Արջն ընդդեմ Կարեն Կարապետյանի

Վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 9-ի կառավարության նիստում հայտարարել է, թե պաշտոնյաներից որևէ մեկը չպետք է թույլ տա վարչական ռեսուրսի օգտագործում նախընտրական նպատակներով: Դա կլինի արջի ծառայություն՝ ասել է Կարեն Կարապետյանը:

Արջի ծառայությունը Հայաստանում ծառայության երևի թե ամենատարածված տեսակն է շատ վաղուց: Այսինքն՝ վարչական ռեսուրսի չարաշահման վերաբերյալ որևէ հարցադրման և աղմկոտ պատմության իշխանությունը մշտապես արձագանքել է, թե դրանք արջի ծառայություններ են: Այդ պրակտիկան լայն կիրառման մեջ դրվեց 1998 թվականի նախագահական ընտրությունից, երբ իշխանությունը հայտարարեց, թե մարդիկ, որոնք անօրինականություններ են թույլ տվել Ռոբերտ Քոչարյանի օգտին, դրանք արջի ծառայություն են մատուցել ընդամենը: Այդպիսով՝ արջը 1998 թվականից ըստ էության հաստատուն «ժամկետային» կամ «պայմանագրային» ծառայություն է իրականացնում Հայաստանի իշխանական համակարգում:

Կարեն Կարապետյանը այժմ հայտարարում է, որ արջը ծառայության է լինելու նաև 2017 թվականի ընտրությանը: Առաջին հայացքից թվում է, որ Կարեն Կարապետյանը պահանջում է չկիրառել վարչական ռեսուրս և խստագույնս զգուշացնում է: Բայց նա հայտարարում է, որ նման ծառայությունները արջի ծառայություն են լինելու: Բանն այն է, որ այդպիսով արդեն իսկ փաստորեն սահմանվում է «մեղքերի թողությունը»՝ արջի ծառայություն: Բանն այն է, որ վարչական ռեսուրսի կիրառման վերաբերյալ նախազգուշացումը պետք է ենթադրի բոլորովին այլ բնորոշում՝ օրենքի խախտում, ընտրական հանցագործություն, որը ենթարկվում է քրեական պատասխանատվության:

Արջի ծառայությունը չի տեղավորվում Քրեական օրենսգրքում, մինչդեռ վարչական ռեսուրսի օգտագործումը շատ հստակ և կոնկրետ օրինախախտում է, որը պետք է ենթակա լինի պատասխանատվության:

Սրան զուգահեռ՝ Կարեն Կարապետյանի հայտարարությունը անկասկած ունի շատ կոնկրետ առիթ, որի վերաբերյալ մամուլում օրերս եղել է հրապարակում: Արարատի նորանշանակ մարզպետ Արամայիս Գրիգորյանը, ըստ այդ հրապարակման, հավաքել է մարզի գյուղապետերին և հայտարարել, որ բոլորը պետք է աշխատեն ՀՀԿ-ի համար: Կարեն Կարապետյանն անուն չի տալիս, բայց զգուշացնում է չկիրառել ադմինիստրատիվ ռեսուրսը: Սակայն պարզ է, թե ինչն է հարցը դարձրել հրապարակային ուշադրության առարկա:

Կարեն Կարապետյանի անդրադարձը կարող է տեղավորվել, իհարկե, քարոզչական մարտավարության շրջանակում, բայց երևի թե ոչ միայն դրա: Բանն այն է, որ ըստ առկա տեղեկությունների՝ Կարեն Կարապետյանի վրա է դրվելու ՀՀԿ նախընտրական քարոզչության հիմնական մասը: Պարզ է, թե ինչու՝ Կարապետյանն ունի որոշակի հանրային վարկանիշ, և իշխանությունը, բնականաբար, փորձում է օգտագործել դա: Սակայն, սրան զուգահեռ, այս հանգամանքը ակնհայտորեն միտված է նաև Կարեն Կարապետյանի վարկանիշը զրոյացնելուն, և այդ հարցում մեծ դեր ունենալու են հենց «արջի ծառայությունները»:

Այսպես. Կարեն Կարապետյանը փորձելու է քարոզել, օգտագործել իր վարկանիշը, ներկայացնել տարբեր ներդրումային հեռանկարներ, անգամ իր ընտանիքի մասնակցության օրինակով, իսկ սրան զուգահեռ տեղերում ՀՀԿ-ն ծավալում է «ավանդական» վարչական գործողությունները:

Անկախ այն բանից, թե հասարակության որ հատվածի վրա ինչ էֆեկտ կթողնի Կարեն Կարապետյանի քարոզչության բովանդակությունը, մի բան պարզ է, որ տեղերում վարչական ռեսուրսների կիրառումը ոչ թե Կարեն Կարապետյանի քարոզչությամբ ծածկելու է, այլ հակառակը՝ ծածկելու է Կարապետյանի քարոզչությունը, և ի վերջո՝ ավելի շատ Կարեն Կարապետյանն է վարկանիշ կորցնելու, քան նրա վարկանիշը ձայն է բերելու ՀՀԿ-ին: Բայց ՀՀԿ համար կամ ավելի շուտ՝ ընտրական մենեջմենթը իրականացնող Սերժ Սարգսյանի համար կարևորը հենց այդ վարկանիշի կորուստն է, ոչ թե բերելիք ձայները: Որովհետև նա այսպես, թե այնպես լավ պատկերացնում է, որ Կարեն Կարապետյանն իր ամենադրական վարկանիշով անգամ ի վիճակի չէ ՀՀԿ-ի համար ապահովել այնքան ձայն, որը թույլ կտա առանց հիմնական շեշտը ընտրակեղծիքի տարբեր տեխնոլոգիաների վրա դնելու պահել իշխանությունը: Այսինքն՝ այսպես, թե այնպես հույսը հենց «արջի ծառայություններն» են, բայց Սարգսյանի համար կլինի երկուսը մեկում, երբ նա ընտրական գործընթացում կարողանա հասնել նաև Կարեն Կարապետյանի վարկանիշի շոշափելի փոշիացման՝ 2018 թվականի խնդրին ընդառաջ:

Կարեն Կարապետյանի անդրադարձը «արջի ծառայություններին» թելադրված է նաև իր համար հենց այդ մարտահրավերի սպասումով, որ արջը ոչ թե իրեն, այլ Սերժ Սարգսյանին է ծառայելու:

Today's most read news !
  • Շուշանի եւ Մերիի ճոխ նվերը Տաթեւ Սարգսյանի 25-ամյակին
  • Ինչի մասին է «Շանթ»-ի նոր սիթքոմը եւ ովքեր են դերակատարները
  • Րաֆֆի Օհանյանի հարսանեկան հոլովակն ու ֆոտոշարքը
  • Խանությում հետևիցս գոռաց` «տականք, դու ստեղ ի՞նչ գործ ունես». Հակոբ Հակոբյան
  • Անի Քրիստին անճանաչելիորեն փոխվել է
  • Քիմ Քարդաշյանը նիհարելու նոր տարբերակ է առաջարկում
  • Երևանում ռազմագիտության դասատուն ընտանիքի 10 անդամներով հնարավոր է՝ հայտնվի փողոցում
  • Նոր պատերազմի ուրվականը
Comments
Loading...