Դոմինգոյի էֆեկտը, Պանամայի օֆշորը… Հաջորդիվ Երևանի քաղաքապետի ընտրություններն են

2017 թ. գարնանը տեղի են ունենալու ոչ միայն խորհրդարանական, այլև Երևանի ավագանու ընտրությունները: Եվ այս տարվանից սկսած այն իր մասշտաբներով, մեր երկրում անցկացվող, կարելի է ասել, երկրորդ համապետական ընտրություններն է խորհրդարանական ընտրություններից հետո: Իսկ Երևանի ավագանու ընտրություններն էլ ըստ էության Երևանի քաղաքապետի ընտրություններն են ու պակաս կարևոր չեն, քանի որ դրան մասնակցելու է ՀՀ բնակչության գրեթե կեսը: Ընդ որում՝ քաղաքականապես ակտիվ բնակչության մեծամասնությունը:

Եվ Հանրապետական կուսակցությունում արդեն իսկ չեն թաքցնում, որ մայրաքաղաքում քաղաքապետի իրենց թեկնածուն կրկին Տարոն Մարգարյանն է լինելու: Նշենք, որ վերջինս ընտրվել է 2013թ. մայիսին: Ի դեպ, այն անգամ էլ քաղաքապետի ընտրությունները հաջորդել են նախագահական ընտրություններին: Տ.Մարգարյանը կարճ ժամանակով՝ մոտ մեկուկես տարով էլ քաղաքապետ է ընտրվել նաև դրանից առաջ, բայց դա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ այդ պաշտոնից հրաժարվեց նրա նախորդը՝ Կարեն Կարապետյանը, ով հիմա ՀՀ վարչապետն է: Իսկ 2013թ. ընտրություններին Հանրապետական կուսակցությունն արդեն հենց նրան առաջադրեց որպես Երևանի քաղաքապետ: ՀՀԿ-ն, ամենայն հավանականությամբ, այս ընտրություններին նույնպես նրան կառաջադրի, այսինքն՝ Երևանի ավագանու ՀՀԿ ցուցակը նորից Տ.Մարգարյանը կգլխավորի:

Այդ մասին կուսակցությունից արդեն իսկ քաղաքական դաշտին և ինչու չէ, յուրայիններին որոշակի մեսիջներ են հղվում: Օրինակ, ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադևոսյանն արդեն հայտարարել է, որ «իհարկե, կարող ենք մտածել և այդպես էլ կարող է լինի, որ Տ.Մարգարյանն է լինելու քաղաքապետի մեր թեկնածուն»: Իսկ ՀՀԿ-ի՝ նոյեմբերի 26-ի համագումարի ժամանակ կանոնադրության մեջ կատարված փոփոխություններից մեկի համաձայն՝ կուսակցության գործադիր անդամներից մեկը պետք է համակարգի Երևան քաղաքի աշխատանքները: Եվ այդ պարտականությունը տրվեց Տ.Մարգարյանին:

Բայց եթե Երևանի քաղաքապետի պաշտոնին Տ.Մարգարյանի թեկնածությունը կրկին առաջադրելու մտադրությունը ՀՀԿ-ն չի թաքցնում, ապա նույն ՀՀԿ-ի ներսում այդ պաշտոնին ձգտողների պակաս չի զգացվում: Երևանի քաղաքապետ է ցանկանում դառնալ նաև նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը, ով հեռացվեց 2010թ. հայտնի աղմկոտ իրադարձություններից հետո: Մինչև այժմ Երևանի բոլոր ընտրություններից առաջ նա փորձել է այդ պաշտոնին վերադառնալու համար ստանալ իշխանությունների համաձայնությունը, բայց դա նրան չի հաջողվել:

Վերջին շաբաթներին մի հետաքրքիր քաղաքական ակտիվություն է սկսել ԴԱՀԿ նախկին պետ, օֆշորային սկանդալներով հայտնի դարձած Միհրան Պողոսյանը: Վերջինս՝ նախ ցանկանում է առաջադրվել խորհրդարանական ընտրություններում Քանաքեռ-Զեյթուն համայնքից և քարոզարշավից դեռ երկու ամիս առաջ նա բուռն քարոզարշավ է սկսել այդ ընտրատարածքում՝ հանդիպում է բնակիչների հետ, նվիրատվություններ կազմակերպում, տարբեր միջոցառումներ նախաձեռնում: Օրերս էլ մամուլում հրապարակում եղավ, որ նա Մոնումենտի և Քանաքեռ-Զեյթունի մեծ թվով երիտասարդների հավաքել է «Ֆլորենս» ռեստորանում ու ճոխ ընթրիք կազմակերպել: Դրանք այն երիտասարդներն են, որոնք խորհրդարանական ընտրություններին պետք է աշխատեն Մ.Պողոսյանի համար: Ի դեպ, արդեն իսկ տեղեկություններ են շրջանառվում, որ նա սկսել է ցուցակագրել համայնքի բնակիչներին և նրանցից յուրաքանչյուրին 25 հազարական դրամ խոստացել իրեն ընտրելու համար:

Իսկ այդ տարածքից, ավելի շուտ այդ ընտրատարածքի մեջ մտնող Ավան համայնքից պատգամավոր է ընտրվել Ռոբերտ Սարգսյանը, ով Տ.Մարգարյանի բարեկամն է: Նա հավանաբար կառաջադրվի նաև այս անգամ: Եվ այդպիսով՝ այդ ընտրատարածքում արդեն իսկ նրանց միջև մրցապայքար է ծավալվել: Մ.Պողոսյանը լավ հասկանում է, որ իր պայքարն ավելի շուտ Տ.Մարգարյանի դեմ է, քանի որ նա իր ազդեցությամբ օգնել է Ռ.Սարգսյանին: Ավելին, օֆշորային գործիչը ոչ միայն պատգամավորի, այլ կարծես թե քաղաքապետի պաշտոնի հավակնություններ է դրսևորում: Փաստորեն, ՀԿԾ-ի կողմից իր գործը փակել տալուց հետո նա բուռն քաղաքական նախաձեռնություններով է հանդես գալիս: Իսկ թե Երևանի, կամ ընդհանրապես այդ հատվածում ինչով կավարտվի այդ տիտանների պատերազմը, առաջիկայում պարզ կդառնա, բայց հայտնի է, որ Տ.Մարգարյանը քաղաքապետի իր պաշտոնավարման ընթացքում կարողացել է մեծ ազդեցություն ձեռք բերել Երևանում:

Նաև կարծիք կա, որ Մ.Պողոսյանին իշխանություններն այս ընտրություններին խաղի մեջ են մտցրել այն նպատակով, որ նա իր հավակնություններով ու պայքարով փակի Գ.Բեգլարյանի ախորժակը: Վերջինս, ինչպես ասացինք, չի դադարում Երևանի քաղաքապետի պաշտոնին ձգտելուց: Եվ իշխանությունները Մ.Պողոսյանին օգտագործում են Գ.Բեգլարյանին այդ պաշտոնի մասին մեկընդմիշտ մոռացնել տալու համար: Իսկ ինչ վերաբերում է Երևանի քաղաքապետի պաշտոնին, ապա իշխանություններն այն, առայժմ, կարծես թե վստահում են Տ.Մարգարյանին:

Իհարկե, Երևանի ավագանու ընտրություններին այլ կուսակցություններ ևս կմասնակցեն: Օրինակ, 2013թ. խորհրդարանական բոլոր վեց կուսակցություններն էլ մասնակցում էին, ինչպես նաև՝ նորաստեղծ «Առաքելություն» կուսակցությունը: Մենք փորձեցինք գոնե խորհրդարանական կուսակցություններից պարզել, թե այս անգամ ինչպիսի մտադրություններ ունեն: Գրեթե բոլորն էլ պատասխանեցին, որ այդ հարցը դեռ չեն քննարկել, քանի որ առայժմ նախապատրաստվում են խորհրդարանական ընտրություններին: Խորհրդարանական ընտրություններից հետո կամ խորհրդարանական ընտրություների արդյունքներից ելնելով էլ կորոշեն՝ արժի՞ մասնակցել Երևանի ավագանու ընտրություններին: Հիշեցնենք նաև, որ 2013թ. Երևանի քաղաքապետի՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության թեկնածուն Վարդան Օսկանյանն էր, ով հեռացավ այնտեղից և իր «Համախմբում» կուսակցությունը ստեղծեց: ՀԱԿ-ի թեկնածուն նախկին քաղաքապետ Վահագն Խաչատրյանն էր, «Ժառանգության» թեկնածուն Արմեն Մարտիրոսյանը, «Օրինաց Երկրի» թեկնածուն՝ ԱԻՆ նախկին նախարար Արմեն Երիցյանը, իսկ «Դաշնակցություն» կուսակցության ցուցակը գլխավորում էր Արմեն Ռուստամյանը:

Today's most read news !
  • Սոֆի Դեւոյան.«Թոռնիկս մյուսների նախանձը չի առաջացնում»
  • Դերասանուհի Էթերի Ոսկանյանի նոր ֆոտոշարք ունի
  • Ես գեղեցիկ եմ, եւ իմ սիրտը զբաղված է. երիտասարդ դերասանուհի Եվա Զոհրաբյանը՝ կարիերայի և անձնական կյանքի մասին
  • Իսկ դուք գիտեք՝ քանի տարեկան են հայ հայտնիները
  • Զառան՝ «Քարե դարդ»-ի և ամերիկյան շրջագայության մասին
  • Զույգերը կարող են վիճել, բայց չդադարել սիրել. Արծրուն Չոբանյանը՝ «Փշրված պատրաքների մի գիշեր» ներկայացման մասին
  • Մերկել-Էրդողան «հակամարտությունն» ու Հայոց ցեղասպանությունը
  • Վերջին հրաժեշտը «Հաց բերողին»
Comments

Name: