Հովիկ Աբրահամյանին խաբե՞լ են

«Ասեմ, որ Հովիկ Աբրահամյանը պատրաստվում է ակտիվորեն մասնակցել գալիք խորհրդարանական ընտրություններին, այնպես որ՝ մեր համատեղ աշխատանքը շարունակվելու է, անշուշտ». 2016 թվականի սեպտեմբերի 8-ին հայտարարում էր Սերժ Սարգսյանը ՀՀԿ խորհրդի նիստում՝ խորհրդին ներկայացնելով նոր վարչապետ Կարեն Կարապետյանի թեկնածությունը:

Դրանից մոտ 5 ամիս անց Հովիկ Աբրահամյանը հեռացավ ՀՀԿ-ից, և այսօր պարզ չէ, թե նա ընդհանրապես կունենա՞ որևէ մասնակցություն ընտրական գործընթացում, թե՞ ոչ: Համենայնդեպս, ՀՀԿ-ից դուրս գալով և հայտարարելով, որ մնալու է ակտիվ քաղաքականության մեջ, Հովիկ Աբրահամյանը դեռևս չի շտապում հայտարարել որևէ նոր անելիքի մասին, և նաև խորհրդարանական ընտրությունների մասնակից կուսակցությունների և դաշինքների շրջանում չի դրսևորվում մեկը, որը կփորձի որևէ բան առաջարկել և իր դռները բացել Հովիկ Աբրահամյանի առաջ: Բոլորն են հասկանում, որ Աբրահամյանն այս տեսանկյունից որևէ մեկի համար չի կարող լինել նախընտրական առավելություն տվող գործոն և ընդամենը առաջ է բերելու հասարակական անվստահության պաշար:

Ստացվում է, որ Սերժ Սարգսյանը 2016 թվականին հայտարարել է մի բան, իսկ այսօր առկա է բոլորովին այլ իրականություն, և այդ համատեքստում հարց է առաջանում՝ Հովիկ Աբրահամյանը մերժե՞լ է այն դերակատարումը, որ նրա համար սահմանել է Սերժ Սարգսյանը նախընտրական գործընթացում, թե՞ Սերժ Սարգսյանը պարզապես թողել է Աբրահամյանին ձեռնունայն կամ այլ կերպ ասած՝ խաբել է, մոլորեցրել՝ ասելով, որ կունենա նախընտրական ակտիվ դերակատարում, որի տակ երևի թե ենթադրվում էր ՀՀԿ շտաբի պետի պաշտոնը, սակայն հետագայում չի կատարել այդ խոստումը կամ պայմանավորվածությունը, ինչից հետո էլ Աբրահամյանը նեղացել և հեռացել է:

Ընդ որում, կուսակցությունից նրա հեռանալուց և արդեն հունվարի 26-ին ՀՀԿ խորհրդի նիստում Սերժ Սարգսյանի ելույթից առավել հավանական է դառնում այն, որ Հովիկ Աբրահամյանին նախ խոստացվել է ակտիվ դերակատարում, սակայն հետո նա, այսպես ասած, հուսախաբ է եղել: Ընդ որում, բացառված չէ նույնիսկ, որ հենց այդ խոստմամբ է Հովիկ Աբրահամյանը համաձայնել թողնել վարչապետի պաշտոնը, ինչպես 2012 թվականի ընտրությունից առաջ, երբ ՀՀԿ շտաբը գլխավորելու համար Հովիկ Աբրահամյանը թողեց ԱԺ նախագահի պաշտոնը:

Այլ կերպ ասած՝ Սերժ Սարգսյանը կիրառել է Հովիկ Աբրահամյանից ազատվելու նույն տեխնոլոգիան, սակայն ոչ ամբողջապես, այսինքն՝ նրան չի նշանակել ՀՀԿ նախընտրական շտաբի պետ, և Աբրահամյանը կանգնել է ոչ միայն նախընտրական ակտիվ դերակատարում չունենալու, այլև ընդհանրապես որևէ դերակատարում չունենալու փաստի առաջ: Թեև, բացառված չէ նաև, որ Աբրահամյանն այժմ էլ նախընտրական ակտիվ դերակատարում ունի, բայց արդեն ոչ թե իբրև սուբյեկտ, այլ օբյեկտ:

Բանն այն է, որ ՀՀԿ-ից հեռանալով՝ նա, ըստ էության, չի գտնում գործընթացների ակտիվ մասնակցության հնարավորություն, սակայն միևնույն ժամանակ իր քայլով ստեղծել է նոր իրավիճակ, որը բավական խառնել է մի շարք խաղաքարտեր և նոր փաստի առաջ կանգնեցրել նախընտրական գործընթացի  տարբեր սուբյեկտների, որոնք փորձում են հասկանալ, թե ինչ կատարվեց կամ ինչ է կատարվում Հովիկ Աբրահամյանին հեռացնելու միջոցով:

Today's most read news !
  • Գագիկ Ծառուկյանի պատասխանը Սամվել Կարապետյանին
  • Սիրուշոն 12-րդ անգամ ճանաչվել է լավագույն երգչուհի
  • Քիմ Քարդաշյանն Instagram-ում ցուցադրում է մարզված մարմինը
  • Ինձ համար իսկապես անսպասելի էր այս միցանակը. Տաթեւ Հովակիմյանը՝ «Արտավազդ 2017»-ում «Լավագույն երիտասարդ դերասանուհի» կոչման մասին
  • Անաստասիա Բրուխտին՝ Սուպեր Սաքոյի հետ զուգերգի և հայկական արմատների մասին
  • Պատկերը ապրիլի 2-ից հետո
  • Կարեն Բաբաջանյանը՝ երկրից ընդմիշտ հեռանալու մտքերի մասին
  • Ռազմական ինստիտուտի 2 կուրսանտ դանակով հարձակվել են տաքսու վարորդի վրա, թալանել են ու խլել մեքենան
Comments

Name: