«Դիլխոր» Գյումրին ու բիզնես միջավայր Կոտայքը. վարչապետի բարեփոխումներն՝ ըստ ճաշակի

Վարչապետ Կարեն Կարապետյանի սկսած ակտիվ գործունեությունը շատ հիշեցնում է սովետմիության գոյության վերջին տարիները, գորբաչովյան հայտնի «պերեստրոյկայի» ժամանակաշրջանը: Երկրի ղեկավարի շարունակական այցեր պետության տարբեր մարզեր, հանրապետություններ, վերջիններիս ղեկավարների հետ հանդիպումներ, սուր, «բաց ու անկաշկանդ» քննարկումներ, առաջարկներ պետության հետագա ծրագրերի և զարգացման վերաբերյալ ու Միխայիլ Գորբաչովի երկար, անվերջ երկար ելույթներ: Ժողովուրդը ոգևորված էր, Արևմուտքն էլ վերջինիս գործունեությունը բավականին լավ էր ընդունում (այնտեղ թերևս հաշվում էին, թե զարգացումների ընթացքն ուր է տանում), իսկ ներսում արդեն սկսվել էին ազգամիջյան բախումները, տնտեսության կազմալուծման գործընթացը, անջատողական տրամադրությունները, մինչդեռ նա զբաղված էր փիլիսոփայական տրակտատների շարադրմամբ:

Այն, ինչ վերջին ամիսներին տեղի է ունենում Հայաստանում, կարծես հին, վերոնշյալ սցենարի մոդեռն բեմականացնումն է, մեր օրերի և հայաստանյան իրականության համար: Շարունակական, անվերջ ելույթներ, հանդիպումներ տարբեր մեծ ու փոքր պատվիրակությունների հետ, այցեր, շրջագայություններ մարզերով, հանրապետության քաղաքներով, «ճակատային հարձակումներ» համայնքապետերի վրա, համայնքի զարգացման ու բիզնես ծրագրերի պահանջներ: Այնքան, որ դրանք արդեն վերջին օրերին նորություններ գրեթե չեն պարունակում, նույնաբովանդակ են, նույն սցենարներով, ու թերևս միակ ոգևորողը առայժմ էնտուզիազմի անսպառությունն է:

Այդ ֆոնի վրա բարձր մակարդակի ընդունելություն Մոսկվայում, որին վերջին յոթ-ութ տարիներին չէր արժանացել Հայաստանի և ոչ մի վարչապետ: Հայաստանի հետ շփվող միջազգային կառույցների ղեկավարներն ու դեսպաններն էլ զգուշավոր հետաքրքրությամբ սպասում են զարգացումների հետագա ընթացքին, երբեմն-երբեմն երկիմաստ ռեպլիկներ անելով: Հեռուստատեսությունն էլ փորձում է հասարակությանը հավատացնել, որ չնայած շրջապատի դիմադրությանը, Կարեն Կարապետյանի կողմից նորի սկիզբ է դրվում և ամեն ինչ արվում է մեր վաղվա օրվա համար:

Կարելի է համարել, որ մարդու աշխատաոճն է այդպիսին, մի քիչ էլ փիար տեխնոլոգիաներն են նրան այդպիսին դարձնում: Բայց վաղուց ժամանակն է, որ գեղեցիկ ելույթներին ու տաքարյուն քննարկումներին զուգահեռ՝ նաև արված քայլերի արդյունքները երևան, որ մարդկանց մոտ հավատ ստեղծվի, մարդիկ խոսքից բացի գործն էլ տեսնեն: Մինչդեռ, առայժմ վարչապետի արած միակ երևացող գործը կրճատված ՊՈԱԿ-ներն ու ԾԻԳ-երն են ու արդյունքում մի քանի հարյուր գործազուրկների ավելացումը: Իհարկե, մինչ այդ էլ նա կառավարության իր հասանելիք բաժնում տեխնոկրատների էր բերել, ինչը նույնպես ներկայացվում է հեղափոխության պես մի բան, ինչի շնորհիվ կառավարությունը մաքրվեց հին, ոչ այնքան բարետես դեմքերից (այս մոտեցումը կարելի է ընդունելի համարել, եթե մոռանանք մյուս տեսակետը, որ Սերժ Սարգսյանը վարչապետի ձեռքով ազատվեց նրանցից):

Արված փոփոխությունները կողջունվեին, եթե որոշ ժամանակ անց հասարակությունը տեսներ, որ նոր թիմը էապես տարբերվում է նախորդներից: Ասենք. առաղջապահության բիզնեսմեն նախարարը չմտածեր, որ երեխաների մահը իրեն չի վերաբերում: Կամ մաքսային մարմիններում կաշառքն ու կոռուպցիան գոնե առժամանակ, թեկուզ տպավորություն ստեղծելու համար, վերացվեին: Այլապես, ինչպես նախկինում, այնպես էլ հիմա, Հայաստանից գյուղմթերք արտահանող մեքենաները շարունակում են «մուծվել» մաքսավորներին. 4-5 տոննա տարողությամբ մեքենաները՝ 60 հազար դրամ, 10 տոննայանոցները՝ 100 հազար, 20 տոննայանոցները՝ 200 հազար: Մինչդեռ բոլորն են հիշում, թե տևական ժամանակ վարչապետը ինչպես էր պայքարում պետեկամուտների կոմիտեի նախագահի պաշտոնում իր մարդուն տեսնելու համար: Կամ ասենք, երիտասարդության ու սպորտի նախարարը հաշվետու լիներ միայն վարչապետին: Մինչդեռ հիմա էլ նույնն է, ինչպես՝ նախկինում:

Մյուս կողմից էլ այն մոտեցումները, որ վարչապետը դրսևորում է հասարակական շփումների ժամանակ, տեղիք են տալիս մտածելու, որ նա բավականին վատ է պատկերացնում մեր իրականությունը, ինչը կարող է անցանկալի հետևանքներ ունենալ:

Վարչապետի գյուղատնտեսական փիլիսոփայությանն անդրադարձել ենք: Օրերս էլ պարոն Կարապետյանը Կոտայքի մարզում զարգացնելով իր մոտեցումները՝ շեշտում էր, որ գյուղատնտեսությունը բիզնես է, հետևաբար մեզանում այն պետք է զարգանա այդ պրիզմայով: Կա գյուղատնտեսական բիզնես, բայց հատկապես Հայաստանի պարագայում գյուղատնտեսությունը առաջնահերթ անվտանգություն է, պարենային, ազգային անվտանգություն ապահովող ճյուղ, որ հազիվ գոյատևում է, և որի լուծումները վարչապետի պատկերացրած բիզնես մոտեցումներից բոլորովին տարբերվում են:

Ոչ պակաս անհանգստացնող է վարչապետի կրթության, դպրոցի նկատմամբ ունեցած վերաբերմունքը, որ դարձյալ անցնում է առաջնահերթ ֆինանսական պրիզմայով. «Մենք ունենք համայնքներ, որտեղ դպրոցները թերբեռնված են, հաստատուն ծախսերը շատ են: Այդ դպրոցները միավորելով՝ և´ հաստատուն ծախսը կնվազեցնենք, և´ ձեր տնտեսած միջոցների հաշվին այն համայնքներում, որտեղ ուսուցիչ չի գնում, վարձավճարի համակարգը որոշակի բոնուս կունենա: Այն միջոցները, որոնք արդյունավետ կառավարման մեջ տնտեսում եք, մի մասն ուղղեք այդ նպատակին»: Թեև ընդունված է ասել, որ երկիրը պահողը բանակն է (իրականում այդպես էլ է), բայց ապագայի, հեռանկարի առումով երկիրը պահողը դպրոցն է: Ու վարչապետն առաջարկում էր դրանք կպցնել, ձուլել, միացնել, միայն թե միջոցներ խնայվեն: Եվ դա այն դեպքում, երբ հանրապետության ավելի քան 300 բնակավայր արդեն իսկ առավելապես դատարկ են ու շարունակում են դատարկվել: Գյուղեր կան, որոնց դպրոցներում աշակերտների քանակը չի անցնում 2-3 տասնյակից: Այս տրամաբանությամբ սահմանամերձ 4-5-10 գյուղի դպրոցները պետք է կենտրոնացնել մեկում, ինչը ծաղկուն բնակավայրերը ամայացնելու, սահմանը հնարավորինս արագ դատարկելու և «անպաշտպան թողնելու» ամենակարճ ճանապարհն է: Կոտայքի մարզից ևս մեկ շատ տխուր դիտարկում. վարչապետին ընդունելության ժամանակ, որպես «նվեր» զեկուցում են, որ «կրճատման ենթակա կլինեն մանկավարժական և վարչական կազմի 90 հաստիք, ինչի արդյունքում կտնտեսվի 60 մլն դրամ: Առողջապահության ոլորտում կկրճատվի 50 հաստիք, կտնտեսվի 44 մլն դրամ»: Անժամանակ արված կրճատումների այս քայլը բումերանգի էֆեկտ է ունենալու մեր պատմական ապարատի համար: Կրճատելու են հենց միայն վարչապետին հաճոյանալու համար:

Ոչ պակաս ինքնատիպ էր վարչապետի Գյումրիի այցը, որ ամբողջությամբ տեղավորված էր զբոսաշրջության պրիզմայում: Այն տպավորությունն էր, որ վարչապետը ծրագրում է հանրապետության երկրորդ քաղաքը տեսնել որպես տուրիզմի զարգացման կենտրոն: Համենայնդեպս, բացի նոր կառուցվող ածիկի գործարանից, վարչապետն այցելել է միայն սպասարկումների և զբոսաշրջային ուղղվածության կենտրոններ: Ուսումնասիրել է քաղաքի Կումայրի արգելոց-թանգարանի տարածքը, Շիրազի, Ռուսթավելի, Աբովյան փողոցները, որտեղ առկա են պատմամշակութային նշանակության շենքեր: Վերջում էլ Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում մասնակցել է Կումայրի պատմական կենտրոնի զարգացման նախագծի շնորհանդեսին, որի իրականացման համար թերևս իր նախաձեռնությամբ ստեղծվել է հատուկ հիմնադրամ, որի առաջին ներդրում կատարողը կլինի իր ընտանիքը: Կառավարության ղեկավարն անգամ որոշել է Զբոսաշրջության պետական կոմիտեի ունեցած 55 մլն դոլարի ծրագրի (որն արդեն բաշխվել է ՀՀ տարբեր տարածաշրջանների վրա), միջոցների որոշակի մասն ուղղել այս ներդրումային հիմնադրամ, ինչն ի սկզբանե նախատեսված չէր: Թերևս լավ է, որ հաջողակ գործարար վարչապետը օրինակ ծառայելով մյուս փողատերերին՝ ներդրումներ է անում տնտեսության մեջ, բայց ավելի ողջունելի կլիներ, որ դա արվեր տնտեսության ռեալ հատվածում: Եվ շատ ավելի կարևոր է, թերևս ամենակարևորը. միջազգային տարբեր կառույցներ, հայաստանյան հասարակական կառույցներ միավորվում են, գումարներ հանգանակում, տներ գնում Գյումրու անտուն «դոմիկավորների» համար, որ մարդիկ ի վերջո կարողանան քիչ թե շատ մարդավայել պայմաններում ապրել: Վարչապետի Շիրակի մարզ կատարած առաջին այցը գոնե մասամբ այդ ուղղվածության պետք է լիներ, կամ գոնե այդ պրոբլեմը լուծելուն ուղղված մեկ-երկու հստակ մշակված ծրագիր ներկայացվեր: Ցավոք, վարչապետի Շիրակի այցի թիրախում բոլորովին էլ այդ ուղղվածությունը չկար: Հետաքրքիր էր, որ վարչապետը գրեթե չխոսեց տարածաշրջանի աղետալի վրճակի մասին: Մոտեցման տեսակ է, թերևս ուղղված հոգեբանություն փոխելուն, որ ըմբռնելի է: Բայց խորհրդային տարիներին Գյումրին Հայաստանի տեքստիլ արդյունաբերության խոշորագույն կենտրոնն էր, որից բացի կար կարի արտադրություն, կահույքագործական ձեռնարկություններ, զարգացած մեքենաշինություն, մետաղամշակման ձեռնարկություններ, հսկայական դարբնոցային սարքավորումների արտադրամասեր, հղկիչ հաստոցների գործարաններ, շինարարական ինդուստրիա: Արդյո՞ք դրանցից և ոչ մեկը այս քաղաքի համար հեռանկարային չէ, արդյո՞ք գյումրեցիների գենի մեջ ավելի շատ սպասարկողն է նստած, քան արտադրողը, արարողը: Գյումրին հանրապետության երկրորդ արդյունաբերական քաղաքն էր և դա հենց այնպես չէր ստացվել: Եվ ընդհանրապես, հանրապետության յուրաքանչյուր տարածաշրջան ուներ ու ունի իր սպեցիֆիկ մասնագիտացումը և դա ավանդական է, ու հիմա հենց այնպես, ըստ նախասիրության դնել ու փոխելը, այնքան էլ հեռանկարային չէ:

Today's most read news !
  • Տաթևիկի ամուսինը ներկա է եղել նրա ծննդյան խնջույքին. Մենեջերը՝ Տաթևիկ Ադումյանի ամուսնալուծության լուրերի մասին
  • Լիկա Սալմանյանի 21-ամյակի երեկույթն ու սիրելիի անակնկալը
  • Ինչպես է անցել Աննա Դովլաթյանի ծննդյան խնջույքը
  • Արմավիրցի 26-ամյա տղամարդը տանուլ տված 80 հազարը «հետ բերելու» համար օղու շշով հարվածել է գյուղի խանութի վաճառողուհու գլխին
  • Սիլվա Հակոբյանի հայրիկը՝ երգչուհու ամուսնության ու աշխատանքային ծրագրերի մասին
  • Մեր դուստրն իր ներկայությամբ բոլորին հանգստություն է պարգեւում. Գայանե Հովհաննիսյանն՝ իր ու Ռոլանդ Գասպարյանի փոքրիկի մասին
  • «Պաշարվածները». նոր փաստավավերագրական ֆիլմ՝ 91-92թթ. սովի ու հրի մատնված Ստեփանակերտի մասին
  • Արցախը ոչ թե կարող է, այլ պարտավո՛ր է «Իսկանդերով» հարվածել. Նորատ Տեր-Գրիգորյանց
Comments
Loading...