Աննախադեպ վիճակ իշխանության ներսում

Անցնող շաբաթ տեղի ունեցած քաղաքական իրադարձությունների շարքում ամենանշանակալիները թերևս կապ չունեին Հայաստանի ընտրական թոհուբոհի և ներքաղաքական ու ներիշխանական վերադասավորումների հետ: Այդ իրադարձությունները ստեղծեցին Եվրամիության և ԱՄՆ դեսպանները՝ իրենց հայտարարություններով: Եվրամիության դեսպան Պյոտր Սվիտալսկին հայտարարեց, որ Հայաստանում սկսում են կոռուպցիայի դեմ պայքարի տեղեկատվական լայն արշավ: Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսն էլ ելույթ ունեցավ Հայ-ամերիկյան առևտրի պալատի ներկայացուցիչների առաջ, կրկին խոսելով կոռուպցիայի դեմ պայքարի անհրաժեշտության, Հայաստանի համար կոռուպցիայի վտանգավորության, անգամ ազգային անվտանգության սպառնալիք լինելու մասին: Միլզը անգամ այնքան թափանցիկ և բաց գտնվեց, որ բերեց Ապրիլյան պատերազմի օրինակը: Թե՛ Եվրամիության դեսպանի, և թե՛ ԱՄՆ դեսպանի ելույթներում բավական նկատելի էր հռետորաբանության թե՛ հստակեցումը ու կոնկրետացումը, և թե՛ որոշակի կոշտացումն ու Հայաստանի իշխանությանն ուղղված նախազգուշական մեսիջները, որ ԱՄՆ-ն ու Եվրոպան թույլ չեն տա խաբել կամ մոլորեցնել իրենց, չարաշահել վստահությունը:

Դեսպանների ելույթներին ի պատասխան, այս անգամ բավականին հետաքրքրական էր պաշտոնական Երևանի արձագանքը, գոնե թարմ արձագանքը, այսպես ասած՝ տաք հետքով արձագանքը: Բանն այն է, որ այս անգամ իշխանության ներկայացուցիչների արձագանքները բավական զուսպ էին, ի տարբերություն, օրինակ, նախկինում տեղի ունեցող համանման դեպքերի, երբ կոռուպցիայի դեմ պայքարի անհրաժեշտության, Հայաստանի անվտանգությանն ու ինքնիշխանությանը սպառնալիքների մասով հայտարարություններին ի պատասխան, ՀՀԿ ներկայացուցիչները, իշխանության ներկայացուցիչները արձագանքում էին որոշակի նախատինքով, թե դեսպանները միջամտում են Հայաստանի ներքին գործերին: Այս դեպքում իշխանությունից չեղավ որևէ այդպիսի արձագանք, չի եղել գոնե առ այսօր, ինչն իսկապես ուշագրավ է հատկապես հենց այն կոշտացման և կոնկրետացման ֆոնին, որ դրսևորվել է Պյոտր Սվիտալսկու և Ռիչարդ Միլզի ելույթներում:Թվում է, որ իշխանության արձագանք էլ պետք է լիներ ավելի կարծրացած, բայց իրականում տեղի է ունեցել հակառակը: Սա իսկապես հետաքրքիր է: Ո՞րն է դրա պատճառը:

Առաջին հերթին, իհարկե նախընտրական շրջանը, որում Հայաստանի իշխանությունը ունի միջազգային հանրությանը դուր գալու խնդիր: Դեռևս 2016 թվականի փետրվարին Սերժ Սարգսյանը հանձնարարել է իշխանական համակարգին, որ գերխնդիրը միջազգային հանրության առաջ նախընտրական պարտավորությունները լիարժեք կատարելն է: Ըստ այդմ, քանի դեռ կա ընտրությունների և դրանց գնահատականի խնդիր, Հայաստանի իշխանությունը ստիպված է լռել և լսել ցանկացած դիտողություն: Միևնույն ժամանակ, խնդիրն այն է, որ ներկայումս Հայաստանի իշխանությունը մեղմ ասած՝ անհասկանալի երևույթ է և պարզ չէ, թե այդ իշխանությունը որտեղ է սկսում և որտեղ ավարտվում:

Ֆորմալ տեսանկյունից հիերարխիան անխախտ է, կա բուրգի գագաթը, հետո աստիճանները, կառույցները և այլն, սակայն դե ֆակտո Հայաստանի իշխանությունը գտնվում է մի փուլում, որտեղ բոլորը բոլորին կասկածում են, որտեղ ընդհանուր շահը դարձել է նվազագույն զգայունության, և որևէ մեկը չի համարձակվում ստանձնել այդ ընդհանուր շահի պաշտպանի դերը, երբ չգիտե, թե դրա դիմաց ինքն ինչ դեր է ստանալու նոր իշխանական ստատուս-քվոյում: Սա իսկապես բացառիկ մի իրավիճակ է, որում, անկասկած, հիմնարար փոփոխությունների հասնելու ակնկալիքները կարող են չափազանցված լինել, սակայն, որում անկասկած, հնարավոր է հասնել այնպիսի զարգացումների, որոնք Հայաստանի իշխող համակարգի գոյության ընթացքում հնարավոր չէին նախկինում և կարող են իրենց եթե ոչ ծավալներով և առերեույթ դրսևորումներով, սակայն իրենց բնույթով և հեռահար ազդեցության ներուժով լինել աննախադեպ, քանի որ իրավիճակն էլ իշխանության ներսում աննախադեպ է, և առաջին հերթին հոգեբանության տեսանկյունից:

Today's most read news !
  • «Հանրային լինել դեռ չի նշանակում հանդուրժել նման դրսևորում սեփական անձի նկատմամբ». Մերի Հակոբյան
  • Գուցե իմ ստացած դաստիարակությունն է պատճառը, որ հրաժարվում եմ բաց տեսարաններում նկարահանվել. Եվա Բաղդասարյան
  • Քիմ Քարդաշյանը կես միլիոն դոլար է ստանում Instagram-ում գովազդային մեկ հրապարակման համար
  • Առնվազն անբարոյականություն կլինի թերագնահատել ՀՀԿ-ի այս ցուցակը
  • Ուտել-խմելու պրոցեսը սիրում եմ, բայց այսօր ընկերական մթնոլորտում չեմ նշի ծննդյանս օրը. Մհեր Խաչատրյան
  • Հենրիխ Մխիթարյանը և Յուրա Մովսիսյանը միմյանց դեմ կխաղան
  • Կայացավ «Հաց բերողի» հոգեհանգստյան արարողությունը
  • Նա իր կյանքի արժեքը մեզ թողնելով՝ մեզ համար օրինակ դարձավ. Արսինե Խանջյանը՝ Հաց բերողի հոգեհանգստին
Comments

Name: