Օլիգարխների խուտուտը, կամ «միլիցեն» էլ արդեն չի փրկի

Իր պաշտոնավարման հարյուր օրվա առթիվ վարչապետ Կարեն Կարապետյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով բանանի ներկրման խնդրին, մասնավորապես լրագրողի հարցին՝ արդյոք վարչապետը պարզել է նախկինում բանանի ներկրմանը խոչընդոտողները ովքեր են եղել և արդյոք նրանք պատասխանատվության ենթարկվել են, պատասխանեց. «Պատկերացնում եք՝ ամեն բանան ներկրողին ես իմանամ: Ինձ համար կարեւոր հարց չէ, թե պատիժ կրե՞լ են, թե ոչ, կարեւորը էլ նման տենդենց չլինելն է: Ինձ միլիցա մի սարքեք»:

Որ օլիգարխիան դարձել է Հայաստանի զարգացման գլխավոր արգելակներից մեկը, կարծես թե որևէ կասկած չկա: Այդ մարդկանց համար որևէ զարգացում վտանգավոր է, որովհետև կարող է վտանգի տակ դնել իրենց գերադրական տնտեսա-քաղաքական դիրքը: Քանի դեռ Հայաստանում չի կազմալուծվել օլիգարխիական համակարգը, բարեփոխումների արդյունավետության մասին խոսելն ավելորդ է: Դա նույնիսկ իշխանությունն է ընդունում, բայց դրանք, իհարկե, գերազանցապես բանավոր հարձակումներ են, այսպես ասած՝ անմեղ կսմիթներ, որոնք օլիգարխիային նույնիսկ խուտուտ են տալիս՝ թույլ չտալով բթացնել զգոնությունն ու այսպես ասած՝ լճանալ ինքնամոռացումի մեջ:

Հարցն այստեղ հենց այն է, թե արդյո՞ք Սերժ Սարգսյանը և Կարեն Կարապետյանը ունեն օլիգարխիայից ազատվելու անկեղծ ցանկություն, թե՞ նրանք երկուսն էլ մի կողմից օլիգարխիայի դեմ անողոք պայքարի մասին ելույթներ է ունենում, մյուսով՝ ամուր բռնել է օլիգարխիայի ձեռքը և քայլում է նրա հետ: Շատերը տարօրինակ կհամարեն, եթե որևէ մեկը խոսի այն մասին, որ Սերժ Սարգսյանի և Հայաստանի օլիգարխիկ դասի միջև առաջանում են լուրջ, նույնիսկ ստրատեգիական հակասություններ, որոնք հավանական են դարձնում նաև երկու կողմերի լրջագույն հակադրությունը:

Ավելին՝ շատերն իրավիճակի այդօրինակ գնահատականը կարող են նույնիսկ ծիծաղելի համարել, նախևառաջ ասելով, որ օլիգարխիկ դասն ու Սերժ Սարգսյանը ձեռք ձեռքի տված են կառուցել ներկայիս իշխանական համակարգն ու ըմբոշխնում դրա պտուղները, և բացի այդ էլ՝ կարող են ասել, որ Սերժ Սարգսյանն այդ ընթացքում ինքն էլ, ըստ էության, օլիգարխ է դարձել: Այդ ամենն իհարկե կա, և դժվար է իհարկե հերքել դա, սակայն խնդիրը իրականում շատ ավելի լայն ու խորն է և պետք չէ դրան նայել միայն մի տեսանկյունից, դիտարկել միայն դրա մի երեսը:

Այո՛, Սերժ Սարգսյանին ու օլիգարխիկ դասին միավորող համատեղ անցյալ կա, համատեղ ներկա, ապագայի միտված բազմաթիվ շահեր: Բայց, ի վերջո, պետք չէ թերագնահատել երկու կարևոր հանգամանք` Հայաստանը պետություն է` միջազգային իրավունքի սուբյեկտ, և Հայաստանն ունի հասարակություն, քաղաքացիներ: Ի՞նչ է նշանակում լինել պետություն, միջազգային իրավունքի սուբյեկտ: Դա նշանակում է լինել աշխարհաքաղաքականության մաս: Փոքր մաս, մեծ մաս, էական թե անէական մաս՝ տվյալ պարագայում այնքան էլ կարևոր չէ: Հայաստանը աշխարհաքաղաքականության մաս է, ընդ որում՝ այդ տեսանկյունից չափազանց կարևոր տարածաշրջանում, որտեղ գերտերությունները հետապնդում են ռազմավարական լուրջ շահեր: Սերժ Սարգսյանի համար դա կարևոր պատասխանատվություն է:

Երբ նա Հայաստանի նախագահ, Կարեն Կարապետյանն էլ վարչապետ է հանդիսանում աշխարհաքաղաքական շեշտադրումների տեսանկյունից շրջադարձային մի ժամանակաշրջանում, նրանց պատասխանատվությունը դառնում է կրկնակի, և գուցե առավել առարկայական: Հայաստանի օլիգարխիկ դասը, այդ տեսանկյունից, այդպիսի պատասխանատվություն չունի: Չի էլ ունեցել, բայց բանն այն է, որ մինչև այդ Հայաստանի նախագահն ու վարչապետն էլ չեն ունեցել շրջադարձային որոշումների կայացման անհրաժեշտություն: Ներկայումս թե մեկից, և թե մյուսից պահանջվում են այդպիսի որոշումներ, քանի որ դա է պահանջում համաշխարհային քաղաքական կոնյունկտուրան: Իսկ այդ որոշումները անխուսափելիորեն շոշափելու են օլիգարխիկ դասի շահը:

Բանն այն է, որ աշխարհում ներկայումս նկատվում է քաղաքականության հասարակայնացման միտում: Համաշխարհային տնտեսական ճգնաժամը ի ցույց դրեց ոչ միայն համակարգային և կառուցվածքային, այլ նաև քաղաքակրթական խնդիրները, որ առկա էին համաշխարհային գործընթացների կառավարման հիմքում: Այդ գործընթացներում լրջագույն խզվածք էր առաջացել վերնախավերի` տնտեսական և քաղաքական, ու հասարակությունների միջև:

Հայաստանը չի կարող զերծ մնալ համաշխարհային քաղաքական ու տնտեսական արդի միտումների ազդեցությունից, հետևաբար Հայաստանի իշխանությունը չի կարող ուշադրություն չդարձնել կառավարման պրոցեսների հասարակայնացման համաշխարհային գործընթացին: Այստեղ ահա առաջանում է Հայաստանի հասարակության, քաղաքացիների գործոնը: Վերջին տարիներին այդ գործոնը զգալիորեն ակտիվացել է, այդ թվում նաև նոր տեխնոլոգիաների` սոցիալական ցանցերի ակտիվ կիրառականության շնորհիվ:

Մի կողմից՝ իշխանությունն անկարող է կանգնեցնել նոր տեխնոլոգիաների ընթացքը, մյուս կողմից՝ դրանք նպաստում են քաղաքացիականության ակտիվ գեներացմանը: Սրանք օբյեկտիվ իրողություններ են, որոնք կարող է հաշվի չառնել միայն ինքնասպան իշխանությունը: Այլ կերպ ասած՝ Հայաստանի ներքին քաղաքացիական ճնշումն ուժգնանալով, լրացնում է համաշխարհային տրամադրությունների ազդեցությունը Հայաստանի իշխանության վարքի վրա: Իսկ ի՞նչն է այստեղ առաջ բերում Սերժ Սարգսյան-Կարեն Կարապետյան տանդեմ-օլիգարխիա հակադրության և հնարավոր հակամարտության պոտենցիալ: Այն, որ Հայաստանի օլիգարխացման մակարդակն այնքան բարձր է, որ կառավարման գործընթացի հասարակայնացման ցանկացած փորձ պահանջում է ոտնձգություն օլիգարխիայի տիրույթների հանդեպ:

Դա սկզբունքորեն կոնֆլիկտածին իրավիճակ է՝ հատկապես նկատի ունենալով Հայաստանի օլիգարխիկ դասի ինտելեկտի, աշխարհայացքի սահմանները, հարաբերությունների պարզաբանման արժեհամակարգային առանցքը: Խնդիրն այն չէ, որ Սերժ Սարգսյանն ու քաղաքական իշխանությունը էապես տարբերվում են իրենց ինտելեկտով և աշխարհայացքով ու արժեհամակարգով: Բայց կարգավիճակի տարբերությունը իրավիճակը առավել հստակ պատկերացնելու, սեփական մաշկին առավել մոտ պատկերացնելու և վտանգները առավել հստակ հասկանալու հիմք է հանդիսանում: Այդ առումով Կարեն Կարապետյանը, անկասկած, Սերժ Սարգսյանից շատ ավելի լավ է պատկերացնում այն վտանգները և ռիսկերը, որ կան: Բայց հաստատապես ունի դրանք օլիգարխիկ դասին բացատրելու և հասկանալի դարձնելու խնդիր: Մնում է միայն անվերապահ վստահության հարցը, բայց քաղաքական իշխանության հանդեպ օլիգարխիայի վստահությունն էլ մինչև իշխանության ձեռքը օլիգարխիայի մազին հասնելն է:

Today's most read news !
  • Երկու թևերի որոշակիացող պայքարը. ինչ է սպասվում հանրությանը
  • Եղբորս մահը երբեք չեմ օգտագործել ինձ PR անելու համար. Գուրգեն Դաբաղյան
  • Ռոբսոն, Դոն Պիպո․Ռուսաստանի հանցագործ աշխարհի հայ ներկայացուցիչներն աջակցում են Կարեն Կարապետյանին
  • «Չեյնջ 2»-ը «Արմենիա Պրեմիում»-ի եթերում կցուցադրվի ապրիլի 4-ից
  • Իմ և ամուսնուս խոսակցություններն երբեմն այնքան բուռն են լինում, որ ասում եմ` վերջ. Զառա Սահակյան
  • Շառլ Ազնավուրը բացահայտել է իր բնավորության գլխավոր հայկական գիծը
  • Վաչե Թովմասյանը` իր և Կարեն Բաբաջյանյանի միջև եղած խնդիրների և չշփվելու մասին
  • Քիմ Քարդաշյանը ցանկանում է ևս մեկ երեխա ունենալ
Comments

Name: