Սերժ Սարգսյանը ՀՀԿ-ն հռչակեց ապաքաղաքական մեծամասնություն

Նախօրեին Սերժ Սարգսյանը քաղաքական գործչի իր պատկերացումներն է ներկայացրել ՀՀԿ քաղաքական դպրոցի անդրանիկ ունկնդիրներին: Եթե համադրենք Սերժ Սարգսյանի ներկայացրած պատկերացումները այն կադրային քաղաքականության հետ, որ նա է իրականացրել անցնող տասնամյակում, պետական կառավարման տարբեր պաշտոնների նշանակելով տարբեր մարդկանց, ապա ստացվում է, որ Սերժ Սարգսյանն ինքն իր պատկերացումներին չի հավատացել կամ չի վստահել: Դրա համար բավական է, օրինակ, վերցնել նրա ղեկավարած կուսակցության խորհրդարանական մեծամասնությունն ու համեմատել, թե այդ բացարձակ մեծամասնությունից քանի՞ մարդ է համապատասխանում քաղաքական գործչի մասին Սերժ Սարգսյանի պատկերացումներին:

Ըստ այդմ, ներկայացնելով իր պատկերացրած քաղաքական գործչի կերպարը ՀՀԿ քաղաքական դպրոցի ունկնդիրներին, Սերժ Սարգսյանը փաստորեն հայտարարել է, որ իր կարծիքով՝ Հայաստանի քաղաքական թիվ մեկ կառույցում՝ խորհրդարանում, մեծամասնություն են կազմում ապաքաղաքական տարրերը, այսինքն՝ Հայաստանի խորհրդարանում ապաքաղաքական մեծամասնություն է:

Սա, իհարկե, նորություն չէ, սակայն Սերժ Սարգսյանն այդ մասին բարձրաձայնում է առաջին անգամ: Իհարկե, նա ունի դա բարձրաձայնելու իր պատճառները, որոնք թելադրված են նոր ներիշխանական իրավիճակով, խորհրդարանի նոր ընտրության «շնչառությամբ», ինչպես նաև ընդհանրապես նախագահի պաշտոնը թողնելուց հետո սեփական քաղաքական ծրագրերի բովանդակության շուրջ մտորումներով: Այդ ամենը Սերժ Սարգսյանի համար ստեղծում են անհրաժեշտություն, պատճառներ, մոտիվներ, որպեսզի նա խորհրդարանական մեծամասնությունը հռչակի ապաքաղաքական: Այն մեծամասնությանը, որին ընդամենը մեկ-երկու տարի առաջ սատարում էր՝ ասելով, թե մեծամասնությունը չէ խնդիրը, այլ դրա ներկայացուցիչներին լուրջ հարցեր տալու պատրաստ լրագրողների բացակայությունը, խորհրդարանում աշխատող լրագրողների որակական ցածր մակարդակը:

Այսօր արդեն Սերժ Սարգսյանը ըստ էության խմբագրում է իր խոսքը, թեև նրա պարագայում դա էլ կարծես թե նորություն չէ: Օրինակ՝ Սերժ Սարգսյանն արդեն երկու անգամ խմբագրել է 2014 թվականին ասված այն խոսքը, թե ինքը՝ Սերժ Սարգսյանը, պատասխանատվությամբ հայտարարում է, որ այլևս երբեք չի առաջադրվելու նախագահ կամ վարչապետ: 2015 թվականի դեկտեմբերին նրան հարց է ուղղվել, թե արդյո՞ք այդ խոսքը ուժի մեջ է, ինչին ի պատասխան՝ Սարգսյանն ասել է, որ իր քաղաքական ծրագրերը կախված են խորհրդարանի 2017 թվականի ընտրության արդյունքից: Նույն հարցը, այլ ձևակերպմամբ, նրան մի քանի ամիս առաջ տվել է «Ալ Ջազիրա» արաբական հեռուստաալիքի լրագրողը՝ հարցնելով, թե արդյո՞ք Սերժ Սարգսյանը նախագահի պաշտոնը թողնելուց հետո կհավակնի վարչապետի պաշտոնին: Դրան էլ ի պատասխան՝ Սարգսյանը հայտարարել է, որ այդպիսի հեռանկարների համար պետք է, որպեսզի ՀՀԿ-ն շատ լավ արդյունք ցույց տա 2017-ին, քանի որ առանց այդ պատկերի հնարավոր չէ խոսել հետագա զարգացումների մասին:

Այսինքն՝ երբ Սերժ Սարգսյանն իր պատասխանատու հայտարարությունները խմբագրում է անգամ այդպիսի կարևորագույն, վճռորոշ նշանակության հարցերի պարագայում, արդեն որևէ զարմանալի բան չկա, որ ներկայումս նա կարող է խորհրդարանական մեծամասնությունը հռչակել դե ֆակտո իր քաղաքական պատկերացումներին չհամապատասխանող, այսինքն՝ իր կարծիքով՝ ապաքաղաքական մեծամասնություն: Այս պարագայում երևի թե տեղի է ունենում հայաստանյան իշխանական իրականության համար որոշակիորեն նոր մի երևույթ՝ ընդունվածից, ավանդականից տարբեր:

Ինչպես էր սովորաբար՝ հեռանում էր առաջնորդը կամ գլխավոր դեմքերը, որից հետո մյուսները սկսում էին ուղիղ կամ անուղղակի, կոշտ, թե նրբորեն քննադատել, մեղադրել, պիտակավորել հեռացողին: Սերժ Սարգսյանը փոխում է ուղղությունը, և այս անգամ հեռանում է առաջնորդի տակ գտնվող մեծամասնությունը, և առաջնորդն է սկսում որակումներ տալ՝ ուղիղ, թե անուղղակի, հեռացող կամ հեռացվելիք մեծամասնությանը՝ նախապատրաստելով իր հետագա քաղաքական ծրագրերի նոր մեծամասնություն:

Today's most read news !
  • Արմենչիկ.«Երեխաներս ժամանակի ընթացքում կսովորեն դրան»
  • Լիլիթ Մուրադյանի նոր լուսանկարը դստեր հետ եւ էմոցիոնալ գրառումը
  • «OutDance»՝ նոր սիթքոմ «Շանթ»-ի եթերում
  • «Շատ կկարոտեմ». Գայանե Ավետիսյանը պատմել է՝ ինչու այլևս չի նկարահանվելու «Դոմինո»-ում
  • «Հուսամ, լավ արձագանքներ կլսեմ». Արտյոմ Մարկոսյանը նորություն ունի
  • Ինչպես է անցել Դիանա Շատվերյանի ծննդյան խնջույքը
  • Եթե ինձ ձայն չտաք, մեկ է՝ լցնելով իմ ուզած թիվը կգրանցեմ, ավելի լավ է ընտրեք. Շմայսի քարոզարշավը
  • Քոչարյանը նոր պլաններ է մշակում. ինչպես թեժացնել իրավիճակը և ներքաշել Ծառուկյանին
Comments
Loading...