Սերժ Սարգսյանի վերջին պարտիան

Հանրապետական կուսակցության խորհուրդը նախօրեին տեղի ունեցած նիստի արդյունքում համալրվել է 35 նոր անդամներով՝ կուսակցության տարբեր ստորաբաժանումներից, ինչպես հայտնել է ՀՀԿ խոսնակը խորհրդի նիստից հետո: Այդ նիստի ամենաինտրիգային նշանակումը, անկասկած, Կարեն Կարապետյանի՝ կուսակցության նախագահի առաջին տեղակալի պաշտոնն է, որը նրան փաստորեն դարձնում է երկրորդ մարդը Սերժ Սարգսյանից հետո: Սակայն, այս զարգացումը ինքնին լինելով ինտրիգայինն ու հետաքրքրականը, այդպիսին դառնում է ընդհանրապես առավել լայն ներկուսակցական տեղաշարժերի շրջանակում, այդ թվում՝ խորհրդի նոր համալրումների: Եվ եթե հաշվի առնենք նաև այն, որ խորհրդից և կուսակցությունից հեռանում է Հովիկ Աբրահամյանը, ապա կարծես թե պարզ է դառնում, որ ՀՀԿ-ում տեղի է ունենում ստատուս-քվոյի էական փոփոխություն: Այլ հարց է, թե խորհրդի 35 նոր անդամները ինչ ներկապնակ են ներկայացնում, նրանք մեկ թևի կամ բևեռի ներկայացուցիչներ են, թե՞ տարբեր բևեռների, տարբեր համամասնությամբ: Սակայն հետաքրքրական է մեկ այլ հանգամանք էլ՝ ՀՀԿ-ում գործունեությունն է սկսում այսպես կոչված՝ Ավագների խորհուրդը՝ Գալուստ Սահակյանի գլխավորությամբ, որը կարծես թե դառնում է կուսակցության այսպես ասած՝ մեկ այլ իշխանության թև: Այդպիսով, փոխվում է ստատուս քվոն Խորհրդում, միևնույն ժամանակ առաջանում է Ավագների խորհուրդը, որը ենթադրաբար իր մեջ է պարփակելու ՀՀԿ-ի ներկայիս մեծամասնության էներգետիկան և ուժը, այդպիսով դառնալով նոր խորհրդի հակակշիռ: Այսինքն, Սերժ Սարգսյանը Կարեն Կարապետյանին տալով կուսակցության երկրորդ մարդու կարգավիճակ, միաժամանակ նաև նրան հակակշիռ է տեսնում Ավագների խորհուրդը, որն ինչ որ առումով քաղաքական մահակ է լինելու Կարեն Կարապետյանի գլխին:

Այս դասավորությունը և այդօրինակ կառավարման ոճը լիովին բնորոշ է Սերժ Սարգսյանին, որը իր նախագահության ողջ ընթաքում կառավարեց հենց տարբեր հակակշիռների կիրառումով, իշխանության տարբեր բևեռների ներքին հակասությունների վրա խաղալով: Իհարկե, առկա ռեսուրսային պայմաններում դա երևի թե Սարգսյանի միակ հնարավորությունն էր իրավիճակը վերահսկելի և կառավարելի պահելու համար: Սակայն այդ մարտավարությունն առավել հուսալի է այն դեպքում, երբ չկա նետվող ձեռնոց, այսինքն՝ երբ իշխանության որևէ թև չի գնում Սերժ Սարգսյանի դեմ առճակատման, այլ գնում է Սերժ Սարգսյանի մոտ՝ պաշտպանություն ակնկալելու, մյուս բևեռի կամ թևի հետ պայքարում, կամ որևէ խնդրում: Դա խաղ է հոգեբանության վրա, որում Սերժ Սարգսյանն իշխող համակարգում առայժմ գերազանցում է բոլորին: Եվ քանի դեռ նա գտնվում է այսպես ասած՝ գերազանցության ռեժիմում, Սարգսյանը փորձում է փոխել ՀՀԿ ներսում ստատուս-քվոն, ուժերի հարաբերակցությունը, հեռացնել ներկայիս մեծամասնությանը, քանի դեռ այն գտնվում է «պարտված» կամ «ենթակա» վիճակում, հոգեբանական ներգործության տակ, բայց միաժամանակ իրեն չդնել նոր մեծամասնությունից կախվածության մեջ, քանի որ այդ նոր մեծամասնությունն այնքան էլ իրենը չէ: Ի վերջո, պետք է հիշել, որ Կարեն Կարապետյանը, օրինակ, ՀՀԿ անդամ դարձավ 7 հազար գազպրոմականների և էլցանցականների ուղեկցությամբ: Ավելին, նշվում է նույնիսկ 11-12 հազար թիվը: Սա գուցե հարյուր հազարից ավելի անդամ ունեցող ՀՀԿ-ում այնքան էլ վճռորոշ տոկոս չի թվում, սակայն, երբ դիտարկենք համամասնության մեջ, ապա կուսակցության ամբողջ կազմում երևի թե չի գտնվի այդպիսի ծավալի «մեկ միավոր», որը ունի չափազանց հստակ հիերարխիկ վարչական կազմակերպում: Սրա օգնությամբ, սկսելով ներկայիս մեծամասնության աստիճանական, բայց այլևս երևի թե անշրջելի չեզոքացումը, Սերժ Սարգսյանն այդուհանդերձ դա չի անում կտրուկ, միանգամից՝ թույլ չտալով նոր համեմատական մեծամասնությանը անմիջապես դառնալ դրության տերը: Այլ կերպ ասած՝ ներկայումս ՀՀԿ-ն պահվում է զուտ խորհրդարանական ընտրությունների «գաղափարի» վրա: Միավորող այլ բան ՀՀԿ-ում ներկայումս գոյություն չունի և խախտված է կուսակցական հիերարխիայի ներքին տրամաբանությունը:

Այս իրավիճակում, ներքաղաքական դաշտում որևէ կենսունակ ուժի առկայության պարագայում ՀՀԿ-ի համար իշխանության կորուստը կդառնար անխուսափելի, կամ առնվազն մասսայական առնետավազքը, ինչի արդյունքում ի դեպ ձևավորվեց ներկայիս ՀՀԿ-ն 1998 թվականին: Բայց ներքաղաքական դաշտում չկա այդ ուժը, իսկ եղած այն ուժերն էլ, որոնք, թվում է, թե ունեն ՀՀԿ-ի հետ մրցակցության ռեսուրս, իրականում կապված են ՀՀԿ-ի հետ իշխանության ավելի քան երկու տասնամյակի ուժով, իսկ հակասահմանադրական համատեղ երկու տասնամյակը չափազանց մեծ ուժ է, դրա ազդեցությունից լիովին ազատվելու համար: Խնդիրն այն է, որ այս իրավիճակում, խորհրդարանական կառավարման մոդելը հանդիսանում է զսպող թավշյա մի նրբերանգ, որը էապես նվազեցնում է նաև իշխանական համակարգի ներսում թավշյա հեղաշրջումների հավանականությունը: Բանն այն է, որ այժմ կա դե ֆակտո ուժեղ նախագահ, ուժեղ լծակներով, բայց բավական է լինի այսպես ասած՝ իշխանափոխություն, այսինքն չլինի այդ նախագահը, և այլևս ապակենտրոն կառավարման մոդել է, որը առաջ է բերում հետագա քայլերի խնդիր, ինչն արգելակում է որևէ թավշյա հեղափոխության հեռանկար, համենայնդեպս ՀՀԿ շրջանակից դուրս: Մեծ հաշվով, Սերժ Սարգսյանն իշխանության խնդիրը տեղափոխել է հենց ՀՀԿ շրջանակ, և խորհրդարանի ընտրությունը առնվազն 2017 թվականին վերածվում է ընդամենը այդ խնդրի տեխնիկական սպասարկման:

Today's most read news !
  • Կարեն Կարապետյանի պատասխանը Սերժ Սարգսյանին
  • Անձի երկվություն. Սերժ Սարգսյանի անբուժելի հիվանդությունը
  • Մարմնավաճառները գաղութում «տեսակցելու» էին Լեդի Հակոբի եղբորորդուն ու ընկերներին. 2 աշխատակից դատապարտվեց
  • Էմիլ Գալստյանը` «Քարե դարդ»-ն այլևս չհեռարձակելու լուրերի մասին
  • Վաղուց շատ լավ եմ ինձ զգում, ոչ մի խնդիր այլևս չկա. Գոռ Սուջյանն՝ իր առողջականի մասին
  • Արթնանում եմ առավոտյան 07:00-ին, որպեսզի համապատասխան տեսք ունենամ. Մհեր Խաչատրյանը՝ աշխատանքի և «Դոմինո»-ում նկարահանվելու մասին
  • Նոր մանրամասներ՝ Քիմ Քարդաշյանի վրա կատարված հարձակումից
  • Քանյե Ուեսթը բժիշկների խորհրդով է բաց թողել Գրեմմին
Comments