Արարատում ՀՀԿ-ն պայքարելու է Աբրահամյանների կլանի դեմ

Ապրիլյան խորհրդարանական ընտրություններին ընդառաջ ռեյտինգային ընտրակարգը խառնաշփոթ է առաջացրել բոլոր կուսակցություններում, հատկապես՝ իշխող Հանրապետական կուսակցությունում: Եվ եթե ոչիշխանական ուժերը թեկնածուների խնդիր ունեն և այդ տարածքներում որոշակի հնարավորություններ կամ հեղինակություն ունեցող մեկին, որ իրենց կուսակցության կամ դաշինքի կողմից առաջադրեն, ապա ՀՀԿ-ի դեպքում մեկ այլ խնդիր կա: Այս կուսակցության թեկնածուները նույն ընտրատարածքում մեծաթիվ են, և նրանց միջև նաև ներկուսակցական սուր պայքար է ծավալվելու:

Հիշեցնենք, որ նախկին մեծամասնական ընտրակարգն այս անգամ փոխարինվեց ռեյտինգային ընտրակարգով: Եվ 41 մեծամասնական ընտրատարածքները դարձրեցին տասներեք՝ համապատասխանեցնելով ինը մարզերի տարածքներին, ևս չորս ընտրատարածք էլ առանձնացվեց Երևանում: Ահա, այս տասներեք ընտրատարածքներից յուրաքանչյուրում կուսակցությունները պետք է 7-15 ռեյտինգային թեկնածու առաջադրեն: Իսկ այդ թեկնածուների քանակը պայմանավորված է տվյալ տարածքի ընտրողների քանակով:

Այսպիսով՝ հանրապետության ամենաթեժ ընտրատարածքը խոստանում է դառնալ Արարատի մարզը: Այստեղ տարիներ շարունակ իրար են բախվել իշխանական տարբեր կլանների շահերը: Եվ իսկզբանե այս մարզում իր ազդեցությունն է ստեղծել Հովիկ Աբրահամյանը: Իհարկե, այդ ազդեցությունը ոչ այնքան իր անձով էր պայմանավորված, որքան այն լծակներով ու հնարավորություններով, որոնց նա տիրապետում էր՝ լինելով իշխանության մեջ: Արարատի մարզում, հատկապես Արտաշատի ենթաշրջանում նախկին բոլոր ընտրությունների ժամանակ Հ.Աբրահամյանն է հարցեր լուծել, և ինքը, իր եղբայր Ջոնիկ Աբրահամյանը կամ զարմուհի Կարինե Պողոսյանն են պարբերաբար այնտեղ՝ թիվ 17 ընտրատարածքից ընտրվել:

Աբրահամյանների դինաստիայից առաջիկա խորհրդարանական ընտրություններին, ամենայն հավանականությամբ, նորից մարզից ռեյտինգային ընտրակարգով առաջադրվողներ կլինեն: Բայց դա արդեն Հանրապետականի կողմից չի լինի, կլինի հավանաբար Գագիկ Ծառուկյանի դաշինքից: Այս դեպքում խոսքը գնում Արտաշատի քաղաքապետ Արգամ Աբրահամյանի մասին: Իսկ մարզում ՀՀԿ-ն նրանց դեմ հանելու է ավելի զորեղ հակառակորդների: Հ.Աբրահամյանը ոչ միայն այդ մարզում, այլև՝ ընդհանրապես ազդեցություն ուներ, քանի որ, ինչպես նշեցինք՝ իշխանական լծակների է տիրապետում: Իսկ հիմա առանց դրանց նա բազմակի անգամ քիչ հնարավորություններ ունի: Եվ նրանց դեմ ՀՀԿ-ի մրցակցությունը շատ բարդ չի լինելու:

Այդպիսով՝ այս մարզում այսօր ՀՀԿ-ի հավանական թեկնածուներից են համարվում Վեդիի՝ նախկին թիվ 18 ընտրատարածքից մեծամասնական ընտրակարգով ընտրված Արայիկ Գրիգորյանը: Քիչ առաջ Արարատում մարզպետ նշանակվեց նրա եղբայրը՝ բնապահպանության նախկին նախարար Արամայիս Գրիգորյանը  Հ.Աբրահամյանի հրաժարականից հետո այդ պաշտոնից հրաժարված Ռուբիկ Աբրահամյանի փոխարեն: Ի դեպ, Գրիգորյան եղբայրներն ավանդաբար լարված հարաբերություններ են ունեցել Աբրահամյանների հետ մարզում ազդեցությունները չկիսելու պատճառով: Հ.Աբրահամյանը միշտ ցանկացել է ոչ միայն մարզում, այլև այս եղբայրների վրա իր հեղինակությունը տարածել, ինչը վերջիններս չեն ընդունել: Այսպիսով հատկապես Հ.Աբրահամյանի հետ վատ հարաբերություններ ունեցող Ա.Գրիգորյանին մարզպետ նշանակելով՝ իշխանությւոններն այդ մարզն ամբողջությամբ հանեցին Աբրահամյանների ազդեցության տակից:

Հավելենք նաև, որ Արարատի մարզում ռեյտինգային թեկնածու կարող է համարվել նաև արդեն Մասիսի՝ նախկին թիվ 16 ընտրատարածքից պատգամավոր Մուրադ Մուրադյանը, որը նույնպես առաջադրվելու հավակնություններ ունի: Ի դեպ, վերջինս նույնպես լարված հարաբերություններ ունի Հ.Աբրահամյանի հետ: Հիշեցնենք, որ 2 տարի առաջ հենց նա ԱԺ-ում բարձրաձայնեց, որ կառավարության կողմից սուբսիդավորվող դիզվառելիքն իրենց մարզում ոչ թե շարքային գյուղացիներին, այլև տեղական իշխանիկներին է բաժին հասնում: Հետո հայտնի դարձավ, որ պետության հաշվին բաժանված դիզվառելիքի մեծ մասը իրենցով են արել Աբրահամյանի հարազատները:

Ի դեպ, վերջին շրջանում ակտիվացել է նաև նախկին ոստիկանապետ և ներկայումս Սերժ Սարգսյանի խորհրդական Ալիկ Սարգսյանը։ Վերջինս 2011թ. այդ պաշտոնից ազատվելուց հետո, ուժային ոլորտում որքան պաշտոն է ազատվում, փորձում է այնտեղ նշանակվել: Եվ ահա, Արարատի մարզը Աբրահամյաններից ազատվելու պայքարին միանալու ցանկություն ունի նա: Հատկապես, որ նա նույնպես լարված հարաբերություններ ունի Աբրահամյանների հետ և ծնունդով հենց Արտաշատի ենթաշրջանից է:

Ի դեպ, ՀՀԿ-ն սկսել է օգտագործել նաև հանրային ծառայությունների ոլորտի երկու այնպիսի խոշոր ընկերությունների տարածքային ներկայացուցիչներին, ինչպիսիք են «Հայաստանի էլեկտրացանցեր» և «Գազպրոմ Արմենիա» ընկերությունները: Եվ Արարատի մարզի երեք՝ Արտաշատի, Վեդիի և Արարատի ենթաշրջանների դեպքում նույնպես խոսակցություններ են շրջանառվում՝ այս երկու ընկերությունների վեց կառույցների ներկայացուցիչներն էլ ամենայն հավանականությամբ ՀՀԿ-ի կողմից կընդգրկվեն ռեյտինգային ցուցակ: Չէ որ նրան ղեկավարում են բավականին մեծ թվով աշխատակիցներ ունեցող կառույցներ: Եվ նրանց առաջադրվելը կարող է զգալի թվով ձայներ բերել ՀՀԿ-ին: Իհարկե, առաջադրվելը չի նշանակում, որ նրանք պատգամավոր են դառնալու: Նրանք ընդամենը ձայներ են ապահովելու, իսկ պատգամավոր կդառնան ընտրյալները: Այս մարզում առայժմ այս թեկնածուներն են ուրվագծվում:

Ի դեպ, ասում են՝ ՀՀԿ-ն այս անգամ շատ մանրակրկտորեն է ընտրելու իր պատգամավորներին և ընտրելու է այնպիսիններին, որոնք բոլոր պարագաներում հավատարիմ են մնալու կուսակցությանը: Որպեսզի չլինեն, օրինակ, Հ.Աբրահամյանի կամ Կ.Պողոսյանի նման մարդիկ, որոնք ինչ-որ պահի իրենցից հեռանալու վտանգ ներկայացնեն: Չէ որ խորհրդարանական կառավարման համակարգում խորհրդարանի դերն է մեծանալու՝ խորհրդարանն է ընտրելու թե՛ երկրի ղեկավարին՝ վարչապետին, և թե՛ երկրի գլուխը հանդիսացող ՀՀ նախագահին:

Today's most read news !
  • Սոֆի Դեւոյան.«Թոռնիկս մյուսների նախանձը չի առաջացնում»
  • Դերասանուհի Էթերի Ոսկանյանի նոր ֆոտոշարք ունի
  • Ես գեղեցիկ եմ, եւ իմ սիրտը զբաղված է. երիտասարդ դերասանուհի Եվա Զոհրաբյանը՝ կարիերայի և անձնական կյանքի մասին
  • Իսկ դուք գիտեք՝ քանի տարեկան են հայ հայտնիները
  • Զառան՝ «Քարե դարդ»-ի և ամերիկյան շրջագայության մասին
  • Զույգերը կարող են վիճել, բայց չդադարել սիրել. Արծրուն Չոբանյանը՝ «Փշրված պատրաքների մի գիշեր» ներկայացման մասին
  • Մերկել-Էրդողան «հակամարտությունն» ու Հայոց ցեղասպանությունը
  • «Այսպես շարունակելն անհնար է». վարչապետ
Comments

Name: