Հայաստանից Եվրոպան այնքան քիչ բան է պահանջում

Մինչ Հայաստանում ծավալվում են դաշինքա-ցուցակային կրքերը, Եվրոպայում բավական հետաքրքրական զարգացումներ են տեղի ունենում Ադրբեջանի, իսկ ավելի կոնկրետ՝  այդ երկրի նախագահ Իլհամ Ալիևի շուրջ:

Բանն այն է, որ Բրյուսել Ալիևի կատարած այցը ունեցել է նվաստացուցիչ ընթացք: Եվրախորհրդարանում Ալիևի հետ հանդիպմանն ընդառաջ կազմակերպել էին քննարկում Ադրբեջանում մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ, որին մասնակցում էին դրանցից տուժած ադրբեջանցի ակտիվիստներ և լրագրողներ: Ալիևը ստիպված է եղել պարզապես հրաժարվել Եվրախորհրդարանի նախագահի հետ հանդիպումից: Սակայն գագաթնակետն, իհարկե, եղել է Եվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերի հայտարարությունն Ալիևի հետ հանդիպումից առաջ, երբ լրագրողների հետ զրույցում նա ասել է, թե օրվա լավ մասն ավարտվեց, և այժմ նա Ալիևի հետ հանդիպման է:  Յունկերը պարզապես հրապարակավ և բացահայտ նվաստացրել է Ալիևին:

Չի բացառվում, որ Ադրբեջանի նախագահը հոժարակամ է ենթարկվել այդ նվաստացմանը՝ Հարավային գազային միջանցք նախագծի համար Եվրամիության համաձայնությունը ստանալու նպատակով, որպեսզի տնտեսական օգուտներ ստանա այդ նախագծի ուղղությամբ ներդրումներից: Ալիևը ինչ-որ համաձայնություններ այդ կապակցությամբ կարողացել է ձեռք բերել, թեև պարզ չէ, թե որքանով են դրանք կայուն: Այնուհանդերձ, եթե անգամ հրապարակային նվաստացման գնով է Ադրբեջանի նախագահը ձեռք բերում այդպիսի համաձայնությունները, ապա առավել քան ակնհայտ է Ադրբեջանի խնդիրները Եվրոպայի հետ:

Այս իրականությունը ուշագրավ լույսի տակ է երևում Հայաստանից: Ավելի լավ վիճակ երևի թե դժվար է պատկերացնել, ոչ միայն բարոյական բավարարություն ստանալու համար, որ Ալիևին Եվրոպայում նվաստացրել են, այլև կոնկրետ քաղաքական դիվիդենդներ քաղելու, ինչը Հայաստանի համար ռազմավարական նշանակության խնդիր է:

Բանն այն է, որ Արցախի հակամարտության գործընթացում հայկական կողմի կրեդոն, զինանոցը բաղկացած է մի պարզ հասկացությունից՝ ժողովրդավարություն: Մարդու իրավունքներ և քաղաքացիական ազատություններ, եվրոպական արժեքներ, ժողովրդավարություն, ազատ խոսք և ազատ ընտրություն, ահա այն, ինչը Հայաստանի զինանոցն է եղել այդ հակամարտության գործընթացում հենց սկզբից ի վեր, և ինչի օգնությամբ է նաև, որ հայկական կողմը ըստ էության համաշխարհային համակրանքի պայմաններում կարողացել է շահել իր համար ուժային անբարենպաստ հարաբերակցություն ունեցող պատերազմը: Հայաստանի ու Արցախի դիրքերի և անվտանգության գրավականը այդ զինանոցի պահպանումն է, թեև տվյալ պարագայում ավելի ճիշտ կլինի ասել՝ վերականգնումը, քանի որ անցնող երկու տասնամյակների ընթացքում Հայաստանը շոշափելիորեն զիջել է դիրքերը այդ հարցում, ի դեպ՝ ինչի հետևանքները իրենց զգացնել են տվել բազմաթիվ դրվագներով:

Ներկայումս Եվրոպայի հետ հարաբերություններում Ադրբեջանի խնդիրները Հայաստանի համար պատեհ իրավիճակ են ստեղծում երկու տասնամյակի ընթացքում կորցրածը վերականգնելու համար, ժողովրդավարական լիովին նոր որակներով և կերպարով աշխարհին ներկայանալու և սեփական առավելությունն ու նաև քաղաքակրթական տարածաշրջանային առաքելությունն ընդգծելու համար:

Եվրոպան նվաստացնում է Ալիևին, բայց Հայաստանն իրավունք չունի բավարարվել լոկ դրա բարոյական հմայքը վայելելով: Հայաստանը պարտավոր է առկա իրավիճակը օգտագործել պրակտիկ քաղաքականության տեսքով և այդ իմաստով օժանդակել Եվրոպային, անել Եվրոպայի քայլին ընդառաջ իր քայլը, լինել այդ հարցում Եվրոպայի գործընկերը՝ Եվրոպային այդպիսով գործընկեր դարձնելով Արցախի հարցում: Առավել ևս, որ դրա համար պահանջվում է այնքան քիչ բան՝ ընդամենը արդյունավետ և արդարացի կառավարել Հայաստանը, կառավարել այնպես, ինչպես գրված է Հայաստանի Սահմանադրությամբ և օրենքներում:

Today's most read news !
  • «Օտարը». Նոր սիրային եռանկյունի` հայկական եթերում
  • Մորաքրոջս անունը երբեք չեմ օգտագործի դռներ բացելու համար. Նադյա Սարգսյան կրտսեր
  • Տաթեւիկ Ադումյանի 25-ամյակի լուսանկարները
  • Հմայիչ Անժելա Սարաֆյանը՝ Vanity Fair-ի և Lancome-ի երեկույթներին
  • Մեր տղան որոշեց նախագահ դառնալ, հիմա մնում է հասկանալ, թե որ երկրի նախագահ է լինելու. Անի Դաշյան
  • Լարված իրադրություն շփման գծում. հակառակորդը ձեռնարկել է հարձակման փորձ. ԱՀ ՊԲ
  • Իշխանության ներսում սպասվում են արմատական փոփոխություններ և փոխատեղումներ
  • Քիմ Քարդաշյանը փոխել է կերպարը և դարձել շիկահեր
Comments
Loading...