Հազար խոշոր հարկատուները հույսի տեղ չեն թողնում

ՀՀ Պետեկամուտների կոմիտեն հրապարակել է 2016թ.-ին հանրապետության 1000 խոշոր հարկատուների ցուցակը: Սա մի հարթակ է, որի ուսումնասիրությամբ կարելի է պատկերացում կազմել տնտեսության այսօրվա վիճակի եւ վերջին տարիների զարգացումների միտումների մասին:

Խոշորների հարկային վճարումների պատկերը

Սկսենք նրանից, որ համաձայն 2016թ. բյուջեի մասին օրենքի՝ տարվա ընթացքում պետք է հավաքագրվեր 1 տրիլիոն 129 մլրդ դրամի հարկային եկամուտներ ու տուրքեր: Հունվար-դեկտեմբերին հավաքագրվել է 1.078 մլրդ դրամ, որ կազմում է ընդհանուրի շուրջ 95.5%-ը:

Համաձայն ներկայացված 1000 խոշոր հարկատուների ցուցակի՝  2016թ. հունվար-դեկտեմբերի առաջին հարյուր խոշոր հարկատուները վճարել են շուրջ 440 մլրդ  դրամի հարկեր: Սա կազմում է վճարված ընդհանուր հարկերի ավելի քան 40.8%-ը: Վերջին 100 խոշոր հարկատուները վճարել են 11.4 մլրդ  դրամի հարկեր (1.05%-ը):

Նույն ժամանակահատվածում հանրապետության 10 ամենախոշոր հարկատուները վճարել են շուրջ 176 մլրդ դրամի հարկեր ու տուրքեր, որը կազմում է  հարյուր խոշորների վճարածի  40%-ը, իսկ  վճարված ընդհանուր հարկերի 16.3%-ը:

Նախորդ տարվա հետ զուգահեռներ անցկացնելով՝ նշենք, որ 2015թ. հունվար-դեկտեմբերին հավաքագրվել են 1 տրիլիոն 065 մլրդ դրամի հարկային եկամուտներ ու տուրքեր՝ նախատեսված 1.138 տրիլիոնի դիմաց: Առաջին հարյուր խոշոր հարկատուները վճարել են ավելի քան 431 մլրդ դրամի հարկեր (ընդհանուր հավաքագրվածի 40.4%-ը): Վերջին 100 խոշոր հարկատուները՝ 8.5 մլրդ-ի (ընդհանուրի 0.8%-ը):

Նույն ընթացքում 10 ամենախոշոր հարկատուներից  հավաքագրված  հարկերի ու տուրքերի ընդհանուր գումարը կազմել է շուրջ 192 մլրդ դրամ, որ կազմում է հարյուր խոշորների վճարածի ավելի քան 42%-ը, իսկ ընդհանուրի՝ 17%-ը:

Վերոնշյալ թվերից պարզ է դառնում, որ հանրապետության 10 ամենախոշոր հարկատուները իրենց հնարավորություններով «անհամատեղելի» են մյուս 970-980-ի հետ: Առաջին  20-25 հարկատուները վճարում են գրեթե նույնքան, որքան մնացած 950-980-ը:

Ինչ վերաբերում է 2015 եւ 2016թթ.-ներին վճարված հարկերին. չնայած հարյուր խոշորների առումով շուրջ 9 մլրդ դրամով  հավաքագրումների աճ է արձանագրվել, բայց 10 ամենախոշոր հարկատուների առումով շուրջ 16 մլրդ դրամի անկում է տեղի ունեցել, իսկ մյուս կողմից էլ՝ վերջին 100 խոշոր հարկատուները ավելի քան 3 մլրդ դրամ ավելի են վճարել, քան նախորդ տարում:

Ավելորդ չէ նշել, որ  2015թ.-ի  համեմատությամբ անցած տարի միայն 10-րդ հարկատուի դեպքում է, որ վճարած հարկերի գումարի աճ է արձանագրվել, մնացած բոլորի դեպքում միլիարդների հասնող անկում է գրանցվել: Դրանից հետեւում է, որ  հարկային բեռը տեղափոխվում է հազար խոշորների ցուցակի ավելի ետին պլանում գտնվողների վրա: Ամենախոշոր հարկատուները հարկային եկամուտների վճարման առումով սկսել են ընդգծված «համեստ» պահվածք  դրսեւորել:

Գրեթե նույն պատկերն է նաեւ մյուս հարկատուների պարագայում: Պարզ դիտարկումն անգամ ցույց է տալիս, որ վերջին երկու տարիներին, 2014թ.-ի համեմատ, մի շարք ոլորտներում    գործնականում եկամուտների զգալի աճ գրեթե չի արձանագրվել: Բայց մինչ այդ գանք ամենախոշորներին:

Ամենախոշորները՝ իրենց դիրքերում

2016թ.-ին խոշոր հարկատուների առաջին տասնյակում առավելապես նույն ընկերություններն են, ինչ նախորդ տարում. «Գազպրոմ Արմենիա», «Գրանդ տոբակո», «Հայաստանի էլեկտրական ցանցեր», Որոտանի հիդրոէլեկտրակայանների համալիր, «Ալեքս Գրիգ», «Սիփիէս օյլ Քորփորեյշն», «Թեղուտ», «Ղ տելեկոմ», «Արմենիա տելեֆոն կոմպանի», «Ֆլեշ»:

Վերջին տարիներին «Գազպրոմ Արմենիան» հանրապետության թիվ մեկ հարկատուն է: Այն 2016թ.-ին վճարել է շուրջ  42.4 մլրդ դրամի հարկ, 2015թ.-ին՝ 42.6 մլրդ դրամի, 2014թ.-ին՝  42.8 մլրդ դրամի:

2015թ.-ի երկրորդ հարկատու Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը 27.5 մլրդ վճարած հարկերով 2016թ.-ին (9.1 մլրդ) հանգրվանել է հարկատուների 16-րդ հորիզոնականում:

«Գրանդ տոբակո» հայ-կանադական համատեղ ձեռնարկությունը, որ 2015թ.-ին  8-րդն էր վճարած  13.7 մլրդ դրամ հարկերով, անցած տարի բարձրացել է երկրորդ հորիզոնական (22.57 մլրդ-ի հարկեր):

Երրորդ հարկատուն «Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ն է (17.2 մլրդ): Նախորդ տարում մի քիչ պակաս է վճարել:

2015թ.-ին հանրապետության երրորդ հարկատու «Ղ տելեկոմը»  վճարել էր 18.6 մլրդ դրամի հարկեր, իսկ 2016թ.-ին վճարած 12.8 մլրդ-ով արդեն հանրապետության 8-րդ հարկատուն էր:

Որոտանի հիդրոէլեկտրակայանների համալիրը 15.5 մլրդ-ով չորրորդն է (2015թ.-ին 16.95 մլրդ-ով 5-րդն էր):

Հերթական հետքայլն է արել «Ալեքս Գրիգ» ընկերությունը: Վճարած 14.8 մլրդ դրամ հարկերով այն հինգերորդն է: 2015թ.-ին այս ընկերությունը վճարել էր ավելի քան 18.2 մլրդ դրամի հարկ եւ հանրապետության չորրորդ հարկատուն էր, իսկ մինչ այդ՝ 2014թ.-ին, վճարած 21.57 մլրդ դրամով՝ երրորդը:

Սրան հաջորդում է «Սի Փի Էս Օիլ քարփորեյշնը»՝ վճարած 13.8 մլրդ դրամի հարկերով: 6-րդը «Թեղուտ»-ն է (13.3 մլրդ դրամ), որը անցած տարվա համեմատությամբ գրեթե եռակի ավելացրել է իր վճարած հարկերը (4.6 մլրդ-ով 21-րդ հարկատուն էր): Այնուհետ «Ղ տելեկոմն»  ու «Արմենիա Տելեֆոն կոմպանին» են, եւ վճարած 10.9 մլրդ դրամի հարկերով տասնյակը եզրափակում է «Ֆլեշ» ընկերությունը:

Մշակող ընկերությունների դիրքերը հարկային դաշտում վերջին երեք տարիներին կամ՝ հարկերի վճարման տրամաբանական եւ անտրամաբանական տատանումներ

Առաջին 10 խոշոր հարկատուների ցանկում ներկրող, սպասարկման ոլորտի, էներգետիկ եւ հանքարդյունաբերական ընկերություններն են: Միակ ոչ հանքարդյունաբերական արտադրանք տվող ընկերությունը «Գրանդ Տոբակո»-ն է: Տեղական արտադրության ընկերությունների առումով հարկատուների երկրորդ տասնյակում էլ գրեթե նույն պատկերն է. այստեղ էլ մեր տնտեսությունը «արդյունաբերականացնողը» Վարդանյանների ընտանիքին պատկանող «Մասիս տոբակո»-ն ու «Գրանդ Քենդի»-ն են:

Խոշոր հարկատուների առաջին հարյուրյակներում հազիվ մեկ-երկու տասնյակ  արդյունաբերական ընկերություններ կան. Վարդանյաններից զատ՝ ԵԿԳ-ն է, Պռոշյանի կոնյակի գործարանը,   «Կոկա-կոլան», երկու գարեջրի գործարաններ, «Արմա ալկո», «Ջերմուկ գրուպ», «Արաքս» թռչնաֆաբրիկա, «Աթենք», «Արմենիա Վայն», Երեւանի Արարատ Կոնյակի, օղու, գինու կոմբինատ,  «Դուստր Մարիաննա», Արտաշատի պահածոների գործարան եւ այլն:

Հասկանալու համար վերջին երեք տարիներին Հայաստանի արդյունաբերական ընկերությունների զարգացման ընթացքը, պարզ համեմատություններ անենք դրանցից մի քանիսի հարկային վճարումների առումով:

Ոլորտի հզորներից ԵԿԳ-ն վճարած 4.9 մլրդ դրամի հարկերով 21-րդ հարկատուն է, մեկ տարի առաջ գրեթե նույնքան վճարումով 18-րդ հարկատուն էր, մինչդեռ  2014թ.-ին վճարել էր  ավելի քան  7 մլրդ դրամի հարկ:  Պռոշյանի կոնյակի գործարանը, որ  2014թ.-ին վճարել էր 1.437 մլրդ դրամի հարկ, 2015թ.-ին՝ 1.432, 2016թ.-ին վճարել է 1 մլրդ 258 մլն դրամի հարկ:  Երեւանի Արարատ կոնյակի, գինու, օղու կոմբինատը համապատասխանաբար՝ 2014թ.-ին 1 մլրդ

163 մլն, 2015թ.-ին՝ 795 մլն եւ 2016թ.-ին՝ 830 մլն դրամ:

Այս ընկերությունների մոտ արձանագրվող անկումը թերեւս կարելի է բացատրել ռուսական շուկայի վիճակով, քանի որ սրանց արտադրանքը հիմնականում արտահանվում եւ իրացվում է այդ շուկայում: Բայց եթե առաջին երկու ընկերությունների պարագայում անկման առումով որոշակի համաչափություն կա, ապա երրորդի դեպքում համեմատության մեջ անկումը  գրեթե կրկնակի է, որ բացատրության կարիք ունի:

Բացատրության կարիք ունի նաեւ այն, որ 2014թ. խոշոր հարկատուների ցանկի երրորդ հորիզոնականում գտնվող «Ալեքս Գրիգ» ընկերությունը վերջին տարիներին  արձանագրում է հարկային մուծումների սահուն անկում, որը, սակայն, հնարավոր չէ բացատրել, ասենք, հեռահաղորդակցության ոլորտի ընկերությունների անկման տրամաբանությամբ՝ այն պարզ պատճառով, որ եթե նրանց պարագայում տեխնոլոգիաների գերարագ զարգացումը, բնակչության կողմից, ասենք՝ սկայպից, վայբեռից օգտվելը օբյեկտիվորեն բերում է ընկերությունների եկամուտների շեշտակի կրճատման, ապա Սամվել Ալեքսանյանին պատկանող այս ընկերությունը, ի թիվս բազմաթիվ այլ արտադրությունների,  ներկայացնում է նաեւ «Երեւան Սիթի» խանութների ցանցը, որը տարեցտարի հաստատակամ ընդարձակվում է: Հետեւաբար եկամուտներն էլ են «ընդարձակվում»: Մինչդեռ Պետեկամուտների կոմիտեի արդեն նոր ղեկավարությունը վերջինիս կողմից հարկերի նվազեցումը բացատրում է ընկերության կողմից ներկրումների ծավալների նվազմամբ:

Բոլորովին չէր խանգարի, եթե համապատասխան պատասխանատու մարմինները բացատրեին նաեւ, թե ինչի արդյունքում է, ասենք, «Արաքս» թռչնաֆաբրիկայի վերջին երկու  տարիներին հարկային վճարումների  ավելի քան 150 մլն-անոց (մոտ 20%) անկումը.  2014թ.-ին վճարած 986 մլն դրամից կորն իջնում է   831 մլն եւ  2016թ.-ին բարձրանում ընդամենը 3 մլն դրամով:

Արտաշատի պահածոների գործարանի վճարած հարկերը  2014թ.-ի  839 մլն դրամից կայունորեն նվազելով՝  2015թ.-ին հասել 681 մլն-ի, իսկ արդեն անցած տարի՝  665 մլն-ի: Ավշարի գինու գործարանինը, 2014-2015թթ..-ներին  վճարելով, տարեկան  514 մլն դրամից նվազել է  299 մլն դրամի:  «Դուստր Մարիաննայի» դեպքում 2014թ.-ի  849 մլն-ից,  2015թ.-ին՝ 752 մլն եւ 2016թ.՝ 761 մլն-ի:

Այս ֆոնին թերեւս կարելի է եզակի ու հաճելի բացառություն համարել «Աթենք» մսամթերք արտադրող ընկերությանը, որը  2014թ.-ին վճարել է 982  մլն դրամի հարկեր, կայուն աճ արձանագրելով՝ 2016թ.-ին այն հասցրել է 1 մլրդ 040 մլնի:

Նշյալ եւ նյութում չներառված   հարյուրներով ընկերությունների մոտ հարկերի վճարման 10-20-30%-անոց անկում է, ինչից հետեւում է ընդամենը երկու բան. կա՛մ նրանք մասսայաբար թաքցնում են իրենց եկամուտները, կա՛մ տնտեսությունը ահավոր վատ վիճակում լինելով՝ շարունակում է աննախադեպ անկումը:

Today's most read news !
  • «Հանրային լինել դեռ չի նշանակում հանդուրժել նման դրսևորում սեփական անձի նկատմամբ». Մերի Հակոբյան
  • Գուցե իմ ստացած դաստիարակությունն է պատճառը, որ հրաժարվում եմ բաց տեսարաններում նկարահանվել. Եվա Բաղդասարյան
  • Քիմ Քարդաշյանը կես միլիոն դոլար է ստանում Instagram-ում գովազդային մեկ հրապարակման համար
  • Առնվազն անբարոյականություն կլինի թերագնահատել ՀՀԿ-ի այս ցուցակը
  • Ուտել-խմելու պրոցեսը սիրում եմ, բայց այսօր ընկերական մթնոլորտում չեմ նշի ծննդյանս օրը. Մհեր Խաչատրյան
  • Հենրիխ Մխիթարյանը և Յուրա Մովսիսյանը միմյանց դեմ կխաղան
  • Կայացավ «Հաց բերողի» հոգեհանգստյան արարողությունը
  • Նա իր կյանքի արժեքը մեզ թողնելով՝ մեզ համար օրինակ դարձավ. Արսինե Խանջյանը՝ Հաց բերողի հոգեհանգստին
Comments

Name: