Իշխանությունը փոխել է ընտրական խնդիրը

ՀՀԿ-ից Հովիկ Աբրահամյանի հեռանալուց հետո հնչող տեսակետների շարքում բավական հաճախ է հիշատակվել այն, որ ՀՀԿ-ն այդպիսով զրկվել է փորձառու ընտրակեղծարարից, որը հիմնարար դերակատարում է ունեցել բոլոր ընտրական գործընթացներում, մասնավորապես զբաղեցնելով նաև ՀՀԿ նախընտրական շտաբերի պետի պաշտոնը: Այն, որ Հովիկ Աբրահամյանը եղել է իշխանության վերարտադրության կարևորագույն բաղադրիչներից և դերակատարներից մեկը, կասկածից վեր է: Սակայն կասկածից վեր է նաև այն, որ Հայաստանի իշխող համակարգը երկու տասնամյակից ավելի գործնականում անսասան կերպով չէր ապահովի իր դիրքերը հանրության նկատմամբ, եթե հենված լիներ «անփոխարինելի անհատների»՝ ոչ թե «ինստիտուտների» վրա: Իրականում Հայաստանի իշխող համակարգը ինստիտուցիոնալացած համակարգ է, որտեղ անձերը համակարգին, ինստիտուտներին են ծառայում: Այլ հարց է, որ խոսքը ոչ թե սահմանադրական ինստիտուտների մասին է, այլ դե ֆակտո գոյություն ունեցող ներիշխանական ինստիտուտների, որոնք անցնող տարիներին գործել են ժամացույցի ճշգրտությամբ, գրեթե զինվորական կարգապահությամբ և ապահովել վերարտադրության անհրաժեշտ արդյունքը: Խնդիրն այն է, որ այդ համակարգը ամենևին չի ապավինել ոչ միայն մեկ կամ երկու անձի, այլ նույնիսկ մեկ կամ երկու մեխանիզմի կամ մեթոդի:

Այդպիսին էր վիճակը առաջին ընտրությունների ընթացքում, երբ իշխանությանը այլ բան չէր մնում, քան հիմնական, առանցքային շեշտը դնել ուժի վրա՝ ֆիզիկական ուժի: Իշխանությունը անկախ Հայաստանի շրջանում անցկացված առաջին համապետական խորհրդարանական և նախագահական ընտրությունների ընթացքում առավելապես շեշտադրում էր ուժի վրա, չունենալով հանրությանը հակադրելու գործնականում ազդեցիկ և գործուն որևէ այլ մեթոդ: Սակայն, կեղծված առաջին ընտրություններից՝ 1995-96-ից հետո, իշխանությունը սկսեց փնտրել ուժային գործիքի դերակատարության և կշռի նվազեցման տարբերակներ, տարբեր քաղաքական-քարոզչական տեխնոլոգիաներ, որոնք թույլ կտան հանրային մեծ անվստահության, սոցիալ-տնտեսական և իրավական մեծ անհավասարության և անարդարության պայմաններում ստանալ ցանկալի արդյունք, բայց հնարավորինս քիչ ֆիզիկական ուժով: Այդ շարքից էր օրինակ՝ 1998 թվականին Կարեն Դեմիրճյանի ներգրավումը քաղաքական գործընթաց, երբ նա դարձավ Ռոբերտ Քոչարյանի մրցակիցը և գործնականում անցկացվեց ընտրություն, որտեղ իշխանության ֆիզիկական ուժը հասցվել էր նվազագույնի: 1999 թվականին այդ տեխնոլոգիան ունեցավ «Միասնություն» դաշինքի շարունակությունը: Դժվար է ասել, թե ինչ տեղի կունենար դրանից հետո, եթե չլիներ հոկտեմբերի 27-ը: Համենայնդեպս, գործնականում ամենահավանական տարբերակ էր թվում այն, որ հաջորդ նախագահը լինելու էր արդեն Վազգեն Սարգսյանը, թեև դե ֆակտո կարծես թե նա արդեն նախագահն էր: Հոկտեմբերի 27-ից հետո փաստացի կաթվածահար եղավ ոչ միայն կառավարման համակարգը, այլ նաև հենց վերարտադրության համակարգը և դրանից հետո գործնականում ամեն ինչ սկսվեց գրեթե զրոյից: Պատահական չէ, որ 2003 թվականի նախագահական ընտրությանը վերստին մեծ դեր մնաց ֆիզիկական ուժի վրա, երբ նույնիսկ այդ ամենով հանդերձ նախագահական ընտրությունը հաջողվեց ավարտել երկրորդ փուլով: Սակայն, հետո արդեն խորհրդարանի ընտրությանը, որ անցկացվեց մի քանի ամիս անց, իշխանությունը որոշակիորեն վերականգնեց «քաղտեխնոլոգիական ստատուս-քվոն», այդ ընտրությանը ներգրավվեցին «Օրինաց երկիր»-ն ու ՀՅԴ-ն, որոնք էական դեր խաղացին հանրային բողոքական ընտրազանգվածն ու էներգիան «հավասարաչափ» բաշխելու և կառավարելու գործում, ինչը թույլ տվեց բավական սուր դիմակայությամբ նախագահական ընտրությունից հետո անցկացնել բավական հանդարտ խորհրդարանական ընտրություն:

2007 թվականի խորհրդարանի ընտրությունն անցկացվեց նույն տեխնոլոգիական մեթոդաբանության շրջանակում, առավել ևս գործնականում արժեզրկված ընդդիմության պայմաններում: Իրավիճակը փոխվեց 2008 թվականին, երբ վերադարձավ առաջին նախագահ Տեր-Պետրոսյանը: Այդտեղ կրկին բարձրացավ ֆիզիկական ուժի դերակատարությունը, շեշտակի բարձրացավ, հատկապես հետընտրական գործընթացում: Սակայն, իշխանությանը հաջողվեց հաջորդ իսկ ընտրական պրոցեսին իրավիճակը վերցնել հսկողության ներքո: Թեև համապետական հաջորդ ընտրությունն անցկացվեց 2012 թվականին, սակայն արդեն իսկ 2009 թվականին գործնականում տեղի ունեցավ կիսահամապետական ընտրություն՝ Երևանի քաղաքապետի առաջին ընտրությունը, որում, սակայն ընդդիմությունը գործնականում մնաց խաղից դուրս, «ստատուս-քվոն» արագ վերականգնվեց, հետո վերհաստատվեց արդեն 2012 թվականին, հետո 2013 թվականին: Այժմ առավել քան ակնհայտ է, որ իշխանությունը ընտրական վերարտադրության մեխանիզմի գործարկման հարցում կիրառում է բավական լայն գործիքակազմ, տեխնիկական տարբերակներից, մինչև քաղաքական տարբեր նախագծերի այս կամ այն կերպ խթանումը, ինչը լղոզում է ներքաղաքական դաշտը և պայքարը իրականում տեղափոխում ընդդիմության դաշտ, իշխանություն-ընդդիմություն մրցակցությունը կամ հակադրությունը վերածում ընդդիմություն-ընդդիմություն ֆորմատի: Տվյալ իրավիճակում, իշխանությանը հաջողվել է բավական հիմնարար կերպով փոխել հանրությանն առաջադրվող խնդիրը, իսկ հանրությունն առայժմ որևէ խնդիր չի առաջադրել իշխանությանը, և հազիվ թե իրատեսական է սպասել, որ այն կառաջադրվի 2017-ի համար: Այստեղ է, որ հանրությունն ունի տեղի ունեցող գործընթացները հնարավորինս խորքային պատկերացնելու անհրաժեշտություն, հասկանալու համար, թե ինչպես է պետք լուծել իշխանության առաջադրած խնդիրը և խնդիր ձևակերպել ու առաջադրել իշխանությանը:

Today's most read news !
  • Տաթևիկի ամուսինը ներկա է եղել նրա ծննդյան խնջույքին. Մենեջերը՝ Տաթևիկ Ադումյանի ամուսնալուծության լուրերի մասին
  • Լիկա Սալմանյանի 21-ամյակի երեկույթն ու սիրելիի անակնկալը
  • Ինչպես է անցել Աննա Դովլաթյանի ծննդյան խնջույքը
  • Արմավիրցի 26-ամյա տղամարդը տանուլ տված 80 հազարը «հետ բերելու» համար օղու շշով հարվածել է գյուղի խանութի վաճառողուհու գլխին
  • Սիլվա Հակոբյանի հայրիկը՝ երգչուհու ամուսնության ու աշխատանքային ծրագրերի մասին
  • Մեր դուստրն իր ներկայությամբ բոլորին հանգստություն է պարգեւում. Գայանե Հովհաննիսյանն՝ իր ու Ռոլանդ Գասպարյանի փոքրիկի մասին
  • «Պաշարվածները». նոր փաստավավերագրական ֆիլմ՝ 91-92թթ. սովի ու հրի մատնված Ստեփանակերտի մասին
  • Արցախը ոչ թե կարող է, այլ պարտավո՛ր է «Իսկանդերով» հարվածել. Նորատ Տեր-Գրիգորյանց
Comments
Loading...