Հովիկ Աբրահամյանի շունչը՝ նա պատրաստվում է

Հովիկ Աբրահամյանի որդին՝ Արտաշատի քաղաքապետ Արգամ Աբրահամյանը, ԲՀԿ համագումարին մասնակցելով՝ հայտարարել է, որ հնարավոր է «Ծառուկյան» դաշինքի ցուցակի անցողիկ տեղով մասնակցի խորհրդարանական ընտրություններին:

Այդ մասնակցությունն ամենևին զարմանալի չէ՝ հաշվի առնելով ոչ միայն այն պարագան, որ Արգամ Աբրահամյանը Գագիկ Ծառուկյանի փեսան է, այլ նաև Հովիկ Աբրահամյանի՝ ՀՀԿ-ի հետ կամ Սերժ Սարգսյանի հետ ունեցած լարված հարաբերությունները:

Ըստ էության, ի դեմս Արգամ Աբրահամյանի՝ ընտրություններին մասնակցում կամ ընտրական գործընթացում ներկայություն է ապահովում Հովիկ Աբրահամյանը, որն ինքն ամենայն հավանականությամբ զերծ կմնա ընտրությունների գործընթացին անմիջական ներգրավվածությունից: Հովիկ Աբրահամյանը ըստ երևույթին սպասում է իր աստեղային ժամին, որը, հավանաբար, գալու է ընտրություններից հետո, ոչ թե նախընտրական գործընթացում: Ընդ որում, աստեղային ժամը տվյալ դեպքում պայմանական հասկացություն է, քանի որ խոսքը վերաբերում է այն հնարավոր հեռանկարին, որ Աբրահամյանը կարող է հավակնել ՀՀԿ-ից կամ Սերժ Սարգսյանից նեղացածների առաջնորդի դերին:

Երբ Գագիկ Ծառուկյանը հայտարարեց քաղաքականություն վերադարձի մասին, անմիջապես հնչեցին կարծիքներ, և եղան տեղեկություններ, որ նա «Ծառուկյան» դաշինքի ներքո հավաքագրելու է բոլոր նեղացածներին, որոնց շանս չի տվել կամ շանսից զրկել է Սերժ Սարգսյանը: Սակայն կարծես թե նախընտրական շրջանում այդպիսի նեղացածները շատ չեն, եթե չասենք, որ լրջորեն նեղացած երևի թե միայն Հովիկ Աբրահամյանն է: Առայժմ միայն Հովիկ Աբրահամյանը, սակայն գրեթե կասկած չկա, որ հատկապես խորհրդարանական ընտրություններից հետո Սերժ Սարգսյանից նեղացողների թիվը սկսելու է ավելանալ, ընդ որում՝ շատ արագ:

Սերժ Սարգսյանը որևէ սցենարով պատրաստվելու է 2018-ի ապրիլին նախագահի պաշտոնը թողնելուն և պրակտիկորեն ցանկացած սցենարի դեպքում իշխանության և ՀՀԿ-ի, այսպես ասած, դեմքի փոփոխությունը նրա համար այլընտրանք չունի, ընդ որում՝ ոչ միայն որպես քարոզչական փաստարկ, այլ նաև որպես ներիշխանական և քաղաքական գործիք:

Սրա հետ մեկտեղ խորհրդարանական ընտրություններից հետո ըստ էության կտրուկ անկում են արձանագրելու Գագիկ Ծառուկյանի բաժնետոմսերը, առավել ևս, որ դրանք արդեն իսկ բավական նվազել են՝ նկատի ունենալով այն, որ Ծառուկյանին այդպես էլ չստացվեց ապահովել որևէ ազդեցիկ նախընտրական կոալիցիա: Խոսքը, բնականաբար, քաղաքական բաժնետոմսերի անկման մասին է, որ անխուսափելի կլինի այն բանից հետո, երբ Ծառուկյանը իր վերադարձով ընդամենը զբաղեցնի իր համեստ տեղը առաջիկա խորհրդարանում:

Ահա այդ իրավիճակում արդեն բավական հարմար ասպարեզ կբացվի Հովիկ Աբրահամյանի համար, որին էլ ըստ ամենայնի պատրաստվում է Աբրահամյանը, առայժմ իր շունչն ապահովելով որդու՝ Արգամ Աբրահամյանի միջոցով: Բանն այն է, որ այդ զարգացումը գործնականում միակ տարբերակն է, որով Հովիկ Աբրահամյանը կարող է խոսքը գործ դարձնել, այսինքն՝ մնալ քաղաքականության մեջ:

Today's most read news !
  • Սոֆի Դեւոյան.«Թոռնիկս մյուսների նախանձը չի առաջացնում»
  • Դերասանուհի Էթերի Ոսկանյանի նոր ֆոտոշարք ունի
  • Ես գեղեցիկ եմ, եւ իմ սիրտը զբաղված է. երիտասարդ դերասանուհի Եվա Զոհրաբյանը՝ կարիերայի և անձնական կյանքի մասին
  • Իսկ դուք գիտեք՝ քանի տարեկան են հայ հայտնիները
  • Զառան՝ «Քարե դարդ»-ի և ամերիկյան շրջագայության մասին
  • Զույգերը կարող են վիճել, բայց չդադարել սիրել. Արծրուն Չոբանյանը՝ «Փշրված պատրաքների մի գիշեր» ներկայացման մասին
  • Մերկել-Էրդողան «հակամարտությունն» ու Հայոց ցեղասպանությունը
  • «Այսպես շարունակելն անհնար է». վարչապետ
Comments

Name: