Մի բան, որ Սփյուռքում արդեն փոխվել է Հայաստանի հանդեպ

Խորհրդարանի ընտրության 2017 թվականի գործընթացի հետաքրքրաշարժ դրվագներից մեկն անշուշտ այն նախաձեռնությունն է, որով հանդես են գալիս սփյուռքահայ մի շարք հայտնի գործիչներ՝ Արսինե Խանջյանի և Ատոմ Էգոյանի նախաձեռնությամբ: Նրանք դեռևս ամիսներ առաջ հայտարարեցին, որ ժամանելու են Հայաստան և հետևելու են ընտրության ընթացքին, փորձելով աջակցել Հայաստանի քաղաքացիներին ընտրական գործընթացի օրինականությունը վերահսկելու հարցում: Որպես նախաձեռնություն՝ սա իհարկե աննախադեպ է, քանի որ, եթե տարբեր սփյուռքահայեր՝ անվանի և ոչ այնքան անվանի, ներգրավվել են Հայաստանի հասարակական-քաղաքական գործընթացներում, ապա դա եղել է անհատական նախաձեռնություն: Տվյալ պարագայում գործ ունենք ընդգրկուն, հավաքական հայտի հետ, ինչն էլ առաջ է բերել մեծ հետաքրքրություն, նաև իհարկե այդ նախաձեռնությամբ հանդես եկած մարդկանց հեղինակավոր լինելու պատճառով: Սրա հետ մեկտեղ, Հայաստանում շատերն են փոձում հասկանալ, թե ի՞նչ կտա այդ նախաձեռնությունը, ի՞նչ կփոխի մի քանի կամ թեկուզ մի քանի տասնյակ սփյուռքահայ դիտորդների ներկայությունը, եթե անգամ պաշտոնական խողովակներով ներկա գտնվող արտասահմանցի դիտորդների ներկայությունը Հայաստանում որևէ գործնական ազդեցություն չի ունեցել ընտրական գործընթացների օրինականության հարցում սկզբունքային փոփոխության վրա: Այս տեսանկյունից իսկապես դժվար է պատասխանել հարցին, թե ինչ կտա սփյուռքահայերի նախաձեռնությունը: Իրատեսական չի լինի կարծել, թե նրանք կարողանալու են սկզբունքային փոփոխություններ բերել հայաստանյան ընտրական գործընթացում, հատկապես այն դեպքում, երբ այդ գործընթացը կազմակերպողը իշխանությունը չէ, մեղմ ասած՝ չափազանց ավելի շատ է ինֆորմացված հայաստանյան իրականությանը տիրապետելու տեսանկյունից, քան այն հայերը, որ Սփյուռքից ժամանելու են ընտրությունից մի քանի օր առաջ:

Այս ամենով հանդերձ, երևույթին երևի թե պետք է նայել մեկ այլ տեսանկյունից, որի պարագայում գուցե փորձենք փնտրել ավելի կարևոր հարցադրում, քան այն, թե ինչ կտա նախաձեռնությունը ընտրության արդյունքի կամ ելքի իմաստով: Այսինքն՝ փորձենք խնդրին նայել ավելի լայն համատեքստում և արդյունքի հեռանկար փնտրել հենց այդ շրջանակում: Այդ դեպքում գուցե արձանագրենք, որ փոփոխություն արդեն իսկ կա՝ հենց բուն նախաձեռնության տեսքով: Այսինքն՝ կա Սփյուռքից Հայաստանի հասարակական-քաղաքական գործընթացին օժանդակելու, դրանով ակտիվ հետաքրքրվելու և մասնակցային հայտ ներկայացնելու նախաձեռնություն, այսինքն՝ կա պատասխանատվության զգացումի գործնական դրսևորում: Հաշվի առնելով Հայաստան-Սփյուռք հարաբերության ողջ բազմազանությունը, բազմաշերտությունն ու բազմերանգությունը, հաշվի առնելով այդ հարաբերության անցնող քառորդ դարի ամբողջ հարաբերականությունը, առկա խնդիրները, հոգեբանական տարբերությունները, մշակութային, արժեհամակարգային նույնիսկ բևեռացվածությունը, անգամ պետական և ազգային շահերի հարցում, առաջնահերթությունների հարցում տարիներ շարունակ կուտակված, միևնույն ժամանակ բավականաչափ չքննարկված և չհունցված իրողությունները, հանդես բերված նախաձեռնությունն արդեն իսկ ստանում է բավական կարևոր նշանակություն: Բայց նշանակություն իբրև հենք, իբրև մեկնարկ, որի շարունակության իմաստով կան դեռևս ահռելի թվով բաց հարցեր: Հայաստանի հասարակական-քաղաքական կյանքում Սփյուռքի ներգրավվածության հարցը բախվում է ոչ միայն իրավական խնդիրների՝ այլ երկրների քաղաքացիների Հայաստանում քաղաքականությամբ զաղվելու անթույլատրելիության մասով: Ի վերջո, այդ իրավական խնդրի գոնե միջանկյալ կամ հարաբերական լուծում է տրված երկքաղաքացիության հնարավորությամբ, որից կարող են օգտվել մի շարք երկրների հայեր:

Տվյալ պարագայում խնդիրն այն է, որ բաց է հարցը, թե արդյո՞ք կյանքի հիմնական մասը, գործունեությունը, ներկան ու ապագան, նաև իհարկե անցյալը արտերկրում «պահող» հայը բարոյական իրավունք ունի որոշում կայացնելու հավակնությամբ հանդես գալ Հայաստանում, որի հետևանքները, մեծ հաշվով՝ ինքը կարող է և չզգալ, այսինքն՝ որի ռիսկը, պատասխանատվությունը չի կրի անմիջականորեն իր մաշկի վրա: Իսկ եթե խոսվում է այն մասին, որ Սփյուռքը կարող է հանդես գա միայն աջակցի դերում, այդ դեպքում էլ հարց է առաջանում, թե արդյո՞ք դա բարոյական և արդարացի է Սփյուռքի հանդեպ, եթե անգամ այդ աջակցությունը չի արտահայտվում կամ ակնկալվում նյութական կամ ֆինանսական տեսքով, այլ հոգեբանական, բարոյական, նաև ֆիզիկական ներկայության և այլն: Ի վերջո, դա էլ հանգում է մեծ հաշվով բարեգործության մի տեսակի, ինչի պարագայում ևս առաջանում է պատասխանատվության և մոտիվացվածության անմիջականության խնդիր: Եվ երբ հայացք են գցում Հայաստան-Սփյուռք հարաբերության այդ ասպեկտին, մենք տեսնում ենք, որ այդ ամենի ներքո բացվում են բազմաթիվ խնդրահարույց շերտեր, որոնք իրենց զգացնել են տալու որևէ գործընթացի ծավալման, խորացման պարագայում: Այդ շերտերը զգացնել են տալու, միևնույն ժամանակ նաև դառնալով պարարտ հող մանիպուլյացիաների համար՝ այն ուժերի մանիպուլյացիաների, որոնց իհարկե բացարձակապես շահեկան չէ ավելորդ աչքը, ականջը կամ առավել ևս պահանջը Սփյուռքից: Խոսքն իհարկե առաջին հերթին իշխանության մասին է, թեև անկասկած Հայաստանում կգտնվեն նաև այլ սուբյեկտներ, որոնց համար հաշվետվության ավելորդ հասցեն բոլորովին ցանկալի չէ: Մինչդեռ, անկասկած է մի բան, որ հայկական պետականության զարգացման և անվտանգության, արդիականացման և ամրապնդման համար համահայկական ռեսուրսի անգնահատելի, անփոխարինելի հանգամանքը չպետք է և չի կարող ներառել միայն ֆինանսական և նյութական բաղադրիչ:

Համահայկական ռեսուրսը դա միտքն է, նաև երազանքը, նաև այդ ամենի հանրագումարում հայկական պետականության անհրաժեշտության գիտակցումն ու պատասխանատվությունը դրա ապագայի համար: Սակայն, Սփյուռքի դեպքում կա խնդիր՝ այդ պատասխանատվությունն առավելապես բարոյական մոտիվացիաների հենքից տեղափոխել առավել ռացիոնալ և պրագմատիկ հենքի վրա: Իսկ դա պահանջում է աշխատանք, լուրջ աշխատանք և գաղափարներ, որոնց միջոցով հնարավոր կլինի դուրս գալ տարբեր ընդգրկուն նախագծերի վրա, որոնց հիմքում կլինի հայկական պետականությունը, իսկ բովանդակությունը կենթադրի այդ պետականությանը ծառայության մոտիվացիոն ելակետերի ձևակերպում և մշակում, հաշվի առնելով արդեն մասնակից քաղաքացիների «տեղակայման» վայրերի առանձնահատկությունները՝ Հայաստան, թե Հայաստանից դուրս որևէ պետություն: Պետք է լինել իրատես, քանի որ առանց այդ խնդրի լուծման, համահայկական ռեսուրսն ու էներգետիկան չեն կարող արդյունավետ հունով հոսել դեպի հայկական պետականության արմատը:

Today's most read news !
  • Իմ կյանքն ինձ ապացուցել է, որ ոչինչ չպետք է բացառել. Մարիամ Ադամյան
  • Սոնա Շահգելդյանը ապրիլ ամսին կդադարեցնի գործունեությունը
  • Վաղը կանցկացվի երթ՝ ԿԸՀ-ից ՀՀԿ-ի գրանցումը չեղյալ հայտարարելու պահանջով
  • Լեոնիդ Ագուտինը Երեւանում է
  • Թողնել «լոլո»-գիան, անցնել սոցիոլոգիայի
  • Սխալ ազդակներ հասարակությանը
  • Մարզպետները վիրավորական չեն համարում վարչապետի կրթվելու կոչը
  • Պետք էր ճշգրտությունը «պաշտել», ոչ թե հաշվարկը
Comments

Name: