«Ատլանտիկ»-ում «վատ վարքագծով աղջկա» պատճառով ծնունդը վերածվել է ծեծկռտուքի

Վերաքննիչ քրեական դատարանի վարույթում է Վահե Միքայելյանի և Անտոն Պողոսյանի գործով բերված վերաքննիչ բողոքի քննությունը:

Գործը քննվել է Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Մեսրոպ Մակյանի նախագահությամբ:

29-ամյա Վահեն և  28-ամյա Անտոնը մեղադրվում են«Ատլանտիկ» գիշերային ակումբում աթոռներով կռվելու, խուլիգանական գործողությունների համար:

Աթոռները դիտարկվել են «որպես զենք գործադրված առարկաներ»,Վահեն ու Անտոնը մեղադրվում են խուլիգանության առավել ծանր մասով՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 4-րդ մասով:

Վահե Միքայելյանը «Ատլանտիկ» ակումբում աթոռներով կռվելուց հետո, մինչև այդ արարքի համար դատվելը, հասցրել է երկու անգամ դատապարտվել ուրիշ արարքների՝ խարդախությունների համար: Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի՝ 2015 թվականի դեկտեմբերի 9-ի դատավճռով նա խարդախության համար դատապարտվել էր 3 տարի 4 ամիս ազատազրկման և «աթոռներով» խուլիգանության համար դատվելու ժամանակ Վահեն «Նուբարաշեն» ՔԿՀ –ի դատապարտյալ էր…

Ըստ մեղադրանքի՝ 2014 թվականի մարտի 11-ին, գիշերվա ժամը 1-ն անց 30-ի սահմաններում տարբեր ընկերախմբերով «Ատլանտիկ» գիշերային ակումբում զվարճացող Վահեն ու Անտոնը վիճել են միմյանց հետ:

Այդ օրը Անտոնի ծննդյան օրն էր, նա ընկերոջ հետ գնացել էր գիշերային ակումբ՝ ծնունդը նշելու:

Ըստ Անտոնի ցուցմունքի՝ ակումբ են եկել երկու տղա ու երկու աղջիկ՝ իրեն անծանոթ: Երբ այդ տղաները մի պահ գնացել են լվացվելու, նրանց հետի աղջիկները մտել են սրահ:

Աղջիկներից մեկը իր հասցեին ասել է. «Շռայլում ես»:

Ինքն էլ պատասխանել է. «Ծնունդս եմ նշում»:

Աղջիկը շնորհավորել է իրեն, իսկ ինքը շնորհավորել է նրան՝ կանանց մեկամսյակի առթիվ:

Այդպես փոխադարձաբար իրար շնորհավորում էին, երբ մոտեցել է այդ աղջկա հետ ակումբ եկած երիտասարդը, ինչպես հետո է իմացել՝ Վահե Միքայելյանը:

Ինքն ու Վահեն չեն հասկացել իրար, սկսել են վիճել, հետո քաշքշել են միմյանց: «Կպել են» սրահի աթոռներին, որոնք շուռ են եկել: Ինքը փորձել է ուղղել ընկած աթոռները: Աթոռով միմյանց չեն հարվածել: Վահեն իրեն հրավիրել է դուրս՝ խոսելու, այդ ժամանակ ներս են մտել ոստիկանները ու իրենց բերման են ենթարկել:

Անտոնը դատարանում հայտնել է, թե նախաքննական ցուցմունքում ասածը՝ աթոռով միմյանց հարվածելու վերաբերյալ, իրականում չի եղել, այդ ցուցմունքը տալու ժամանակ ինքը մտքերը ձևակերպել ու շարադրել է քննիչի թելադրանքով:

Նախաքննական ցուցմունքում Անտոնը հայտնել է, թե առաջինը իրեն աթոռով հարվածել է Վահեն, հետո ինքն է նրան հարվածել, դրա համար էլ իրեն մեղավոր չի համարում:

Վահե Միքայելյանը հայտնել է, թե իր ու Անտոնի վեճը «Ատլանտիկ» ակումբի ներսում մոտ մեկ րոպե է տևել: Միմյանց չեն հարվածել, միայն քաշքշել են: Նաև հայհոյել են: Իրենք երկուսն էլ աթոռ են վերցրել՝ իրար հարվածելու նպատակով, բայց աթոռներով իրար չեն խփել, աթոռներով ոչ մի գործողություն չեն կատարել: Դրսում վիճաբանություն չի եղել, ինքն ու Անտոնը գտնվել են միմյանցից հեռու:

Վահեն նշել է, թե իր ու Անտոնի վիճաբանության առիթը «վատ վարքագծի տեր աղջիկն» է եղել՝ Վարդուհի անունով: Այդ օրը ինքն ակումբ էր գնացել այդ «վատ վարքագծի տեր աղջկա» հետ, բայց նրա մասին ստույգ տվյալներ չունի:

Ինքը մինչև Անտոնի հետ վիճաբանելը նրան քաղաքավարի կերպով դուրս է հրավիրել՝ խոսելու: Ինքը չի նկատել այն պահը, երբ Անտոնը աթոռով ցանկացել է իրեն խփել: Ինքն էլ աթոռով Անտոնին չի խփել, միայն աթոռը բարձրացրել է՝ ցանկանալով պաշտպանվել:

Նախաքննական ցուցմունքում Վահեն հայտնել է, որ երբ ակումբ են մտել ոստիկանները, ինքը փորձում էր ազատվել Անտոնից, դրա համար էլ ոստիկանները քաշքշուկ են «ֆիքսել»: Երբ ինքը շրջվել է, Անտոնը հետևից աթոռով հարվածել է իրեն: Քանի որ նա իրենից բարձրահասակ է, քաշով՝ ավելի ծանր, ինքը փորձել է պաշտպանվել, ուստի աթոռ է վերցրել, որպեսզի Անտոնը չմոտենա իրեն:

Ինքը Անտոնին հարվածել է մեկ անգամ, բայց դա դիտավորյալ բնույթ չի կրել, այդ հարվածը եղել է «աֆեկտիվորեն», այդ հարվածով Անտոնին վնասվածք չի պատճառել…

Վահեն դատարանում ասել է, թե միգուցե Անտոնը հետևից իրեն հրել է, իրեն էլ թվացել է, թե հարվածել է…

Գործով վկա ոստիկանության աշխատողները դեպքի պահին ծառայություն են իրականացրել Թումանյան փողոցում: «Ատլանտիկ» ակումբի մոտով անցնելիս լսել են աղմուկ, գոռգոռոց, ներս են մտել: Տեսել են երկու երիտասարդների, ովքեր վիճում էին իրար հետ: Վիճաբանողներից մեկի ձեռքին տեսել են աթոռ, անմիջապես վերցրել են աթոռը: Այդ երիտասարդն ասել է, թե առաջինը իրեն են խփել աթոռով… Վիճողներին ակումբից դուրս են բերել ու բերման են ենթարկել ոստիկանություն…

Վահե Միքայելյանն ու Անտոն Պողոսյանը մեղսագրված արարքում իրենց մեղավոր չեն ճանաչել:

Բայց ընդհանուր իրավասության դատարանը նրանց մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 4-րդ մասով:

Վահե Միքայելյանը վերջին հաշվով դատապարտվել է 5 տարի 6 ամիս ազատազրկման:

Անտոն Պողոսյանը դատապարտվել է 4 տարի ազատազրկման:

Այս դատավճռի դեմ վերաքննիչ բողոք է բերել Անտոն Պողոսյանի շահերի պաշտպանը՝ խնդրելով իր պաշտպանյալի մասով կայացնել արդարացման դատական ակտ կամ, նրան մեղավոր ճանաչելու դեպքում, պատիժը պայմանականորեն չկիրառել ու սահմանել փորձաշրջան:

Today's most read news !
  • Կարեն Կարապետյանի պատասխանը Սերժ Սարգսյանին
  • Անձի երկվություն. Սերժ Սարգսյանի անբուժելի հիվանդությունը
  • Մարմնավաճառները գաղութում «տեսակցելու» էին Լեդի Հակոբի եղբորորդուն ու ընկերներին. 2 աշխատակից դատապարտվեց
  • Էմիլ Գալստյանը` «Քարե դարդ»-ն այլևս չհեռարձակելու լուրերի մասին
  • Վաղուց շատ լավ եմ ինձ զգում, ոչ մի խնդիր այլևս չկա. Գոռ Սուջյանն՝ իր առողջականի մասին
  • Արթնանում եմ առավոտյան 07:00-ին, որպեսզի համապատասխան տեսք ունենամ. Մհեր Խաչատրյանը՝ աշխատանքի և «Դոմինո»-ում նկարահանվելու մասին
  • Նոր մանրամասներ՝ Քիմ Քարդաշյանի վրա կատարված հարձակումից
  • Քանյե Ուեսթը բժիշկների խորհրդով է բաց թողել Գրեմմին
Comments