ԱՄՆ-ը կոշտացնում է Հայաստանի իշխանության հանդեպ հռետորաբանությունը

Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպան Ռիչարդ Միլզը, նախօրեին Հայ-ամերիկյան առևտրի պալատի առաջ ելույթ ունենալով, բավական կոշտ մոտեցումներ է արտահայտել Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարի անարդյունավետության վերաբերյալ: Միլզը հանդես գալով Հայ-ամերիկյան պալատի ներկայացուցիչների, հայաստանցի և ամերիկացի գործարարների ու պաշտոնյաների առաջ հայտարարել է, որ Կոռուպցիայի դեմ պայքարի խորհուրդը չի արձանագրել բավարար առաջընթաց, այնպիսի առաջընթաց, որի հույսը կար խորհուրդը ստեղծելիս: Ինչպես հայտնի է, խորհուրդը ստեղծվեց մոտ երկու տարի առաջ, հայ-ամերիկյան նախաձեռնությամբ և այն գլխավորեց վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Խորհրդի գործունեությունը պետք է ֆինանսավորեր ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը, որը տրամադրելու էր 750 հազար դոլար:

Սակայն, Ռիչարդ Միլզը երեկ հայտարարել է, որ հատկացրել են ընդամենը 2,5 տոկոսը, քանի որ չեն եղել բավարար արդյունքներ: Իսկ ավելի վաղ ԱՄՆ դեսպանը հայտարարել էր, որ եթե չլինեն կոնկրետ արդյունքներ, չի լինի նաև ֆինանսավորում: Միլզը միևնույն ժամանակ հայտնել է, որ նոր վարչապետի հետ քննարկում են Խորհրդի վերակազմավորման հարցերը և հույս ունի, որ այդ առումով կլինի առաջընթաց: ԱՄՆ դեսպանը նաև կոնկրետ առաջարկ է արել այդ կապակցությամբ, նշելով, որ պետք է ստեղծել անկախ մարմին, որը կունենա նաև հետաքննության հնարավորություն: Փաստորեն, ԱՄՆ-ն առաջարկում է Հայաստանին ստեղծել հակակոռուպցիոն ըստ էության իրավապահ մարմին, ինչը նշանակում է, որ ԱՄՆ-ը բարձրացնում է Հայաստանի իշխանությունից ակնկալվող կոռուպցիայի դեմ պայքարի նշաձողը, և եթե մինչ այս ԱՄՆ-ը բավարար էր համարում այսպես ասած՝ ինստիտուցիոնալ պայքարի տարբերակը, ապա այժմ արդեն դրվում է իրավական պայքարի, այսինքն՝ կոռումպացված պաշտոնյաներին պատասխանատվության ենթարկելու խնդիր:

Ինչ կտա նշաձողի այս բարձրացումն ու կոշտացումը, դժվար է ասել, սակայն ինքնին տոնայնության այդ փոփոխությունը բավական հատկանշական է, առավել ևս ընտրությունների շեմին: Պատկերացնել, որ Հայաստանի իշխանությունը դրանից հետո կգնա կոռուպցիայի դեմ առավել կոնկրետ քայլերի, իհարկե, նույնպես դժվար է, առավել ևս ընտրությունների փուլում, երբ հենց կոռուպցիան է, որ պետք է օգնի համակարգին վերարտադրվել: Այստեղ շատ բան կախված է նրանից, թե Հայաստանի իշխանությունն ինչ ռեսուրս ունի կոշտացող պահանջներին դիմագրավելու և մանևրելու համար:

Մյուս կողմից հասկանալի է իհարկե, որ թե՛ ԱՄՆ-ը, և թե՛ Եվրոպան պաշտոնական Երևանի հետ երևի թե երբեք չեն խոսի վերջնագրերի լեզվով, այսինքն՝ Երևանին միշտ կմնա «նահանջի» ճանապարհ, և այստեղ բուն խնդիրը գուցե հնարավոր առավելագույնը ստանալն է: Որն է այդ առավելագույնը, պարզ չէ, թեև, գուցե որպես այդպիսին սահման կամ չափաքանակ չկա և ընդամենը իրական քաղաքականության ռեժիմում Արևմուտքը փորձում է Հայաստանի իշխանությունից ստանալ որքան հնարավոր է շատ փոփոխություններ, օգտագործելով հնարավոր բոլոր առիթները, տվյալ դեպքում խորհրդարանական ընտրությունների տեսքով:

Սրան զուգահեռ, ԱՄՆ-ը փաստորեն, մյուս կողմից էլ որոշակի խրախուսանք է հայտնում իշխանությանը, Հովիկ Աբրահամյանին վարչապետի պաշտոնից հեռացնելու համար, խոսելով կոռուպցիայի դեմ պայքարում նրա արած հուսախաբության մասին: Այս հանգամանքը հետաքրքրական է նրանով, որ վերջին օրերին հայաստանյան ներքաղաքական թիվ մեկ թեման, անկասկած, Հովիկ Աբրահամյանի հեռացումն էր ՀՀԿ-ից և նրա հնարավոր նոր քաղաքական կարգավիճակը:

Փաստորեն, ԱՄՆ դեսպանի հայտարարությունն ազդակ էր նախընտրական բոլոր այն սուբյեկտներին, որոնք պատկերացնում էին, կամ որոնց հետ իր հետագան պատկերացնում էր Հովիկ Աբրահամյանը: Ռիչարդ Միլզի հայտարարությունը ազդակ էր, որ այդ դեպքում տվյալ սուբյեկտը չի կարող ողջունելի լինել Միացյալ Նահանգների համար որպես քաղաքական գործընկեր: Հայաստանյան քաղաքական ուժերի համար, անշուշտ, առաջնային նշանակություն ունի այն, թե ինչը կողջունի կամ չի ողջունի Մոսկվան, սակայն մյուս կողմից այդ ուժերի մոտ ողջամտությունն, անշուշտ, բավական է պատկերացնելու համար, որ ԱՄՆ դիրքորոշումն էլ մեղմ ասած՝ չարժե անտեսել: Խնդիրը իհարկե այս պարագայում այն է, որ հայաստանյան ներքաղաքականությունն առանց այդ էլ պարփակված է համակարգային ուժերի միջև, սակայն գոնե առկա իրողությունների պարագայում իրերի նման դասավորությունը պետք է զերծ պահել լիակատար և անշրջելի արժեզրկումից, ինչը կարող է տեղի ունենալ, երբ որևէ ընդդիմություն գլխավորի Հովիկ Աբրահամյանը:

Ակնհայտ է, որ Արևմուտքի համար դիտարկելի է ներքաղաքական պայքարի անգամ այն տարբերակը, երբ համակարգի երկու կամ մի քանի բևեռեր են հակադրվում իշխանությանն ու այդ միջոցով գոնե փորձ է արում ստանալ որոշակի մրցակցային իրավիճակ: Սակայն, երբ այստեղ կողմերից մեկը դառնում է Հովիկ Աբրահամյանը, առնվազն այն Աբրահամյանը, այստեղ արդեն խոսք չի կարող լինել որևէ թեկուզ ներքին մրցակցության մասին: Եվ այս իմաստով, ԱՄՆ դեսպանի ելույթը անկասկած պարունակում է նաև ներքին գործընթացներին, ավելի շուտ ներիշխանական զարգացումներին առնչվող մեսիջներ, խորհրդարանական ընտրությունների հնարավոր մասնակից սուբյեկտներին:

Ընդհանուր առմամբ, այս ամենով հանդերձ, առանցքային ուշադրության առարկան շարունակում է լինել Ռիչարդ Միլզի աննախադեպ բաց հռետորաբանությունը, թե՛ կոռուպցիայի դեմ պայքարի անբավարարության, և թե՛ ընդհանրապես քաղաքական կամքի անհրաժեշտության մասով: Արդո՞ք սա ԱՄՆ-ի ընդամենը նախընտրական շրջանի մարտավարություն է, որը կվերադառնա առավել հանդարտ և սովորական աշխատանքային ռեժիմի արդեն ընտրություններից հետո, թե՞ ԱՄՆ-ն այլևս առավել կոշտ մարտավարությունն է դարձնում սովորական աշխատանքային ռեժիմ: Ընդ որում, այս հանգամանքը առավել ուշագրավ է այն համատեքստում, որ ոչ միայն համակարգը, այլ նաև դե յուրե իշխանությունը ներկայումս միատարր չէ և ԱՄՆ դեսպանի կոշտությունը լիովին տարբեր նշանակություն կարող է ունենալ օրինակ՝ Սերժ Սարգսյանի և վարչապետ Կարեն Կարապետյանի համար, և եթե մի դեպքում կոշտությունը կարող է լինել պահանջ, ապա մյուս դեպքում կարող է լինել նաև օժանդակություն: Հարց, այն է, թե ում դեպքում, որ տարբերակի հետ պետք կլինի գործ ունենալ:

Today's most read news !
  • Սիրուշոն 12-րդ անգամ ճանաչվել է լավագույն երգչուհի
  • Քիմ Քարդաշյանն Instagram-ում ցուցադրում է մարզված մարմինը
  • Անաստասիա Բրուխտին՝ Սուպեր Սաքոյի հետ զուգերգի և հայկական արմատների մասին
  • Ինձ համար իսկապես անսպասելի էր այս միցանակը. Տաթեւ Հովակիմյանը՝ «Արտավազդ 2017»-ում «Լավագույն երիտասարդ դերասանուհի» կոչման մասին
  • Կարեն Բաբաջանյանը՝ երկրից ընդմիշտ հեռանալու մտքերի մասին
  • Պատկերը ապրիլի 2-ից հետո
  • Քենդալ Ջենները Love պարբերականի համար նկարահանվել է Մերիլին Մոնրոյի կերպարով
  • Ռազմական ինստիտուտի 2 կուրսանտ դանակով հարձակվել են տաքսու վարորդի վրա, թալանել են ու խլել մեքենան
Comments

Name: