Այն, ինչը քայլ առ քայլ վերացրեց իշխանությունը

Վարչապետ Կարեն Կարապետյանին Գյումրիում վրդովվեցրել էր լրագրողների այն հարցը, թե ինչ երաշխիքներ կան, որ խոստացվող տնտեսական ներդրումները կդառնան իրականություն: Այդ հարցուպատասխանը հետագայում դարձավ մեծ աղմուկի և քննարկումների պատճառ: Իրավիճակի ամբողջ զավեշտը կամ ավելի շուտ ողբերգականությունը երևի թե այն է, որ իրենց դիրքերից իրավացի էին և՛ լրագրողները, և՛ վարչապետը, այսինքն՝ իրավացի էին թե երաշխիքներ պահանջողները, այսինքն՝ վարչապետի հայտարարություններին կասկածողները, և նաև Կարեն Կարապետյանը, որը ուղղակի չգիտեր, թե ինչ երաշխիք տա՝ «բարա՞թ», թե՞ այլ բան: Խնդիրն այն է, որ երաշխիքը քաղաքականության դեպքում, քաղաքական գործունեության դեպքում խոսքն է՝ պաշտոնյան կամ քաղաքական գործիչը ասում է խոսքը, խոստանում է ինչ որ բան, նախանշում է ինչ որ քայլ և դառնում այսպես ասած՝ իր խոսքի պատանդը, և եթե չի հետևում իր խոսքին, եթե խոսքը չի դարձնում գործ կամ գոնե գործընթաց, ապա պատասխան է տալիս դրա համար՝ պատասխան է տալիս հանրության վստահության կորստով և որպես հետևանք, նաև իշխանությունը կորցնելով՝ ընտրության միջոցով:

Սակայն, խնդիրը այն է, որ Հայաստանում չկա այդ տրամաբանական շղթան, այսինքն՝ չկա ընտրություն և պաշտոնյան կամ քաղաքական գործիչը որևէ կերպ պատասխանատու չեն հանրության առաջ, այսինքն՝ չկա պատասխանատվության մեխանիզմ, հետևաբար չի կարող լինել որևէ երաշխիք՝ ընդ որում ոչ միայն վարչապետի, նախագահի, այլ ըստ էության ցանկացածի, անգամ ընդդիմադիր որևէ գործչի դեպքում: Գյումրիում տեղի ունեցած միջադեպի խորքում հենց այդ իրողությունն է, իսկ միջադեպը՝ առկա իրականության ընդամենը տրամաբանական հետևանքներից մեկը, հերթականը:

Համաձայնեք, որ անգամ ընդդիմադիր գործչին կարող ենք հարցնել, թե որն է երաշխիքը, որ իրենք չեն գողանա, և այդ գործիչը չի կարող տալ ավելի հուսալի երաշխիք, քան իշխանության ցանկացած ներկայացուցիչ: Եվ այս խնդրի մյուս, և երևի թե իրավիճակին լիարժեք «ողբերգականություն» կամ գուցե արդեն առանց չակերտների ողբերգականություն հաղորդող մյուս հանգամանքը այն է, որ Հայաստանում իր արժեքը կորցրել է խոսքը՝ պարզ, մարդկային, կամ գուցե ավելի շուտ Աստվածային արժեքը, որով Արարիչը սկսեց ստեղծել աշխարհը: Չէ՞ որ ի սկզբանե Բանն էր, այսինքն՝ խոսքը: Ներկայումս մի բան, որը ժամանակակից Հայաստանում արժեք չունի, որին ժամանակակից Հայաստանում չի հավատում ոչ ոք: Ընդ որում, ակնհայտորեն ոչ միայն իշխանության խոսքերին: Սակայն, սրա պատասխանատուն, առաջնային պատասխանատուն և նույնիսկ մեղավորը հենց իշխանությունն է, այն իշխանությունը, որը երկու տասնամյակ շարունակ հետևողականորեն արժեզրկել է ամեն բառ ու բան՝ մեկ նպատակով. իրականությունը հավասարեցնել իրեն, այն ինտելեկտուալ և արժեքային ցածր նշաձողերին, որ առկա է հենց իր մեջ, որոնցից կազմված է ինքը:

Հետևողականորեն արժեզրկել ամեն ինչ, այդ թվում և խոսքը, համահարթեցված մի պատկեր ստանալու և այդ համատարած արժեզրկման պայմաններում վերարտադրության բոլոր միջոցները «արդարացնելու» համար: Երբ ոչ ոք ոչնչի և ոչ մեկին այլևս չի հավատում, դա իդեալական միջավայր է այնպիսի իշխանության համար, որը հավատում է միայն փողին:

Today's most read news !
  • Տաթևիկի ամուսինը ներկա է եղել նրա ծննդյան խնջույքին. Մենեջերը՝ Տաթևիկ Ադումյանի ամուսնալուծության լուրերի մասին
  • Լիկա Սալմանյանի 21-ամյակի երեկույթն ու սիրելիի անակնկալը
  • Ինչպես է անցել Աննա Դովլաթյանի ծննդյան խնջույքը
  • Արմավիրցի 26-ամյա տղամարդը տանուլ տված 80 հազարը «հետ բերելու» համար օղու շշով հարվածել է գյուղի խանութի վաճառողուհու գլխին
  • Սիլվա Հակոբյանի հայրիկը՝ երգչուհու ամուսնության ու աշխատանքային ծրագրերի մասին
  • Մեր դուստրն իր ներկայությամբ բոլորին հանգստություն է պարգեւում. Գայանե Հովհաննիսյանն՝ իր ու Ռոլանդ Գասպարյանի փոքրիկի մասին
  • «Պաշարվածները». նոր փաստավավերագրական ֆիլմ՝ 91-92թթ. սովի ու հրի մատնված Ստեփանակերտի մասին
  • Արցախը ոչ թե կարող է, այլ պարտավո՛ր է «Իսկանդերով» հարվածել. Նորատ Տեր-Գրիգորյանց
Comments
Loading...