Արարատի մարզում կան մարդիկ, ովքեր կարող են հակաուժ լինել Հովիկ Աբրահամյանին

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ՀԺԿ նախկին անդամ, Բելգիայում ապաստանած Գրիշա Վիրաբյանը։

 

-Պարոն Վիրաբյան, ինչպես եք գնահատում Հովիկ Աբրահամյանիդուրս գալը ՀՀԿ-ից, և արդյոք այս քայլից հետո Արարատումհետաքրքիր ընտրություններ կլինեն՝ հաշվի առնելով ՀովիկԱբրահամյանի ազդեցությունն այնտեղ։

Իհարկե կլինեն, որովհետև ես ունեմ ստույգ տեղեկատվություն, որ Հովիկ Աբրահամյանը լքում է կուսակցությունը ինչ-որ տեղ նաև ՀՀԿ-ի և անձամբ Սերժ Սարգսյանի հրահանգով։ Նրա քաղաքական մայրամուտը երևաց ՀՀԿ նիստից հետո, ՀՀ վարչապետի պաշտոնից հրաժարվելու պարագայում։ Հիմա նա ամեն ինչ անում է, որ վերադառնա 5 տարի և ավելի հետ, երբ իր շնորհիվ ԲՀԿ-ն կոալիցիա կազմեց ՀՀԿ-ի հետ, որից հետո ինքը մնաց որպես ԱԺ նախագահ, ապա վարչապետ։ Դա իր սցենարն էր, որ ՀՀԿ-ի և ԲՀԿ-ի միջև կարողացավ կապ ստեղծել, կոալիցիա կազմել, ու հիմա ուզում է կրկնել դա, դրա համար գնաց ԲՀԿ մտավ, որպեսզի հետագայում կարողանա ուժի դիրքերից խոսել ՀՀԿ-ի ու նախագահի հետ, որպեսզի ինքը մնա կապող ուժ երկու շատ ձայն հավաքած կուսակցությունների միջև։ Բայց նա իր քայլով ավելի մաքրեց ՀՀԿ-ն, իր հետ տանելով իր նման օլիգարխ կրիմինալներին, նկատի ունեմ նաև Թոխմախի Մհերին, որը նույնպես հեռանում է ՀՀԿ-ից։ Ես օրինակ ՀՀԿ-ի ցուցակը ոչնչով չեմ կարողանում տարբերել ասենք Սեյրան Օհանյանի, Վիկտոր Դալլաքյանի, Արթուր Բաղդասարյանի և մյուսների կազմած ցուցակներից։ ՀՀԿ-ն հանգիստ կարող է մասնակցել ընտրություններին նաև նախաձեռնությունը վերցնելով իր ձեռքը՝ խլելով վերջին լծակները ԲՀԿ-ից, ասենք արգելի և թույլ չտա, որ ԲՀԿ-ն կաշառք բաժանի, քանի որ մենք գիտենք, որ ԲՀԿ-ի հիմնական զենքը հենց դա է։ ՀՀԿ-ն իր լծակներով կարող է մեծամասություն ստանալ և ապացուցել, որ ինչու ոչ, կարող է հանրապետությունում անցկացնել մաքուր, արդար, առանց ընտրակաշառքի ընտրություններ։ Հետագայում ՀՀԿ-ն կարող է նաև կոալիցիա կազմել Սեյրան Օհանյանի, Վիկտոր Դալլաքյանի, նույն Նիկոլ Փաշինյանի հետ։ Երբ օլիգարխներն ու թալանչիները առանձնանում են և հայտնվում ԲՀԿ-ում, ՀՀԿ-ի ցուցակն արդեն ոչնչով չի տարբերվում ընդդիմադիրների ցուցակներից։ Բոլորն էլ եղել են իշխանության մեջ, բոլորն էլ մանր-մունր սեփականություն ունեն, բոլորն էլ մասնակցել են թե մարտի 1-ի, թե ապրիլի 12-ի ջարդերին։ Հայաստանի քաղաքական կյանքը, քաղաքական իրավիճակը բարելավելու համար ինչ-որ տեղ պետք է կարողանան փոխզիջումների գնալ և ճիշտ ճանապարհը ընտրել, իսկ ճիշտ ճանապարհը, կարծես, բացվում է, երբ բոլոր օլիգարխները, որոնք չարիք են, տնտեսության մեջ մոնոպոլիստներ են, հավաքվում են ԲՀԿ-ում։ Սա բնական էվոլյուցիոն զարգացում էր։ Ինչպես ասում են, չկա չարիք առանց բարիքի։ Հիմա, անկեղծ ասած, ավելի խաղաղ ճանապարհով կարող են հասնել համաձայնության՝ երկրն այս վիճակից դուրս բերելու համար։

Իսկ եթե օլիգարխները հավաքվեն մի տեղ, դա վտանգ չի՞ ներկայացնի նույն ՀՀԿ-ի և մյուս դաշինքների համար։

Բացառվում է, որովհետև նրանց միջև արդեն ջրբաժանը կա, և դա արվեց Հովիկ Աբրահամյանին ասպարեզից հեռացնելու համար, որովհետև նախագահի պաշտոնն արդեն չկա և դա կարևոր նշանակություն ունեցավ քաղաքական դասավորումների համար։ Ինչ-որ մեկը, որը հզոր լծակներ ուներ և միշտ պայքարել է հանրապետության նախագահ դառնալու համար, այսօր ասպարեզը լքում է, և դա հստակ պարզություն է մտցնում քաղաքական դաշտում։

Այսինքն կարծում եք, որ Հովիկ Աբրահամյանը քաղաքական դաշտում այլևս տեղ չունի՞, բայց նա հայտարարել է, որ մնում է քաղաքականության մեջ, որովհետև ունի բավարար ուժ ու փորձ։

Ես էլ եմ քաղաքականության մեջ մնացել, բայց ես երբեք չեմ պայքարել հանրապետության նախագահ դառնալու համար, դրանք տարբեր բաներ են։ Նա ուզի, թե չուզի, պետք է մնա քաղաքականության մեջ, որպեսզի կարողանա իր սեփականությունը պահպանել։ Եթե սեփականության հարցը չլիներ օլիգարխների մոտ, նրանք կարող էին առանց պաշտոնի ծառայություններ մատուցել ՀՀԿ-ին և մնալ քաղաքականության մեջ որպես շարքային պատգամավոր կամ կուսակցական գործիչ։ Բայց իրենք գիտեն, որ առանց պաշտոնի իրենց թալանածը չեն կարող պահել, իրենց պետական լծակներ են պետք, իսկ պետական լծակներ այսօր ոչ ոք չի կարող երաշխավորել որևէ մեկին, որովհետև երկրի ներքին քաղաքական իրավիճակը ստիպում է, որպեսզի լուրջ կադրային փոփոխություններ կատարվեն։ Քաղաքական ասպարեզում Սերժ Սարգսյանի՝ հանրապետության առաջին դեմք մնալու հանգամանքը ստիպում է և պատճառ է լուրջ տարաձայնությունների իշխանության վերնախավում։

Ձեր կարծիքով Հովիկ Աբրահամյանն ինչ շանսեր ունի Արարատի մարզում։ Կկարողանա՞ այնտեղ պահպանել իր ազդեցությունը։

Եթե Արարատի մարզում հակադիր ուժ չլինի, Հովիկ Աբրահամյանը կկարողանա պահպանել իր իշխանությունը այնտեղ, բայց Արարատի մարզում կան մարդիկ, որոնք տարաձայնություններ ունեն Հովիկ Աբրահամյանի հետ, կան մարդիկ, ովքեր իշխանության մեջ են, և կարող են հակաուժ լինել Հովիկ Աբրահամյանին։ Մի մոռացեք այն հանգամանքը, որ Արարատի մարզում շատ մեծ հեղինակություն ունի նաև նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը, ով ներկայումս Սերժ Սարգսյանի խորհրդականն է։ Եվ չեմ կասկածում, որ շուտով Ալիկ Սարգսյանի դիրքերը կուժեղացնեն, որ նա կարողանա դիմակայել Հովիկ Աբրահամյանին, որովհետև տարիների ընթացքում՝ սկսած իր քաղաքապետի պաշտոնից, ապա մարզպետ, տարածքային կառավարման նախարար, ԱԺ նախագահ ու վարչապետ, բոլոր միջին պաշտոններում նշանակել է իր մարդկանց։ Նույնիսկ հիվանդանոցի հավաքարարին առանց իրեն չէին նշանակում։ Հովիկ Աբրահամյանն ունի հզոր պոտենցիալ Արարատի մարզում, որպեսզի կարողանա ԲՀԿ-ի համար ձայներ հավաքել։ Իհարկե նրա դեմ հակադիր ուժ կստեղծեն, շատ կարևոր է Արարատի մարզում մարզպետի դիրքորոշումը, թե ով կլինի այդ պաշտոնում և ինչպիսի դիրքորոշում կունենա Հովիկ Աբրահամյանի նկատմամբ։ Ինձ թվում է՝ այդ հանգամանքները երկրի նախագահը հաշվի կառնի և հզոր թիմ կստեղծի Հովիկ Աբրահամյանի և ԲՀԿ-ի դեմ, որը կարող է մարզում մեծ դերակատարություն ունենալ։ Արարատի մարզում կադրային դասավորություններ անպայման կլինեն, որպեսզի Արարատի մարզն ու Կոտայքի մարզը ԲՀԿ-ն չդարձնի իր համար բազային մարզեր ձայներ ապահովելու համար։ Եթե իշխանությունը զրկի ԲՀԿ-ին ընտրակաշառք բաժանելու հնարավորությունից, այդ քաղաքական ուժին ոչ ոք ձայն չի տա։ Չմոռանանք, որ ԲՀԿ-ի կոնտինգետն այսօր սպասում է ընտրություններին, որ մանր-մունր գումար աշխատեն։ Եթե իշխանությունները կտրեն այդ լծակը և օրենքով թույլ չտան ընտրակաշառք բաժանել, ԲՀԿ-ն 5 տոկոսի շեմն էլ չի կարողանա հաղթահարել։ Այս 15-20 տարվա ընթացքում մարդիկ շատ լավ գիտեն, թե ով ով է, պարզապես ամեն ընտրության ժամանակ մարդիկ մտածում են ոչ թե արդար ընտրությունների մասին, այլ թե ինչպես մի 5 հազար դրամ օգտվեն։ Բայց եթե իշխանությունները ցույց տան, որ ՀՀԿ-ն իր ցուցակով ոչնչով չի տարբերվում մյուս ընդդիմադիր կուսակցություններից, քանի որ բոլոր ցուցակներում էլ մարդիկ են, որոնք տարբեր ժամանակ փոխել են իրենց հայացքները, ապա կարող է առանց կեղծիքների հաջողության հասնել։ Կայուն մարդ չկա այդ կուսակցությունների ցուցակներում, դրանք մարդիկ են, որոնք ժամանակին իրար հետ համաձայնության են եկել, պորտֆելներ են կիսել։

Իսկ ինչու այլևս Հովիկ Աբրահամյանի ծառայությունը պետք չեկավ Սերժ Սարգսյանին, չէ որ նա ընտրություններին միշտ ակտիվորեն մասնակցել է, ՀՀԿ-ի շտաբն է ղեկավարել։

Ծառայություն մատուցել չի նշանակում, որ հավերժ պետք է մնար։ Մյուս կողմից հանրապետությունում գլխավոր պաշտոններից մեկը՝ նախագահի պաշտոնը այլևս չկա և Սերժ Սարգսյանին ծառայություն մատուցող մարդկան շրջանակը նեղացել է։ Բացի այդ, Հովիկ Աբրահամյանը բոլոր ծառայությունների համար ստացել է իր հասանելիքը։ Նա չի կարող հիմա ասել՝ ծառայություններ եմ մատուցել, ընտրակեղծիքներ եմ արել և պետք է մնամ ասպարեզում և ուժի դիրքերից խոսեմ նախագահի հետ։ Որքան էլ ես ընդդիմադիր հայացքներով նայեմ և քննադատեմ Սերժ Սարգսյանին, ինձ դուր է գալիս, որ նա թույլ չի տալիս որևէ մեկին ուժի դիրքերից խոսել իր հետ։ Սա երկրի նախագահին հարիր պահվածք է։ Իսկ Հովիկ Աբրահամյանը կարողացել է այդ խառը ժամանակներում իրեն շրջապատել ուժեղ, բայց ոչ ցանկալի մարդկանցով և ՀՀԿ-ում ջրեր պղտորել։ Հիմա պարզություն է մտնում և երկրի ներքին վիճակն էլ նպաստում է նրան, որ Սերժ Սարգսյանը հանգիստ կարող է ազատվել էդպիսի մարդկանցից։ Մենք բոլորս էլ գիտենք, որ անճարակությունից ելնելով մարդիկ նման անհատներ դեմ չեն պայքարել, որովհետև գիտեն, որ մի թիմով են հանդես եկել, բայց հիմա երբ նրանք կիսվում են, ժողովրդի մոտ շանս է առաջանում ազատվել օլիգարխներից ու մոնոպոլիստներից։ Սա դրական զարգացում է, անկախ նրանից, թե այս ամենն ինչով կավարտվի։ Ուղղակի պետք է, որ այս իրավիճակում նոր մարդիկ, նախաձեռնող մարդիկ հանդես գան, որոնք պատասխանատվություն կվերցնեն իրենց վրա։ Ես ափսոսում եմ, որ Հայաստանում չկա մի կուսակցություն, որը կարողանա ընտրություններին մասնակցել առանց դաշինքի՝ հայտարարելով, որ իրենք անկախ ամեն ինչից պատասխանատվություն են վերցնում իրենց վրա և պարտավորվում են պատասխան տալ ժողովրդի առջև։ Այսօր բոլորը գնում են լղոզված դաշինքներով, իսկ դաշինքները չեն ենթադրում հետագայում որևէ պատասխանատվություն վերցնել։ Կոլեկտիվ պատասխանատվությունը պատասխանատվություն չէ, անհատական պետք է լինի, որ մարդիկ կողմնորոշվել, թե ումից ինչ պահանջել։ Հովիկ Աբրահամյանը, Թոխմախի Մհերը, Իշխան Զաքարյանը մարդիկ են, որոնք միշտ պղտորել են քաղաքական կյանքը, խոչընդոտել են երկրի զարգացմանը, այսօր առանձնանում են ԲՀԿ-ում, և եթե մարդկանց բացատրես, թե ով ով է, նրանք վրեժխնդիր կերպով չեն քվեարկի ԲՀԿ-ի օգտին։ Այսօր Արարատի մարզում ամեն ինչ բաժանված է, ամեն ինչ սեփականաշնորհված է։ Այսնտեղ ձևավորվել է մի պրոֆեսիոնալ կաստա, որտեղ ԿԸՀ նախագահից լավ գիտեն օրենքները, առանց հուշելու հավաքվում են, ընտրում են ընտրական հանձնաժողովների նախագահ ու լծվում ընտրակեղծիքների իրականացմանը։

Today's most read news !
  • Արմենչիկ.«Երեխաներս ժամանակի ընթացքում կսովորեն դրան»
  • Լիլիթ Մուրադյանի նոր լուսանկարը դստեր հետ եւ էմոցիոնալ գրառումը
  • «OutDance»՝ նոր սիթքոմ «Շանթ»-ի եթերում
  • «Շատ կկարոտեմ». Գայանե Ավետիսյանը պատմել է՝ ինչու այլևս չի նկարահանվելու «Դոմինո»-ում
  • «Հուսամ, լավ արձագանքներ կլսեմ». Արտյոմ Մարկոսյանը նորություն ունի
  • Ինչպես է անցել Դիանա Շատվերյանի ծննդյան խնջույքը
  • Եթե ինձ ձայն չտաք, մեկ է՝ լցնելով իմ ուզած թիվը կգրանցեմ, ավելի լավ է ընտրեք. Շմայսի քարոզարշավը
  • Քոչարյանը նոր պլաններ է մշակում. ինչպես թեժացնել իրավիճակը և ներքաշել Ծառուկյանին
Comments
Loading...