Ով պետք է ջուր լցնի Հայաստանի ջրաղացին

Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը երեկ բավականին ուշագրավ է արձագանքել Լապշինի աղմկոտ գործի վերաբերյալ հարցադրումներին, որ ուղղվել են նրան խորհրդարանում ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ: Ինչպես հայտնի է, մի քանի ամիս առաջ Բելառուսը Ադրբեջանի պահանջով ձերբակալեց ՌԴ և Իսրայելի քաղաքացի, բլոգեր Ալեքսանդր Լապշինին, որը այցելել էր Արցախ և այդ իսկ պատճառով հայտնվել Ադրբեջանի սև ցուցակում: Բելառուսը մի քանի ամիս հետո Լապշինին արտահանձնեց Բաքվին:

Եվ ահա, այս երևույթը որակելով խայտառակություն, Էդվարդ Նալբանդյանը հայտարարում է, որ Արցախ այցելող արտասահմանցի գործիչների թիվը շարունակելու է ավելանալ, իսկ Հայաստանի քայլերի մասով նա հայտարարում է, թե պետք չէ ջուր լցնել Ադրբեջանի ջրաղացին: Հայաստանի արտաքին քաղաքականության արդյունքներից դատելով, ընդհանրապես վերջին տարիների համատեքստում, արտաքին գործերի նախարարից երևի թե ավելին ակնկալել պետք էլ չէր: Շատ լավ է, հիանալի է, որ Արցախ այցելողների թիվն ավելանում է և շարունակելու է այդպես, բայց ամբողջ խնդիրը այն է, որ ավելանում են Հայաստանի արտաքին քաղաքական մեղմ ասած՝ անարդյունավետության օրինակներն ու դրվագները: Էդվարդ Նալբանդյանն ու նրա ղեկավարած գերատեսչությունը այդպիսի դեպքերի համար որդեգրել է մի հիրավի իմաստուն պատասխան՝ արվում են քայլեր, որոնց մասին չի բարձրաձայնվում, քանի որ դիվանագիտական աշխատանքը չի ենթադրում տեսանելի, հրապարակային գործողություններ: Գուցե և այդպես է, բայց երբ իրար հետևից տեսանելի են դառնում օրինակներ, թե ինչպես է այս կամ այն դրվագով ոտնահարվում Հայաստանի շահը, անվտանգությունը, իսկ հակառակի օրինակներ՝ ոչ մի կերպ, ապա այս դեպքում արտաքին գործերի նախարարի և նրա ղեկավարած կառույցի գործունեության արդյունավետությունը մեղմ ասած՝ հայտնվում է կասկածի տակ:

Եվ այս տեսանկյունից, անկախ, թե ինչ զարգացում կունենա Լապշինի գործը և ինչ քայլեր կանի Հայաստանը Բելառուսի այդ մեղմ ասած ոչ բարեկամական, իսկ ըստ էության թշնամական գործողության դեմ, հստակ է երևի թե մի բան, որ Հայաստանին անհրաժեշտ է նոր արտգործնախարար, Հայաստանի դիվանագիտությանն ու արտաքին քաղաքականությանը անհրաժեշտ է թարմ շունչ: Սա նվազագույնը, մյուս կոմպոնենտների մասին այս պահին չխոսենք՝ արտաքին քաղաքականության դիվերսիֆիկացվածության, ընդհանրապես սուվերենության և այլնի մասին:

Հայաստանի արտաքին քաղաքականությանն ու դիվանագիտությանը անհրաժեշտ է թարմ շունչ, նվազագույնը, նոր հայացք, նոր գաղափարներ, նախաձեռնություններ, որպեսզի համանման իրավիճակներում Հայաստանի արտգործնախարարից հնչող պատասխանը չլինի «թշնամու ջրաղացին ջուր չլցնելու» պետական ստանդարտը: Վերջին հաշվով, «թշնամու ջրաղացին ջուր չլցնելու» համար պետք է առաջին հերթին ջուր լցնել հայկական շահերի և հայկական պետականության ջրաղացին: Խնդիրը հենց այդ ջրաղացն է, այդ ջրաղացի չորությունը՝ ոչ թե Ադրբեջանի ջրաղացը: Ադրբեջանը պտտում է իր ջրաղացը, Հայաստանի արտաքին քաղաքական ջրաղացն է, որ կանգնած է, եթե չասենք, որ անցնող տարիներին պարզապես հետ է պտտվում:

Today's most read news !
  • Շուշանի եւ Մերիի ճոխ նվերը Տաթեւ Սարգսյանի 25-ամյակին
  • Ինչ սպասել հետընտրական զարգացումից
  • Րաֆֆի Օհանյանի հարսանեկան հոլովակն ու ֆոտոշարքը
  • Ինչի մասին է «Շանթ»-ի նոր սիթքոմը եւ ովքեր են դերակատարները
  • Խանությում հետևիցս գոռաց` «տականք, դու ստեղ ի՞նչ գործ ունես». Հակոբ Հակոբյան
  • Անի Քրիստին անճանաչելիորեն փոխվել է
  • Քիմ Քարդաշյանը նիհարելու նոր տարբերակ է առաջարկում
  • Երևանում ռազմագիտության դասատուն ընտանիքի 10 անդամներով հնարավոր է՝ հայտնվի փողոցում
Comments
Loading...