Խոշոր պատասխան իշխանությանը

2017 թվականի խորհրդարանի ընտրությունն իր մեջ դրականության որոշակի նշույլ կամ նմուշ, այդուհանդերձ, պարունակում է: Նկատելի է քաղաքական դաշտի խոշորացման գործընթաց, միտում: Որակական հատկանիշներ այդ միտումը չի ցուցաբերում, հետևաբար դրականության վերաբերյալ գնահատականը, իհարկե, հարաբերական է: Բայց, այդուհանդերձ, միտումն իհարկե չարյաց փոքրագույնն է, որ կարող էր լինել Հայաստանի քաղաքական զարգացումներում: Իհարկե դրանից հետո որակական հնարավոր էֆեկտի մասին խոսելն ու դատողություն անելը, մեղմ ասած՝ վաղ է, քանի որ խոշորացման միտումն ինքնին դեռևս հարաբերական է, նոր սաղմնավորվող և պարզ չէ, թե այն ինչ ընթացք կստանա, ինչքան կյանք կունենան այն դաշինքները, որոնք կազմվում են նախընտրական շրջանում: Բայց հատկանշական է, որ 2017 թվականի նախընտրական շրջանն այդ առումով առանձնանում է նախորդ շրջաններից և դաշինքային տրամաբանությունն այս դեպքում բացարձակ չէ, սակայն գերակա է:

Այն, որ քաղաքական դաշտի խոշորացումը իշխանության հորիզոնում է, ծրագրերի կամ մտադրությունների մաս, Սերժ Սարգսյանն ազդարարեց նոյեմբերի 26-ին ՀՀԿ համագումարի իր ելույթում, հայտարարելով, որ պետք է հստակեցնել ընդդիմություն և իշխանություն հասկացությունները: Խոշորացման միջոցով իշխանությունը, իհարկե, ցանկանում է ձևավորել իր համար կանխատեսելի երկբևեռ մի միջավայր, որի շրջանակում կհստակեցվեն խաղի նոր, այսպես ասած՝ կառավարելի ժողովրդավարական-մրցակցային կանոններ, որտեղ աստիճանաբար կարող է վերանալ ոչ միայն ընտրություն կեղծելու անհրաժեշտությունը, այլ նույնիսկ հավանական կարող է դառնալ իշխանափոխության տարբերակը, իհարկե, առայժմ խիստ տեսական հեռանկարում: Բայց խոշորացման իշխանական մտադրությունն ու ծրագրերը, անկասկած, հանգում են այդ ռազմավարությանը, որտեղ համակարգը կձևավորի նաև իր ընդդիմությունն ու այդպիսով կստանա առավել կայուն ու երկարատև, համապարփակ իշխանության հնարավորություն: Աներկբա է նաև, որ ներկայիս նախընտրական միտումներում այդ ռազմավարության տարր դիտարկվում են մի քանի ուժեր, որոնք այս կամ այն կերպ ուղղակի, թե անուղղակի ասոցացվում են իշխանության հետ: Խոսքը թե՛ Գագիկ Ծառուկյանի ներքո ձևավորվելիք դաշինքի մասին է, թե՛ Սեյրան Օհանյանի գլխավորելիք բևեռի, թե՛ «Հայկական վերածնունդ» կուսակցության, որը ևս ունի իշխանության հետ պայմանավորվելու հարուստ փորձ: Երկրորդ բևեռ լինելու հարցում պայմանավորվածության, առնվազն քննարկումների պատրաստակամություն իշխանությանը հայտնել է նաև ՀԱԿ նախագահ, առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը:

2017 թվականի ընտրությունը, իհարկե, երկրորդ բևեռի ընտրությունը չէ, իշխանությունը դեռևս չի գտնվում այն վիճակում, երբ կարող է իրեն թույլ տալ առավել հստակ քայլեր այդ ընտրության ուղղությամբ, քանի որ ներկայումս կա վերարտադրության պարզ խնդիր: Սակայն 2017 թվականը նաև անցումային գործընթաց է, և առաջիկա հնգամյակի գլխավոր ներքաղաքական «թրենդը» թերևս լինելու է հենց երկրորդ ուժի հստակեցման, որոշակիացման հարցը: Այս տեսանկյունից իշխանությունը գուցե կփորձի 2017 թվականի նախընտրական գործընթացում իր համար որոշակիացնել հիմնական, նախընտրելի հավակնորդների շրջանակը: Ինչ ունի իշխանության այդ ծրագրերին և մտադրություններին հակադրելու հասարակությունը: Այս դաշտում էլ հստակ է մի բան, որ հանրությունը չի կարող մրցունակ լինել առանց խոշորացման: Տվյալ պարագայում խնդիրն այն է, թե որակական առումով այդ խոշորացումը որքանով կլինի առավել կենսունակ: Առավել կենսունակ ոչ թե իշխանության, այլ հենց հանրային դաշտում նախորդ, ավելի փոքր ֆորմատների համեմատ: Այսինքն՝ հասարակության առաջ խնդիրը այս իրավիճակում զուտ պատասխան խոշորացումը չէ, հանրային ավելի փոքր ֆորմատների, կուսակցությունների կամ նախաձեռնությունների ֆիզիկական միավորումը չէ, եթե անգամ այդ միավորումները լինեն անկեղծորեն ամուր: Անկասկած է, որ դա խնդիր չի լուծի, երբ որակական, ինստիտուցիոնալ կայացածության մակարդակում հասարակությունը առաջ չանցնի իր իսկ ավելի փոքր ձևաչափերում արձանագրած արդյունքից, անգամ ամենահաջող և էֆեկտիվ օրինակներ արձանագրած արդյունքների համեմատությամբ: Այստեղ առաջընթացի անհրաժեշտությունը կենսական է և միայն դրանով կարող է պայմանավորված լինել իրապես հանրային բազայի վրա գործող ընդդիմության արդյունավետությունը և մրցունակությունը խոշորացման իշխանական «թրենդի» համեմատ:

Today's most read news !
  • «Հանրային լինել դեռ չի նշանակում հանդուրժել նման դրսևորում սեփական անձի նկատմամբ». Մերի Հակոբյան
  • Գուցե իմ ստացած դաստիարակությունն է պատճառը, որ հրաժարվում եմ բաց տեսարաններում նկարահանվել. Եվա Բաղդասարյան
  • Քիմ Քարդաշյանը կես միլիոն դոլար է ստանում Instagram-ում գովազդային մեկ հրապարակման համար
  • Առնվազն անբարոյականություն կլինի թերագնահատել ՀՀԿ-ի այս ցուցակը
  • Ուտել-խմելու պրոցեսը սիրում եմ, բայց այսօր ընկերական մթնոլորտում չեմ նշի ծննդյանս օրը. Մհեր Խաչատրյան
  • Հենրիխ Մխիթարյանը և Յուրա Մովսիսյանը միմյանց դեմ կխաղան
  • Կայացավ «Հաց բերողի» հոգեհանգստյան արարողությունը
  • Նա իր կյանքի արժեքը մեզ թողնելով՝ մեզ համար օրինակ դարձավ. Արսինե Խանջյանը՝ Հաց բերողի հոգեհանգստին
Comments

Name: