հայ պատգամավորների հայտարարությունները, այնպես որ նախորդ տարին հետընթաց էր քաղաքական հարաբերությունների տեսանկյունից: Բայց եթե նայենք Հայաստանի ազգային վիճակագրական ծառայության տվյալներին, ապա Հայաստան-Թուրքիա տնտեսական հարաբերությունները, կարծես թե, տարեց տարի ապրանքաշրջանառության շարունակական աճ են գրանցում, ընդ որում ավելի շատ, բնականաբար, Թուրքիայից Հայաստան ուղղությամբ:

Միևնույն ժամանակ քաղաքացիական հասարակության մի շարք նախաձեռնություններ ևս փորձում են զարգացնել հայ-թուրքական հարաբերությունները հասարակությունների մակարդակով: Ուստի, եթե խոսում ենք պետական մակարդակով երկխոսությունից, քաղաքական հարաբերություններից, իհարկե, ցյուրիխյան արձանագրությունները և դրանց հաջորդած գործընթացներն իրենց սպառել են, և որակապես նոր գործընթաց է պետք՝ հետագայում Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման մասին ավելի պարզ ու հստակ խոսելու համար:

- ԱՄՆ նորընտիր նախագահի օրոք ի՞նչ փոփոխություններ կարող ենք ակնկալել ամերիկյան քաղաքականության մեջ Թուրքիայի ուղղությամբ, հայ-թուրքական հարաբերությունների մասով:

- Սպասումները այդ առումով դեռևս չեմ հստակեցրել, որովհետև պետք են որոշակի քայլեր, ժեստեր, որպեսզի ավելի ընկալելի լինի, թե ինչ է պատրաստվում կոնկրետ անել Թրամփը տարածաշրջանում թուրք-ամերիկյան հարաբերությունների տեսանկյունից: Նույն սպասողական իրավիճակը նաև Թուրքիայում է, և շատ բան կախված է այն հանգամանքից, թե ինչպիսին կլինի Թրամփի և իր թիմի քաղաքականությունը, որից հետո հնարավոր կլինի մեկնաբանել հետագա քայլերը: Ներկայումս, կարծում եմ, հենց թուրք-ամերիկյան հարաբերություններում սպասողական իրավիճակ է: Թուրքիան սպասում է Միացյալ Նահանգների կողմից քայլերի, որին արդեն կհաջորդեն հետագա զարգացումները:

Օբամայի կառավարման շրջանում Թուրքիա-Միացյալ Նահանգներ հարաբերությունները, կարելի է ասել, ամենավատթար վիճակում էին վերջին տասնամյակների կտրվածքով, և Թուրքիայում էլ կար չափավոր լավատեսություն, որ Թրամփի վարչակազմը հնարավոր է՝ փոփոխությունների գնա, և դրական տեղաշարժ լինի թուրք-ամերիկյան հարաբերություններում: Այսպիսի սպասումներ Թուրքիայում կան, բայց կրկնեմ՝ դրանք չափավոր և զգուշավոր սպասումներ են: Այսպիսով, եթե փորձենք նախնական կանխատեսում անել, սպասելի է, որ թուրք-ամերիկյան հարաբերություններում որոշակի դրական տեղաշարժ կլինի՝ հաշվի առնելով ներկայիս վիճակը և Թուրքիայի կարևորությունը Միացյալ Նահանգների համար:

Today's most read news !
  • Իմ կյանքն ինձ ապացուցել է, որ ոչինչ չպետք է բացառել. Մարիամ Ադամյան
  • Սոնա Շահգելդյանը ապրիլ ամսին կդադարեցնի գործունեությունը
  • Վաղը կանցկացվի երթ՝ ԿԸՀ-ից ՀՀԿ-ի գրանցումը չեղյալ հայտարարելու պահանջով
  • Լեոնիդ Ագուտինը Երեւանում է
  • Թողնել «լոլո»-գիան, անցնել սոցիոլոգիայի
  • Սխալ ազդակներ հասարակությանը
  • Մարզպետները վիրավորական չեն համարում վարչապետի կրթվելու կոչը
  • Պետք էր ճշգրտությունը «պաշտել», ոչ թե հաշվարկը
Comments

Name: