Իշխանության կես միլիարդի բաժնետոմսը

Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը երեկ տարածել է հաղորդագրություն այն մասին, որ 2017 թվականին սպասվում է մոտ 460 միլիոն դոլարի ներդրում, որի պարագայում կբացվի մոտ 6 հազար նոր աշխատատեղ: Նախարարության հաղորդագրությունը արձանագրում է, որ ներդրումային ծրագրերը և ֆինանսական աղբյուրները հստակեցված են: Այս հայտարարությունը հետաքրքրական է մի քանի առումներով: Նախ այն առումով, որ կառավարության ղեկավար Կարեն Կարապետյանը հայտարարում էր, որ նախընտրական շրջանը խանգարում է կառավարությանը, քանի որ ներդրողը չի գնում որևէ քայլի, քանի դեռ չի եղել խորհրդարանի ընտրությունն ու պարզ չէ իրավիճակը: Այս դիտարկման ռացիոնալությունն իհարկե քննարկելի է:

Բանն այն է, որ կայացած պետական կառավարման համակարգով, օրինական, իրավական կառավարմամբ, ինստիտուցիոնալ կառավարմամբ պետություններում ներդրողների համար ընտրություն գոյություն չունի, քանի որ ինչպիսին էլ լինի դրա ելքն ու ինչիպիսի իշխանություն էլ ձևավորվի, բիզնեսի համար կան ընդհանուր կանխատեսելի ուղենիշներ և երաշխիքներ՝ ինստիտուտները ամեն ինչից ուժեղ են և հետևաբար իրավիճակը կանխատեսելի է բոլոր դեպքերում: Հայաստանն իհարկե այդպիսի երկրներից չէ և ներդրողների համար ընտրական գործընթաները իսկապես կարող են դիտվել որպես զգուշանալու առիթ: Մյուս կողմից, եթե առաջնորդվենք զուտ հայաստանյան իրողություններով, ապա այստեղ իհարկե ներդրողների համար իրավիճակը, գուցե, ավելի կանխատեսելի է, քան կայացած համակարգերով երկրներում, որովհետև այստեղ ընտրական համակարգը չի աշխատում՝ աշխատում է, այն էլ զարմանալի կայունությամբ աշխատում է վերարտադրության համակարգը: Իսկ ներկայիս հասարակական-քաղաքական իրողությունները ներդրողների կամ պոտենցիալ ներդրողների համար չեն տալիս կասկածների տեղիք, որ այս անգամ վերարտադրության մեքենան կարող է չաշխատել և չապահովել անհրաժեշտ արդյունք: Հետևաբար, թվում է, որ ներդրողները Հայաստանի դեպքում առավել քան հանգիստ կարող են լինել ընտրական գործընթացների մասով:

Բանն այն է, որ Հայաստանի պարագայում կա մի առանձնահատկություն: Հայաստանում ներկայումս խիստ բազմիմաստ է իշխանություն հասկացությունը, ոչ միատարր: Դա խնդիր է առաջացնում ոչ թե կանխատեսելիության, այլ ընդամենը ներքին հարաբերությունների տեսանկյունից: Դա էլ իր հերթին ազդում է ներդրողների վրա, ներդրումային հեռանկարների վրա, այն պարզ պատճառով, որ Հայաստանում ներդրումների մասին մտածում են կամ կմտածեն միայն անձինք, որոնք կամ հայաստանյան համակարգի մաս են, կամ այս կամ այն կերպ առնչվում են այդ համակարգին: Որևէ այլ ներդրող Հայաստանում ներդրում կատարելու մասին չի մտածի, օբյեկտիվորեն չի մտածի, որովհետև այստեղ կա թե՛ փոքր շուկայի, թե՛ անկայուն՝ կոնֆլիկտային իրավիճակի, թե՛ նաև գործարար միջավայրի մեղմ ասած՝ ոչ գրավչության գործոնը: Այս ամենի պարագայում էլ առաջին հայացքից թվում է, որ քանի որ ներդրումային աղբյուրները ըստ էության համակարգային են՝ շատ, թե քիչ չափով, ապա նրանց համար ընտրական շրջանն առավել ևս չպետք է որևէ արգելակ լինի: Բայց իրականում հակառակն է, իսկ պատճառն այն է, որ Հայաստանում լուծվում է իշխանության կամ նոր իշխանության խնդիր, կամ իշխանության համակարգում նոր ստատուս-քվոյի հարց: Այդ պարագայում ներդրումները ուղիղ կապակցվում են այդ խնդրին և նա, ով չունի մեծ ակնկալիքներ նոր իշխանական ստատուս-քվոյի հարցում, բնականաբար չի անի մեծ ներդրումներ՝ իմաստը չկա, որովհետև իշխանությունն է ներդրումների ու սեփականության անձեռնամխելիության երաշխիքը: Ահա այդ իմաստով, Կարեն Կարապետյանի հայտարարությունը ակնարկ էր այն մասին, որ ինքը կարող է բերել ներդրումներ, ունի այդ հնարավորությունը, բայց չի անի դա, քանի դեռ չունի իշխանական նոր իրավիճակում բավարար ստատուս-քվոյի, իշխանության մեջ բավարար ազդեցության երաշխիքներ:

Ահա այդ ֆոնին էլ ուշագրավ է, որ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը դեռևս ընտրական գործընթացի կեսին հայտարարում է 460 միլիոն դոլարի ներդրման մասին, որ ըստ հաղորդագրության կատարվելու է 2017 թվականին: Հարց է առաջանում՝ իսկ ո՞ւր մնաց ներդրողների զգուշավորությունը, որի մասին խոսում էր վարչապետը: Թե՞ 460 միլիոն դոլար ներդնել ցանկացողները ունեն պայման, որ այդ ներդրումները կկատարեն ընտրական իքս արդյունքի պարագայում: Իսկ ո՞րն է այդ արդյունքը, եթե դեռևս ընտրական քարոզարշավն իսկ չսկսած, խոսվում է բավականին շոշափելի ծավալի ներդրումների մասին: Այստեղ իհարկե հարկ է հիշել Ռուսաստանի մոտ 30 հայ գործարարների հայտարարությունը՝ Կարեն Կարապետյանի Մոսկվա կատարած այցի ընթացքում, երբ նրանք հայտարարեցին, որ պատրաստ են իրենց ներդրումներով աջակցել Կարեն Կարապետյանի կառավարության ծրագրին: Արդյո՞ք 460 միլիոն դոլարի ներդրումների կամ դրանց մեծ մասի աղբյուրը այդ հայտարարությունը չէ, ինչը էլ ավելի ուշագրավ է դարձնում ստեղծված իրավիճակը: Մեծ հաշվով, մոտ կես միլիարդ դոլարի ծրագրվող ներդրումները այլ բան չեն, քան Հայաստանի իշխանության բաժնետոմսերի գին: Այսինքն՝ թողարկվում է իշխանության կես միլիարդ դոլարի բաժնետոմս, եթե ներդրումները դառնում են իրականություն: Հարց է առաջանում՝ դրանք լրացուցի՞չ բաժնետոմսեր են, թե՞ տեղի է ունենալու բաժնետոմսերի պարտադիր-կամավոր առքուվաճառք:

Today's most read news !
  • Շուշանի եւ Մերիի ճոխ նվերը Տաթեւ Սարգսյանի 25-ամյակին
  • Ինչ սպասել հետընտրական զարգացումից
  • Րաֆֆի Օհանյանի հարսանեկան հոլովակն ու ֆոտոշարքը
  • Ինչի մասին է «Շանթ»-ի նոր սիթքոմը եւ ովքեր են դերակատարները
  • Խանությում հետևիցս գոռաց` «տականք, դու ստեղ ի՞նչ գործ ունես». Հակոբ Հակոբյան
  • Անի Քրիստին անճանաչելիորեն փոխվել է
  • Քիմ Քարդաշյանը նիհարելու նոր տարբերակ է առաջարկում
  • Երևանում ռազմագիտության դասատուն ընտանիքի 10 անդամներով հնարավոր է՝ հայտնվի փողոցում
Comments
Loading...