Ինչն է մնում իշխանության սցենարից դուրս

2017 թվականի խորհրդարանի ընտրությանն ընդառաջ ավելի ու ավելի հաճախ է հնչում միտքը, թե խորհրդարանական կառավարման մոդելի անցումը բերել է մի իրավիճակի, երբ մեծացել է կուսակցությունների դերակատարումը, ինչն էլ կբերի քաղաքական համակարգի բարեփոխման միտումների: Տեսական մակարդակում գործնականում անթերի հնչող այդ միտքը իրականում որևէ կապ չունի Հայաստանի իրականության հետ, այն պարզ պատճառով, որ այդ իրականությունից բացակայում է քաղաքական համակարգի բարեփոխումների համար հիմնարար, ելակետային գործոնը՝ ընտրական համակարգի, ընտրության ինստիտուտի առկայությունը: Կուսակցությունների դերը հանգում է ընտրական ինստիտուտին: Հակառակ պարագայում խոսել կուսակցությունների դերի մասին, կնշանակի խոսել մի դերասանի մասին, որը դեր է ստացել, ստացել է սցենարը, հայտնվել է նկարահանման հրապարակում, սակայն պարզել, որ նկարահանումը իրականացվելու է ոչ թե տեսախցիկով, այլ թղթի վրա՝ մատիտով կամ գրիչով: Այսինքն՝ նրա դերը պետք է արտացոլվի թղթի, ոչ թե ժապավենի վրա: Եվ հիմա, նրան ասում են, որ իր դերը բարձրացել է, քանի որ ոչ թղթի վրա նրա դերն արտացոլվելու է ոչ թե մատիտով կամ գրիչով, այլ պրոֆեսիոնալ նկարչական պարագաներով, այսինքն՝ նրա դերից ստացվելու է ոչ թե խզբզոց, այլ գեղեցիկ մի գունանկար, որակյալ պարագաներով, բարձրորակ կտավի վրա: Ինչպե՞ս է հնարավոր լուրջ վերաբերել այդպիսի դերակատարության մասին հայտարարություններին, ինչպե՞ս կվերաբերի հանդիսատեսը այն դերասանին, որը ընդունելով այդ առաջարկը կխոսի իր դերակատարության մակարդակի բարձրացման և այլնի մասին:

Նույն կերպ հնարավոր է վերաբերել կուսակցությունների և քաղաքական ուժերի դերակատարության աճի մասին հայտարարություններին, որոնք այլ բան չեն, քան հայտարարություններ այն մասին, որ 2017 թվականից դերի կատարումը արտացոլվելու է արդեն ավելի պրոֆեսիոնալ նկարչական պարագաներով: Բայց դերը շարունակելու է խաղացվել թղթի, ոչ թե տեսաժապավենի վրա, որովհետև ընտրական համակարգ գոյություն չունի: Իսկ ընտրական համակարգը, ընտրության ինստիտուտը հենց այն տեսաժապավենը կամ թեկուզ թվային ֆոտոխցիկն են, որ պետք է պատկերեն «դերասանի» խաղը, այսինքն՝ կուսակցության դերակատարումը պետք է արտացոլեն: Կապ չունի, թե ինչ տարբերակով է աղավաղվում ընտրական համակարգը՝ դա կատարվում է ֆիզիկական բռնությա՞ն, թե՞ առավել համակարգված. առավել խորքային, ընտրատեղամասերից այլևս աստիճանաբար հեռացվող, հանրային ուշադրությունից, աչքից աստիճանաբար հեռու կատարվող գործողությունների միջոցով, որոնք ապացուցելը դառնում է ավելի ու ավելի դժվար, հատկապես գոյություն չունեցող արդարադատության համակարգի պայմաններում: Ընտրական համակարգը գոյություն չունի և այդ պայմաններում չի կարող գոյություն ունենալ կուսակցության դերակատարում: Ընտրության ինստիտուտի պարագայում, քաղաքականության մեջ ներգրավված սուբյեկտները արդեն ոչ թե քաղաքական ինստիտուտներ են, այլ ցուցանակներ, որոնք ստեղծում են քաղաքականության պատրանք: Այդ պարագայում հնարավոր է խոսել ցուցանակների դերակատարության աճի մասին, բայց ոչ կուսակցությունների: Առաջին հայացքից դա թողնում է կուսակցությունների հանդեպ հանրային անվստահության խորացման տպավորություն, հանրային հիասթափության ավելացման տպավորություն, կուսակցությունը հանրության աչքին արդեն հենց սկզբից սկսում է երևալ իբրև մանիպուլյացիոն գործիք: Ամենևին: Խնդիրը այն է, որ հասարակության և քաղաքական ուժերի միջև կա պարզապես կուսակցության դերակատարության ճշգրտման անհրաժեշտություն, վերաիմաստավորման անհրաժեշտություն: Խնդիրը այն չէ, որ անիմաստ է կուսակցություն հասկացությունը ընդհանրապես: Խնդիրը այն է, որ ընտրական համակարգի բացակայության պարագայում, երբ բոլորի համար գործնականում անքննելի է դարձել այն, որ Հայաստանում ընտրական ինստիտուտ որպես այդպիսին, որպես օրենսդրորեն և սահմանադրորեն կարգավորված և աշխատող երևույթ գոյություն չունի, կուսակցության գոյության և գործունեության իմաստը պետք է բոլորովին այլ լինի, քան այն, ինչ ներկայացվում է դերակատարության աճ բառակապակցության ներքո, որն ի դեպ ամենից հաճախ հենց իշխանության գործածած բառակապակցությունն է:

Որևէ կուսակցության խնդիր Հայաստանում հանդիսանում է հանրությանը սեփական գոյության նոր իմաստ ներկայացնելը, որը կլինի ռացիոնալ, իրականությանը համարժեք, կունենա ձևակերպված համարժեք խնդիրներ և լուծումներ, ի տարբերություն ներկայիս վիճակի, երբ առաջարկվող բոլոր տարբերակները ըստ էության գալիս հանգում են ընդամենը հերթական մի ընտրական միջոցառման, որը հանրության զգալի մեծամասնության համար որպես այդպիսին այլևս իմաստազուրկ է վաղուց: Նման պայմաններում, կուսակցությունների խնդիրը հանրության համար նոր մոտիվացիաներ ձևավորելը, խթանելն է: Խնդիրն այն է, որ այդ մոտիվացիաները չեն կարող լինել ընտրությանը մասնակցելուն առնչվող, քանի որ ընտրությունը հենց ինքնին մոտիվացիա է, որը Հայաստանում այլևս արժեզրկված է: Հասարակությունը Հայաստանում ունի քաղաքական կյանքին մասնակցության այլ մոտիվացիայի կարիք և ներկայիս իրավիճակում այդ մոտիվացիան ձևավորելը, ձևակերպելը և դրա հիման վրա երկարատև գործունեության ռազմավարություն կազմելը կարող է իմաստավորել կուսակցությունների գոյությունն ու ընդհանրապես ենթադրել որևէ դերակատարում իշխանության սցենարից դուրս:

Today's most read news !
  • «Օտարը». Նոր սիրային եռանկյունի` հայկական եթերում
  • Մորաքրոջս անունը երբեք չեմ օգտագործի դռներ բացելու համար. Նադյա Սարգսյան կրտսեր
  • Տաթեւիկ Ադումյանի 25-ամյակի լուսանկարները
  • Հմայիչ Անժելա Սարաֆյանը՝ Vanity Fair-ի և Lancome-ի երեկույթներին
  • Մեր տղան որոշեց նախագահ դառնալ, հիմա մնում է հասկանալ, թե որ երկրի նախագահ է լինելու. Անի Դաշյան
  • Լարված իրադրություն շփման գծում. հակառակորդը ձեռնարկել է հարձակման փորձ. ԱՀ ՊԲ
  • Իշխանության ներսում սպասվում են արմատական փոփոխություններ և փոխատեղումներ
  • Քիմ Քարդաշյանը փոխել է կերպարը և դարձել շիկահեր
Comments
Loading...