Սերժ Սարգսյանի «բլից-կրիգը» Բրյուսել

Սերժ Սարգսյանը Եվրոպական հանձնաժողովի Հարևանության և ընդլայնման բանակցությունների հարցերով գլխավոր տնօրեն Քրիստիան Դանիելսոնի հետ օրերս տեղի ունեցած հանդիպմանն ազդարարել է իր Բրյուսել կատարելիք այցը, որի ընթացքում նա հանդիպումներ կունենա Եվրամիության ղեկավար պաշտոնյաների հետ: Սերժ Սարգսյանի Բրյուսել այցերը առանձնահատուկ նորություն չեն, Սարգսյանը Եվրամիության մայրաքաղաք այցելում է տարբեր առիթներով, որտեղ ունենում հանդիպումներ ու ելույթներ, խոսում եվրոպական արժեքներին Հայաստանի հավատարմության ու եվրոպական քաղաքակրթությանը պատկանելության մասին: Դժվար է ասել, թե եվրոպացի պաշտոնյաներն ինչ մտքերով են լսում այդ ելութները մի անձից, ով մեկ գիշերվա ընթացքում Հայաստանը Եվրամիության հետ ասոցացման գործընթացից շրջեց դեպի Եվրասիական միություն և ներկայումս խոսում է եվրասիական ինտեգրացիայի կարևորության և արդյունքների մասին: Եվրոպայում Սերժ Սարգսյանին լսում են զուտ եվրոպական քաղաքավարությունից ելնելո՞վ, թե՞ այնուհանդերձ ունեն այլ քաղաքական հաշվարկներ և ակնկալիքներ: Իրավիճակը այս առումով հարաբերական է, նկատի ունենալով այն, որ Եվրամիությունը Հայաստանի հետ ավարտում է հարաբերությունների նոր շրջանակային համաձայնագրի շուրջ բանակցությունը, որը փաստորեն հանդիսանալու է Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների նոր կանոնագիրը:

Ընդ որում կանոնագիր, որը սակայն կառուցվում է հաշվի առնելով Եվրասիական միությանը Հայաստանի անդամակցության հանգամանքը, ինչն արդեն իսկ նշանակում է, որ Եվրասիական միությունն է այնուհանդերձ թելադրում Հայաստան-Եվրամիության հարաբերության թույլատրելի սահմանը: Նոր շրջանակային համաձայնագիրը այդ իմաստով լինելու է շատ ավելի «աղքատիկ», քան այն փաթեթը, որ առաջարկվում էր Ասոցացման գործընթացում: Այնուհանդերձ, չնայած դրան, նոր համաձայնագիրը Հայաստանի համար ըստ էության դառնում է առավել կարևոր, հաշվի առնելով հենց Եվրասիական միության հանգամանքը: Նոր համաձայնագիրը Հայաստանի համար Եվրամիության հետ հարաբերությունների կանխատեսելիության գոնե նվազագույն մի պաշար է: Սակայն, անգամ այդ պաշարը ներկայումս հարցականի տակ է և բացառված չէ, որ Սերժ Սարգսյանի բրյուսելյան այցի ընթացքում զգալիորեն կորոշվի՝ ստորագրվելու է համաձայնագիրը, թե ոչ: Անկասկած է, որ Սերժ Սարգսյանը այն դարձնելու է Եվրամիության հետ քաղաքական առևտրի առարկա: Տվյալ պարագայում հարցը սակայն այն է, թե ի՞նչ ծավալ կամ առևտրի ի՞նչ բովանդակություն է առաջարկելու Սարգսյանը: Կասկածից վեր է, որ նվազագույն «փոխարժեքը» լինելու է խորհրդարանական ընտրությունը և Սերժ Սարգսյանը փորձելու է շրջանակային նոր համաձայնագրի դիմաց ստանալ Եվրամիության այսպես ասած՝ ոչ խիստ գնահատականների շուրջ համաձայնություն, այսինքն՝ ստեղծել իրավիճակ, երբ Եվրամիությունը կփորձի հանուն շրջանակային համաձայնագրի ստորագրման առավել մեղմ գնահատել Հայաստանի ընտրական իրավիճակը:

Սերժ Սարգսյանը դեռևս 2016 թվականի փետրվարին է այդ գործոնն իր համար հռչակել շատ կարևոր և իշխանական համակարգին հրահանգել, որ պետք է լիարժեք սատարել միջազգային հանրության առաջ նախընտրական պարտավորությունները: Այս հարցը Սերժ Սարգսյանի համար ունի ոչ միայն ընթացիկ նշանակություն: Դրանից է կախված նաև նրա հետագա քաղաքական ճակատագիրը, որը Սարգսյանը կապում է 2017 թվականի ընտրության արդյունքներով: Ինքնին պարզ է, որ դա նշանակում է նաև այդ արդյունքների միջազգային լեգիտիմության խնդիր և այս իմաստով Եվրամիության հետ շրջանակային նոր համաձայնագիրը Սերժ Սարգսյանի համար դառնում է նաև այդ հարցի շուրջ բանակցության առարկա: Այլ կերպ ասած, եթե զուտ համաձայնագրի շուրջ Հայաստան-ԵՄ բանակցությունը ավարտվում է կամ մոտ է ավարտին, ապա խնդրի քաղաքական փաթեթի շուրջ բանակցությունը Սերժ Սարգսյանը դեռևս չի ավարտել և այն երևի թե դեռ նոր է մտնում վճռորոշ փուլ: Եվ այս տեսանկյունից էլ հետաքրքրական է դառնում նաև այն, թե արդյո՞ք Սերժ Սարգսյանը Բրյուսել այցի ընթացքում կփորձի այդ բանակցությունը հակադրել վարչապետ Կարեն Կարապետյանին, վերջինիս մոսկովյան այցին, որի ընթացքում Կարապետյանը փաստորեն կարողացավ ձեռք բերել եթե ոչ վճռորոշ, ապա գոնե շոշափելի քաղաքական աջակցություն: Առավել ևս, որ դրանից հետո Կարեն Կարապետյանը նաև որոշակի դրական գնահատականի արժանացավ նաև Հայաստանում ԵՄ դեսպանի մոտ, որը հայտարարեց, թե նոր կառավարության մոտեցումները կոռուպցիայի դեմ պայքարի հարցում հուսադրող են: Եվ եթե հաշվի առնենք նաև այն, որ նախորդ կառավարություններն այդ առումով արժանացան ոչ դրական գնահատականի, ապա ստացվում է, որ Կարեն Կարապետյանը ստացավ նաև որոշակի քարտ-բլանշ Եվրոպայից: Սերժ Սարգսյանն ըստ երևույթին կփորձի Բրյուսել այցի ընթացքում չեզոքացնել, կամ առնվազն յուրացնել, նվազագույն դեպքում գոնե «փայ մտնել» Կարապետյանի ստացած այդ քարտ-բլանշին:

Today's most read news !
  • Թողնել «լոլո»-գիան, անցնել սոցիոլոգիայի
  • Պետք էր ճշգրտությունը «պաշտել», ոչ թե հաշվարկը
  • Եթե չկա ներքին լայն դիմադրություն
  • Մարզպետները վիրավորական չեն համարում վարչապետի կրթվելու կոչը
  • Վաղը կանցկացվի երթ՝ ԿԸՀ-ից ՀՀԿ-ի գրանցումը չեղյալ հայտարարելու պահանջով
  • Սխալ ազդակներ հասարակությանը
  • Իմ կյանքն ինձ ապացուցել է, որ ոչինչ չպետք է բացառել. Մարիամ Ադամյան
  • Սոնա Շահգելդյանը ապրիլ ամսին կդադարեցնի գործունեությունը
Comments

Name: