Հրապարակվել է Ընտրություն-2017-ի նախնական սցենարը

Սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը նախօրեին հայտարարել էր, որ խորհրդարան գրեթե հաստատապես կանցնեն հինգ ուժեր՝ ՀՀԿ-ն, ՀՅԴ-ն, ԲՀԿ-ն, ՀԱԿ-ը և «Հայկական վերածնունդը»: Ադիբեկյանի կարծիքով՝ մի քանի այլ ուժերի տեղ էլ կա, բայց պարզ չէ, թե ով կանցնի:

Սոցիոլոգիան Հայաստանում հանրային և նաև քաղաքական ընկալման մեջ ավելի շուտ հանդիսանում է որպես իշխանության սցենարների և մտադրությունների արտացոլման գործընթաց, քան մասնագիտություն կամ ինստիտուտ, որը կատարում է հանրային կարծիքի ուսումնասիրություն և ներկայացնում պատկերը: Անցնող երկու տասնամյակի ընթացքում իշխանությանը հաջողվեց արժեզրկել հասարակական-քաղաքական գործընթացների այդ կարևորագույն ինստիտուտի հանրային, հրապարակային դերը: Այս համայնապատկերում սոցիոլոգիական տվյալների մատուցումը ընդունվում է հենց իբրև իշխանությունից եկող մեսիջներ՝ հատկապես որոշ սոցիոլոգների կամ սոցիոլոգիական ընկերությունների դեպքում:

Այս ընկալման տարածվածությունը կա նաև Ադիբեկյանի պարագայում, թեև վերջինս, բնականաբար, իր ներկայացրած տվյալները փորձում է հիմնավորել հենց մասնագիտական գնահատականներով: Բայց հատկանշական է, որ ընտրական համակարգի բացակայության հայաստանյան պայմաններում Ադիբեկյանը այն սոցիոլոգն է, որի ներկայացրած պատկերները գրեթե միշտ ունենում են իրականությանը շատ մոտ արտացոլում: Ու քանի որ այդ համընկնումը տեղի է ունենում մի պարագայում, երբ գործնականում չկա ընտրություն, հանրության մոտ, բնականաբար, առաջանում են այլ ընկալումներ:

Ահա այդ իմաստով Ադիբեկյանի ներկայացրած հնգյակը բավական հետաքրքրական է, և ընկալման տարածված տրամաբանության շրջանակում ստացվում է, որ իշխանության սցենարը հնգյակի համար նախատեսում է 5 տոկոսի անցում, ինչն, իհարկե, ընդհանուր առմամբ զարմանալի կարող է լինել միայն ՀԱԿ-ի մասով, քանի որ թե՛ ՀՀԿ-ն, թե՛ նրան կից կոալիցիոն ՀՅԴ-ն, թե՛ ԲՀԿ-ն և «Հայկական վերածնունդը» ըստ էության հայաստանյան ընտրական և քաղաքական համակարգի պայմաններում օբյեկտիվ անցողիկներ են:

ՀԱԿ-ի առումով իրավիճակը, իհարկե, հարաբերական է, սակայն չի բացառվում, որ այստեղ դեր է ունեցել Լևոն Տեր-Պետրոսյանի հայտնի համագումարյան ելույթը և դրանում շոշափված Ղարաբաղյան կարգավորմանը վերաբերող մոտեցումը: Այստեղ հարցն այն է, թե որտեղ է այն արժանացել հավանության՝ Սերժ Սարգսյանի՞ մոտ, թե՞ ավելի վերև՝ Ռուսաստանում, հաշվի առնելով, որ Տեր-Պետրոսյանի մոտեցումը գործնականում հենց այն պլանին էր համահունչ, որը արդեն մի քանի տարի հետևողականորեն փորձում է առաջ մղել Ռուսաստանը՝ կազանյան կամ լավրովյան պլան-տարբերակների տեսքով:

Այս ամենով հանդերձ՝ դեռևս անկասկած վաղ է անգամ սոցիոլոգիայի «լեզվով» մատուցված սցենարները իշխանության վերջնական կողմնորոշում կամ որոշում դիտարկելու համար: Դրանք կարող են լինել նաև, այսպես ասած, «խթանիչներ»:

Հետաքրքրական է, որ Ադիբեկյանի մոտ բացակայում է, օրինակ, «Օհանյան» դաշինքը, և այս դեպքում հարց է առաջանում, թե արդյոք դա պաշտպանության նախկին նախարարի մոտ իշխանության հետ պայմանավորվելու մոտիվացիա առաջացնելու փորձ չէ՞: Թեև, մյուս կողմից, իհարկե, կարող է լինել և հակառակը՝ Օհանյանը աշխատի այնպես, որ իշխանությանը մղի որոշակի սցենարային փոփոխությունների: Թեև հաշվի առնելով մի շարք ներիշխանական գործոններ՝ այդ տարբերակը կարծես թե թվում է խիստ հիպոթետիկ:

Հատկանշական է մեկ այլ հանգամանք: Ադիբեկյանի ներկայացրած հնգյակը գործնականում «համակարգային» հնգյակ է, այս կամ այն կերպ տարբեր ժամանակահատվածներում միահյուսված և փոխկապակցված: Այս տեսանկյունից այլևս նույնիսկ տեխնիկական հարց է դառնում, թե էլ ինչ ուժեր կկարողանան հաղթահարել 5 տոկոսը կամ հասնել նրան, որ իշխանությունն այս կամ այն մոտիվացիայով օգնի նրանց անել այդ բանը կամ չխանգարի:

Այդ ամենով հանդերձ՝ հստակ է մի բան, որ արտացոլումը օբյեկտիվ է ներկայիս հասարակական-քաղաքական պատկերում: Հայաստանում առկա է հանրային ընդդիմության բաց, և այդ բացը 2017-ի նախընտրական գործընթացով ոչ միայն չի ծածկվում, այլև ավելի է դրսևորվում: Հստակ է նաև, որ այդ բացը չի կարող լրացվել միայն դեկլարատիվ տարբերակներով, լավի և վատի կամ սևի ու սպիտակի բաժանման տրամաբանությամբ:

Today's most read news !
  • Սոֆի Դեւոյան.«Թոռնիկս մյուսների նախանձը չի առաջացնում»
  • Դերասանուհի Էթերի Ոսկանյանի նոր ֆոտոշարք ունի
  • Ես գեղեցիկ եմ, եւ իմ սիրտը զբաղված է. երիտասարդ դերասանուհի Եվա Զոհրաբյանը՝ կարիերայի և անձնական կյանքի մասին
  • Իսկ դուք գիտեք՝ քանի տարեկան են հայ հայտնիները
  • Զառան՝ «Քարե դարդ»-ի և ամերիկյան շրջագայության մասին
  • Զույգերը կարող են վիճել, բայց չդադարել սիրել. Արծրուն Չոբանյանը՝ «Փշրված պատրաքների մի գիշեր» ներկայացման մասին
  • Մերկել-Էրդողան «հակամարտությունն» ու Հայոց ցեղասպանությունը
  • Վերջին հրաժեշտը «Հաց բերողին»
Comments

Name: