Իսկ որքա՞ն ավելացված արժեք ես ստեղծում դու

2016թ.-ին նորանշանակ կառավարության կարգախոսն էր՝ «Իսկ որքա՞ն ավելացված արժեք ես ստեղծում դու»: Սկսած հանրապետության վարչապետից, վերջացրած տնտեսական բլոկի նախարարներով՝ բոլորը բոլոր հանդիպումներում առաջնահերթ խոսում էին ավելացված արժեք ստեղծելու անհրաժեշտության մասին: «Որքանո՞վ է արդյունավետ, եթե մարդը ավելացված արժեք չի ստեղծում տնտեսության մեջ, ու մենք հարկերի հաշվին վճարում ենք նրան։ Գումարը պետք է արդյունավետ ծախսվի, տնտեսական աճ ապահովի: Եթե այդ գումարը կարելի է տնտեսել և նույն ծառայությունն այլ ձևաչափով ունենալ, ուրեմն պետք է գնալ դրան: Եթե ես կարող եմ առանց ձախողելու արդյունքային ցուցանիշներ գրանցել, բայց գնալ մարդկանց կրճատելու ճանապարհով, ես պետք է գնամ այդ քայլին»,- հայտարարում էր ֆինանսների նախարար Վարդան Արամյանը:

Արդյունքում հոկտեմբեր-դեկտեմբերին կառավարությունը հասցրեց հապշտապ կրճատել 4 ԾԻԳ և մի քանի ՊՈԱԿ: Բայց կրճատումների գործընթացի կեսից գաղափարը հընթացս խմբագրվեց, ու հայտարարվեց, որ ավելի ճիշտ է ոչ թե կրճատել ԾԻԳ-երը, այլ դրանց ունեցած ռեսուրսներն արդյունավետ օգտագործել:

Ամբողջ այդ ընթացքում ֆինանսների նախարար պրն Արամյանն այդպես էլ չկարողացավ պատասխանել, թե որքան գումար է տնտեսվելու անարդյունավետ համարվող ՊՈԱԿ-ների լուծարման, ԾԻԳ-երի բարեփոխման արդյունքում: «Առայժմ հայտնի չէ: Հայտնի չէ նաև, թե քանի մարդ այս կրճատումների հետևանքով առանց աշխատանքի կմնա: Դեռևս ամբողջական հաշվարկ չունենք: Օրինակ՝ ֆինանսների նախարարության մասով կանխատեսում եմ, որ մոտավորապես կտնտեսենք 150-200 միլիոն դրամ: Կրճատվողները կարող են լինել մոտ 50 հոգի: Վերջում կերևա»: Իսկ վերջն այդպես էլ չի երևում: Իհարկե, վարչապետը իր գործունեության 100 օրվան նվիրված ասուլիսում շատ կարճ ու անորոշ նշեց, որ գերատեսչությունների աշխատակազմերի և ՊՈԱԿ-ների օպտիմալացման արդյունքում 2017 թվականին ակնկալվում է տնտեսել շուրջ 3,9 մլրդ դրամ։ Ընդհանուր հաստիքների քանակը կկրճատվի շուրջ 12%-ով՝ առկա 22961-ից դառնալով 20059։

Մինչդեռ նախարարները իրենց նախարարություններում երկու-երեք տասնյակ կրճատված ու կրճատվողների մասին են խոսում (ընդ որում՝ աբրահամյանական դուրս գրված մեքենաների տարբերակով այս պարագայում էլ թափուր մնացած հաստիքներն են կրճատվում): Այդ թվում և՝ արդարադատության նախարարությունում, որտեղ 2016թ. դեկտեմբերին «բարեփոխումների շրջանակում» մարդկանց ազատել են աշխատանքից, բայց մեկ-երկու օր անց շտապով վերականգնել: Այդ ամենից հասկացվում է, որ ժամանակին հասարակությանը շտապ ինչ-որ բան ցույց տալ էր պետք, և ստիպված էին գործընթացը սկսել առանց իրավիճակի ուսումնասիրության:

Տոներից հետո կարծես կառավարությունում չկա նախկին «խանդավառությունը»: Այդ առումով հիմա խոնարհ լռություն է, ավելացված արժեք ստեղծելու կարգախոսի մասին ընդհանրապես մոռացել են: Այնինչ նախատեսվում էր կրճատումների երկրորդ փուլն սկսել 2017թ.-ի հունվարից: Իհարկե, այսօրվա պայմաններում մարդկանց առանց աշխատանքի թողնելը ահավոր ծանր բան է, և թող թյուր տպավորություն չստեղծվի, թե դրա կողմնակիցն ենք: Զուտ մարդկային առումով դա միանշանակ անընդունելի է: Բայց հարցն այն է, որ երբ կառավարության մակարդակով հայտարարություններ են արվում, երբ գործընթացների հստակ փուլեր են ֆիքսվում, և հետո «մոռանում են», ակամայից դադարում ես լուրջ վերաբերվել ներկայացվող ծրագրերին, արվող հայտարարություններին, տրվող խոստումներին:

Առջևում ընտրություններ են, ինչի համար էլ, հասկանալիորեն, կրճատումների գործընթացը կանգնեցվել է: Տրամաբանական է, որ նման քայլն ընտրությունների նախօրեին դժգոհությունների մեծ ալիք կբարձրացներ: Բայց հայտարարությունն անելիս էլ պարզ էր, որ առջևում ընտրություններ են՝ հնարավոր ալիքային հետևանքներով:

Խոսվում է, որ նախարարությունների և պետական մարմինների օպտիմալացված կառուցվածքները, նոր հաստիքակազմերը վաղուց կառավարությունում են, բայց դրանց հաստատումը կթողնվի ապրիլից հետո: Փաստորեն մի քանի հազար մարդու (հետևաբար և ընտանիքի) առաջ իրենց իսկ ստեղծած պրոբլեմը քաղաքական նպատակներով թաքցնում են՝ դա ծառայեցնելով իրենց իսկ շահերին: Ի վերջո, 3 հազար ընտանիքի դեպքում ավելի քան 10 հազար ընտրող ձայն է ստացվում, որը լուրջ թիվ է, և ազնիվ վարվելու դեպքում կարող են կորցնել: Մինչդեռ կառավարությունը պատրաստվում է այդ մարդկանց ազատել աշխատանքից, բայց մինչ այդ փորձում է իր օգտին ստանալ նաև նրանց ձայները: Ազնիվ չէ:

Որ պետական ապարատը, տեղական ինքնակառավարման մարմինները գերուռճացված են՝ չի ժխտում ոչ ոք: Նախկին վարչապետ, ԱԺ պատգամավոր Հրանտ Բագրատյանը հայտարարում է, որ կառավարությունն իր այսօրվա թվաքանակով 2-3 անգամ գերազանցում է իր ղեկավարած կառավարությանը: Մինչդեռ ֆունկցիաները ոչնչով չեն փոխվել: Աշխատանքի որակն էլ տեսնում ենք՝ գրեթե ամբողջ տասնամյակ խորը ճգնաժամի մեջ ենք: Դեռ աբրահամյանական բարեփոխումների ժամանակ գյուղատնտեսության 5 փոխնախարարներից երեքը կրճատվեցին, ու պարզվեց՝ այդ մասին նաև հայտարարվեց, որ դրանից ոլորտի աշխատանքները ոչնչով չեն տուժել (իհարկե, արդեն այս կառավարության օրոք փոխնախարարների թիվը նորեն մեկով ավելացավ):

«Մինչև 98 թիվը ԱԺ-ն ուներ 260 աշխատակից, 260 պատգամավոր, և յուրաքանչյուրին մեկ հոգի էր սպասարկում, հիմա պատգամավորների թիվը կրճատվել է, բայց ապարատը 810 է դարձել, այսինքն՝ յուրաքանչյուրին սպասարկողի թիմը 6 անգամ ավելացել է»,- ասում է ԱԺ պատգամավորը:

Նույն իրավիճակն է նաև համայնքապետարաններում: Հունվարին էլ կառավարությունում նոր ռազմավարական նախաձեռնությունների կենտրոն ստեղծվեց, որի գործունեությունը կլինի այն, որ առաջիկայում կզբաղվի վերլուծական-խորհրդատվական կենտրոններ փնտրելով, որպեսզի պատվիրի ոլորտային, տնտեսական ռազմավարություններ մշակել կառավարության համար:

Այս պայմաններում, եթե կառավարությունն, իրոք, նպատակ ունի իրավիճակ փոխելու, ապա առնվազն 40-50%-ով պետք է կրճատի պետական հատվածի աշխատակիցների թիվը (չնայած եվրոպական երկրների օրինակն են բերում, որտեղ աշխատակիցները շատ ավելին են):

Միանշանակ է, որ կառավարությունը այդ համարձակությունը չի ունենա: Հետևաբար կարելի է առժամանակ հանգիստ թողնել այդ 3000 «ավելորդ» աշխատողներին և ավելի լրջորեն զբաղվել հայտարարված 850 մլն դոլարի ներդրումներով: Գործընթացի հաջող ձեռնարկումից հետո արդեն, երբ ամեն ինչ լավ լինի, կանդրադառնաք ավելորդներին, որ իրականում բազմապատիկ անգամ ավելի են: Ու չնայած ՀՀԿ-ին բնորոշ է, այդուհանդերձ՝ գեղեցիկ չէ, մարդկանցից ավելի քան 10 հազար ձայն տանել ու հետո ազատել աշխատանքից:

Today's most read news !
  • «Հանրային լինել դեռ չի նշանակում հանդուրժել նման դրսևորում սեփական անձի նկատմամբ». Մերի Հակոբյան
  • Գուցե իմ ստացած դաստիարակությունն է պատճառը, որ հրաժարվում եմ բաց տեսարաններում նկարահանվել. Եվա Բաղդասարյան
  • Քիմ Քարդաշյանը կես միլիոն դոլար է ստանում Instagram-ում գովազդային մեկ հրապարակման համար
  • Առնվազն անբարոյականություն կլինի թերագնահատել ՀՀԿ-ի այս ցուցակը
  • Ուտել-խմելու պրոցեսը սիրում եմ, բայց այսօր ընկերական մթնոլորտում չեմ նշի ծննդյանս օրը. Մհեր Խաչատրյան
  • Հենրիխ Մխիթարյանը և Յուրա Մովսիսյանը միմյանց դեմ կխաղան
  • Կայացավ «Հաց բերողի» հոգեհանգստյան արարողությունը
  • Նա իր կյանքի արժեքը մեզ թողնելով՝ մեզ համար օրինակ դարձավ. Արսինե Խանջյանը՝ Հաց բերողի հոգեհանգստին
Comments

Name: