Հայաստան պետության հայտարարված սպանության խրոնիկա

Սահմանում վերջին շրջանում լարված է, նորից զոհեր կան, վիրավորներ, ողբերգական միջադեպերի ինտենսիվությունը աճել է: Բայց ավելի սարսափեցնող է այդ ամենի հանդեպ երեք անտարբերություն:

Անտարբերություն ա/. Հայաստանի, այսպես ասած, անվտանգության դաշնակիցների անվտանգությունը: Դրանց թվում առաջինը Ռուսաստանն է, իսկ հետո ՀԱՊԿ-ի մյուս բոլոր երկրները: Այդ դաշնակիցները Հայաստանին ներկայացնում են ադրբեջանական պահանջներ, շարունակում են զինել և սպառազինության նոր պայմանագրեր կնքել  Ադրբեջանի հետ, բարոյապես աջակցում, և ոչ մի նախատինք իրենց դաշնակցի ուղղությամբ սպառնալիքների և սահմանային միջադեպերի համար, ոչ մի անգամ բարոյական աջակցություն Հայաստանին, ոչ մի հայտարարություն։ Այնպիսի տպավորություն է, որ Ադրբեջանին սահմանային սանձարձակության քարտ-բլանշ է տրված Ռուսաստանի և ՀԱՊԿ-ի մասով:

Անտարբերություն բ/. Հայաստանի, այսպես ասած, քաղաքական ուժերի և քաղաքական հիմնական դերակատար հանդիսացող նախկին նախագահների պահվածքը: Հետաքրքիր զուգադիպությամբ նրաք երեքն էլ ուղղակի և անուղղակի ընգրկված են առաջիկա ընտրական փուլում։ Ռոբերտ Քոչարյանը այս ընտրություններում մասնակցում է Օհանյան-Հովհաննիսյան-Օսկանյան ձևաչափով։ Հայ ազգային կոնգրեսի II համագումարում Տեր-Պետրոսյանի ելույթը ապրիլյան պատերազմից հետո շատերին հուսադրել էր, որ հիմնադիր նախագահը, համենայնդեպս, կցուցաբերի մինչ այդ դավանած մտածողության, պատկերացումների, աշխարհայացքի և գաղափարական ու արժեքային կողմնորոշումների փոփոխության համոզիչ միտում: Դա ոչ միայն տեղի չի ունեցել այլև ըստ էության Տեր-Պետրոսյանի ղարաբաղյան մոտեցումներն ավելի «օրթոդոքս» են դարձել։ Դա հիմք է տալիս եզրակացնել միայն, որ օրակարգում պետությունը չէ, այլ ընդամենը առաջիկա ընտրություններից առաջ իշխանության հետ ամեն գնով գործարքն ու վերարտադրությունը: Սա այն գլոբալ շահն է, որը պահել և պահում է համակարգը՝ անկախ տարբեր տարաձայնություններից և անգամ դրանց շարքում նաև հանրային և պետական խնդիրներին վերաբերողներից, այդ թվում որոշ դեպքերում թեկուզ միանգամայն անկեղծ մղումներով։ Քոչարյանը ոչ մի առարկայական խոսք չի ասել հասարակությանը, ոչ մի հույս հղելու փորձ, իսկ նրա հատուկենտ հարցազրույցների տողատակում էլ «որքան վատ, այնքան լավ» փիլիսոփայության ուրվագծում` մոռանալով, որ վատը լինելու է Հայաստանի, ոչ թե Սերժ Սարգսյանի համար:

Սերժ Սարգսյանն իշխանությունից կարող է զրկվել, եթե իհարկե զրկվի, սակայն հենց նա ունի ամենաշուտը փախչելու հնարավորություն, իսկ աղետի տակ մնալու է Հայաստանը, Սերժ Սարգսյանին փոխարինողներն էլ մի քանի տասնյակ տարի նրա թողած աղետին են հղում անելու իրենց արդարացնելու համար: Հասարակության հետ պետք է խոսել սրա մասին, ոչ թե զբաղվել էլեմենտար քաղաքական բանսարկություններով կամ հետին թվով հերոսանալով: Քաղաքական ոչ ադեկվատության շքերթ կամ մի հայտարարված պատերազմի խրոնիկա:

Անտարբերություն գ/. Հայաստանի հասարակություն: Այստեղ, իհարկե, անտարբերությունն ավելի իներցիոն է, հետևանքային: Անտարբերության այս աղբյուրը հայտարարված պատերազմի խրոնիկայի մասնակից չէ, դիտորդ է: Նրան հենց դրա համար էլ մասնակից չեն դարձնում՝ որ չխանգարի ընթացքին: Հասարակությունն անտարբեր է, որովհետև նրան դարձնում են երեսպաշտության, ցինիզմի, բանսարկությունների զոհ, սպառող: Նրան այդ ամենը մատուցում են լուրջ նյութի փոխարեն, որից լուրջը միայն դեմքի արտահայտությունն է, մնացյալն ընդամենը փաթեթավորված օդ, որի նմանը կարծես թե մի ժամանակ կեսկատակ-կեսլուրջ վաճառում էին հայաստանյան «Վերնիսաժում»՝ հայրենիքի օդը:

Հասարակության անտարբերությունը կողմնորոշիչների, էլիտաների բացակայության հետևանք է, որն ինքնին, իհարկե, այլ հարցերում արդեն վերածվում է պատճառի կամ դառնում հանցակից-պատճառակիցը այլ պատճառների, որոնք արդեն բխում են միանգամայն գիտակցված անտարբերությունից: Դրա արդյունքում բացակայում է հասարակական պահանջի կամ պահանջարկի ճնշումը քաղաքական «անտարբերների» վրա, ինչն էլ իր հերթին բացառում է ճնշումը աշխարհաքաղաքական անտարբերների վրա, որոնք նստած են Մոսկվայում, Աստանայում, Մինսկում:

Անտարբերությունը առնվազն հրապարակային մակարդակում առայժմ բացակայում է միայն Արևմուտքում: Այնտեղից են հայտարարություններ ու մտահոգություններ հնչում լարվածության, պատերազմի անթույլատրելիության մասին: Ժամանակ առ ժամանակ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահն է խոսում, խոսեց տարածաշրջան այցելած ԵԱՀԿ գործող նախագահը: Թե ինչքանով է հրապարակային «տարբերությունը» «ան» նախածանցով օժտվում արդեն չերևացող մակարդակում, ասել չենք կարող: Այստեղ իրավիճակը ավելի շատ ունի, այսպես ասած, հարաբերականության հիմքեր: Եթե բոլորը տարածաշրջանում և այսպես ասած` մերձտարածաշրջանում համակերպվել են ռազմական զարգացումներին, ապա Արևմուտքում, ի վերջո, անիմաստ կհամարեն այդ ամենին դիմագրավելը և կսկսեն մտածել զարգացումներից օգտվելու սցենարների մասին:

Հրապարակային հայտարարությունները առայժմ վկայում են, որ Արևմուտքում ընթանում են «ոչ անտարբերների» որոնումներ, այսպես ասած` բացականչություններ, ձայնակցումներ, տեսնելու համար, թե ովքեր կարձագանքեն և արդյոք կա՞, այսպես ասած, հակապատերազմական, քաղաքական գործընթացի պոտենցիալ: Առայժմ չենք կարող ասել, որ արձագանքները հուսադրող են: Ընդ որում` դա մեղմ ձևակերպումով, որովհետև իրականում հուսահատեցնող են արձագանքները:

«Ոչ անտարբերությունը» «ա» և «բ» անտարբերների համար դիտարկվում է որպես հայտարարված խրոնիկայի արգելակ, որպես խառնակչություն, որը խանգարում է պլաններին ու հաշվարկներին: Իրավիճակը կարող է փոխվել անտարբերությունը «գ»-ի մոտ հաղթահարելու դեպքում, ինչը սակայն ամենադժվար հաղթահարելին է` նկատի ունենալով, որ հասարակությունը ներկայումս գտնվում է տարերային մի փուլում, երբ կան ազդեցության բազում լծակներ և չկա դիմադրության համար ամենակարևորը՝ արժեհամակարգը, մշակութաբանական պլաստը: Բայց չի մնացել դա անընդհատ փորձելուն այլընտրանք:

Today's most read news !
  • Թողնել «լոլո»-գիան, անցնել սոցիոլոգիայի
  • Պետք էր ճշգրտությունը «պաշտել», ոչ թե հաշվարկը
  • Եթե չկա ներքին լայն դիմադրություն
  • Մարզպետները վիրավորական չեն համարում վարչապետի կրթվելու կոչը
  • Վաղը կանցկացվի երթ՝ ԿԸՀ-ից ՀՀԿ-ի գրանցումը չեղյալ հայտարարելու պահանջով
  • Սխալ ազդակներ հասարակությանը
  • Իմ կյանքն ինձ ապացուցել է, որ ոչինչ չպետք է բացառել. Մարիամ Ադամյան
  • Սոնա Շահգելդյանը ապրիլ ամսին կդադարեցնի գործունեությունը
Comments

Name: