Ինչ կանի մոսկովյան փողը հայ-եվրոպական հարաբերության հետ

Հայաստանում Եվրամիության դեսպան Պյոտր Սվիտալսկին հայտարարել է, որ եթե Հայաստանն ուզում է ներդրումներ ներգրավել և տնտեսություն զարգացնել, ապա պետք է պայքարել կոռուպցիայի դեմ:

Եվրամիության դեսպանի, ԱՄՆ ու եվրոպական երկրների տարբեր դիվանագետների այդ մոտեցումը նոր չէ, նրանք Հայաստանին այդ մասին հորդորում են տևական ժամանակ, տարիներ շարունակ՝ միաժամանակ մատնանշելով նաև, որ կոռուպցիայի դեմ գործուն քայլերի դեպքում պատրաստ են Հայաստանին տրամադրել ֆինանսական աջակցություն: Սակայն Պյոտր Սվիտալսկու հայտարարությունը ներկայումս արվում է բավականին հետաքրքիր ներքաղաքական իրավիճակում կամ ավելի շուտ՝ ընդհանրապես քաղաքական հետաքրքրական իրավիճակում:

Մասնավորապես, խոսքը վերաբերում է վարչապետ Կարեն Կարապետյանի՝ Մոսկվա կատարած հունվարի 24-ի այցին և դրա արդյունքում նաև ռուսաստանցի ներդրողների հայտարարությանը, որ պատրաստ են ֆինանսավորել, ներդրումներ կատարել կառավարության ծրագրերում: Այդ հայտարարությանը միացել էին մոտ երեք տասնյակի չափ ռուսաստանցի հայ գործարարներ: Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Կարայանը հայտարարեց, որ ակնկալիքը մոտ 300 միլիոն դոլար է:

Իհարկե, բացարձակապես պարզ չէ, թե երբ կներդրվի այդ գումարը, ինչ ժամանակացույցով, որ ոլորտներում և այլն, սակայն առաջնորդվելով ընդամենը առկա փաստով, որ հնչել է Կարեն Կարապետյանի աջակցության մեծ ներդրումների խոստում, հարց է առաջանում, թե արդյոք դա չի՞ նշանակում, որ Հայաստանի իշխանության համար զգալիորեն նվազում է արևմտյան ֆինանսական հատկացումների անհրաժեշտությունը:

Խնդիրն այն է, որ Հայաստանի իշխանությունը գտնվում է ֆինանսական սուր անհրաժեշտության փուլում՝ տարբեր պատճառներով: Այդ սուր անհրաժեշտությունը փոխհատուցվել է վարկերով, որ տրամադրում են արևմտյան ֆինանսատնտեսական կառույցները՝ այդպիսով ապահովելով մակրոտնտեսական որոշակի կայունություն: Միաժամանակ Արևմուտքի քաղաքական կառույցները հստակ ազդարարել են, որ եթե իշխանությունը գնա բարեփոխումների գործնական քայլերի, այդ թվում՝ կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում, ապա կլինեն նոր ֆինանսական ներարկումներ:

Իհարկե, Հայաստանի իշխանությունը հանուն ֆինանսների չի նետվել կոռուպցիայի դեմ պայքարելու, սակայն անկասկած է նաև, որ ստիպված էր որոշակիորեն առնվազն դիտարկել որոշակի քայլերի տարբերակները արևմտյան ֆինանսական աջակցության դիմաց, քանի որ աջակցության այլ աղբյուրներ չկային: Սակայն Կարեն Կարապետյանի մոսկովյան այցից հետո առնվազն հայտարարությունների մակարդակով կարծես թե հնչում են մեծ ծավալի ներդրումների աջակցության մասին հավաստիացումներ:

Այդ համատեքստում է հարցը, թե Մոսկվայից խոստացված ներդրումների ծավալը արդյո՞ք կարող է իր ազդեցությունը թողնել ոչ միայն Հայաստանի տնտեսության, նաև ներքաղաքական դասավորության վրա, ներիշխանական հարաբերությունների վրա, այլ նաև Արևմուտքի հետ Հայաստանի իշխանության հարաբերության վրա: Եթե Մոսկվայից գան ներդրումները, որ խոստացվել են կամ հավաստիացվել, դա կնշանակի՞, որ Հայաստանի իշխանությունն ավելի քիչ կարող է հակված լինել արևմտյան կառույցների և պետությունների հետ արդյունավետ գործակցության:

Համենայնդեպս, քանի որ Հայաստանի իշխանության հիմնական մոտիվացիան փողն է, դա է առանցքային ելակետը այդ հարաբերություններում, ապա մոսկովյան փողի հնարավոր ներհոսքը կարող է բերել Եվրոպայի հետ հարաբերությունում իշխանության առավել «անկաշկանդ» պահվածքի:

Today's most read news !
  • Իմ կյանքն ինձ ապացուցել է, որ ոչինչ չպետք է բացառել. Մարիամ Ադամյան
  • Սոնա Շահգելդյանը ապրիլ ամսին կդադարեցնի գործունեությունը
  • Վաղը կանցկացվի երթ՝ ԿԸՀ-ից ՀՀԿ-ի գրանցումը չեղյալ հայտարարելու պահանջով
  • Լեոնիդ Ագուտինը Երեւանում է
  • Թողնել «լոլո»-գիան, անցնել սոցիոլոգիայի
  • Մարզպետները վիրավորական չեն համարում վարչապետի կրթվելու կոչը
  • Սխալ ազդակներ հասարակությանը
  • Պետք էր ճշգրտությունը «պաշտել», ոչ թե հաշվարկը
Comments

Name: