Ինչպես կանխել Ադրբեջանի սահմանային մարդասպանությունը

Արցախի առաջնագծում իրավիճակի սրման և հրադադարի խախտման հետևանքով հայկական կողմն ունի մեկ զոհ և մեկ ծանր վիրավոր: Այդ մասին պաշտոնական տեղեկատվություն տարածել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Պաշտպանական բանակը:

Արցախի առաջնագծից ստացվող այդ տեղեկությունները, դժբախտաբար, կրում են եթե ոչ կանոնավոր, ապա որոշակի պարբերական բնույթ: Ընդամենը մի քանի օր առաջ տեղեկություն ստացվեց հակառակորդի կրակոցից հայկական զինուժի մեկ կորստի մասին ևս: Այս անգամ, ողբերգական տեղեկությանը զուգահեռ, տեղեկություն է տարածվել նաև այն մասին, որ ադրբեջանցիները հրադադարը խախտել են նաև հրանոթներով, ինչը ապրիլյան պատերազմից հետո կարծես թե աննախադեպ է, թեև կիրառված հրանոթի տրամաչափը կամ ուժգնությունը մեծ չէ, սակայն, այնուհանդերձ, հատկանշական է, որ հրադադարը խախտվել է հրանոթների կիրառումով, եթե մինչ այդ կիրառվել են ականանետներ:

Այսօր ստացված տեղեկությունը նաև որոշակի առանձնահատուկ ֆոն ունի՝ կապված Լապշինի գործի հետ, որն արդեն մի քանի ամիս ծավալվում էր Բելառուսի, Ադրբեջանի, Իսրայելի ու Ռուսաստանի միջև և հանգուցալուծվեց նրանով, որ Ադրբեջանի պահանջով նրան ձերբակալած Բելառուսը արտահանձնեց Լապշինին Բաքվին: Իսկ նրա «մեղքն» այն է, որ այցելել է Արցախ և համարձակվել անել Ալիևի համար անհաճո հայտարարություններ: Սա վտանգավոր նախադեպ է, որի ֆոնին էլ Ադրբեջանի ագրեսիվ գործողություններն ու առաջնագծում լարվածությունը սրելու փորձերը ստանում են առանձնահատուկ երանգ:

Սրանով հանդերձ՝ կապել, իհարկե, հրադադարի խախտումները Լապշինի գործի հետ, մեղմ ասած՝ իրատեսական չէ, քանի որ Բաքվի համար ագրեսիվ այդ պահվածքը կամ ռազմական դիվանագիտություն կոչված մարտավարությունը ոչ միայն տևական ժամանակ, տարիներ շարունակ կիրառվող գիծ է, այլև ըստ էության Բաքվի միակ անելիքը: Լապշինի ֆոնն այստեղ հավելյալ մի հանգամանք է, որը անուղղակիորեն արտացոլում է բուն խնդիրը:

Բուն խնդիրն այն է, որ հայկական կողմին ապրիլյան պատերազմից հետո չի հաջողվել, կամ հայկական կողմը չի կարողացել ստեղծել քաղաքական նոր իրավիճակ, որում Ադրբեջանը ստիպված կլիներ հրաժարվել ռազմական դիվանագիտություն կոչված իր սադրանքների հետագա ծավալումից, հրաժարվել այդ մարտավարությունից: Խնդիրն այն չէ, որ Բաքուն ներկայումս դիվանագիտական լայն մանևրի դաշտում է, որի հետևանքով էլ անպատիժ սրում է իրավիճակը: Ավելին՝ եթե լիներ նմանօրինակ իրավիճակ, ապա Բաքուն չէր գնա այդպիսի սրացումների, պարզապես կհարձակվեր և վերջ, կամ գոնե չէր դիմի սադրանքների և չէր առաջացնի ավելորդ աղմուկ:

Սակայն խնդիրն այն է, որ թեև Ադրբեջանը, մեղմ ասած, բարենպաստ դիվանագիտական վիճակում չէ, այդուհանդերձ՝ այնպիսի վիճակում էլ չէ, որ ստիպված լինի քաղաքական պատասխան տալ իր գործողությունների համար, կամ ավելի շուտ՝ որ իր գործողությունները ընդհանրապես դուրս լինեն աշխարհաքաղաքական առկա տրամաբանության ուղեծրից, առնվազն Ղարաբաղյան հակամարտության շուրջ առկա աշխարհաքաղաքական տրամաբանության:

Ահա սա էր ապրիլից հետո հայկական կողմի դիվանագիտական հրատապ խնդիրը՝ հասնել նրան, որպեսզի ապրիլին հայկական զինված ուժերի կատարած գործողությունների շնորհիվ առաջացած մանևրի դաշտը օգտագործվի հայկական կողմի համար հակամարտության կարգավորման գործընթացի քաղաքական տրամաբանությունը լիովին փոխելու համար: Հայաստանի զինված ուժերը, կասեցնելով Ադրբեջանին և ըստ էության տապալելով Ադրբեջանի ռազմատենչ քաղաքականությունը, Հայաստանի դիվանագիտությանը տվեցին այդ մանևրը անելու հնարավորություն, ինչը, սակայն, չօգտագործվեց, համենայնդեպս՝ այն ծավալով, որ հանգեցներ արդեն նաև քաղաքական նոր իրավիճակի և նոր տրամաբանության:

Չնայած Հայաստանի իշխանությունն ապրիլյան պատերազմի օրերին և դրան հաջորդող մի քանի շաբաթներում արեց որոշակի հայտարարություններ, որոնք տվեցին այդպիսի գործողությունների սպասումների համար հիմքեր, այդուհանդերձ՝ այդ հիմքերի վրա նոր շենք այդպես էլ չկառուցեց: Դա ամենևին երաշխիք չէր լինելու, որ Ադրբեջանը այլևս չէր գնա սահմանային խախտումների: Ի վերջո՝ եթե վիճակը պատերազմական է, ապա այս դեպքում մեծ կամ փոքր սրացումները գործնականում անխուսափելի են, սակայն խնդիրը տվյալ պարագայում այն է, որ տրամաբանության անփոփոխությունը, հայկական կողմի պահվածքում, քաղաքականության մեջ հայեցակարգային փոփոխության բացակայությունը գործնականում «երաշխավորում» են, որ Բաքուն շարունակելու է սադրանքները: Իսկ այս իրողությունը հուշում է, ավելի շուտ՝ հրամայական է դարձնում այն, որ Հայաստանի քաղաքական կյանքում անհրաժեշտ է Արցախյան խնդրի հանդեպ հայեցակարգային փոփոխությունների շուրջ լուրջ քննարկումներ, և այդ խնդիրը պետք է դառնա Հայաստանի նախընտրական շրջանի օրակարգային հարցերից մեկը:

Մինչդեռ առայժմ պարզ է միայն, որ օրակարգ է վերադառնալու ընդամենը 1997 թվականից գործածված «խաղաղություն, թե պատերազմ» դիսկուրսը, որը բացի Ադրբեջանին հոգեբանական առավելություն տալուց՝ ի վիճակի չէ ունենալ որևէ այլ արդյունք: Դա ամենևին չի նշանակում, որ Հայաստանը պետք է թողնի խաղաղության հետ կապված որևէ դիսկուրս և անցնի ռազմատենչ քննարկումների: Ամենևին, Հայաստանը պետք է անցնի ընդամենը խաղաղության ձեռքբերման և հաստատման առավել ռացիոնալ մոդելների քննարկման, որոնք հաշվի կառնեն, ոչ թե կկրկնեն երկու տասնամյակ գործած սխալներն ու թերությունները:

Today's most read news !
  • «Օտարը». Նոր սիրային եռանկյունի` հայկական եթերում
  • Մորաքրոջս անունը երբեք չեմ օգտագործի դռներ բացելու համար. Նադյա Սարգսյան կրտսեր
  • Տաթեւիկ Ադումյանի 25-ամյակի լուսանկարները
  • Հմայիչ Անժելա Սարաֆյանը՝ Vanity Fair-ի և Lancome-ի երեկույթներին
  • Մեր տղան որոշեց նախագահ դառնալ, հիմա մնում է հասկանալ, թե որ երկրի նախագահ է լինելու. Անի Դաշյան
  • Լարված իրադրություն շփման գծում. հակառակորդը ձեռնարկել է հարձակման փորձ. ԱՀ ՊԲ
  • Իշխանության ներսում սպասվում են արմատական փոփոխություններ և փոխատեղումներ
  • Քիմ Քարդաշյանը փոխել է կերպարը և դարձել շիկահեր
Comments
Loading...