Դաշինքների սլաքը սկսեց հակառակ պտույտը

Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի գլխավորությամբ կամ նրա անվան շուրջ ստեղծվող դաշինքը լքելու մասին այսօր հայտարարեց նաև «Երրորդ հանրապետություն» կուսակցության առաջնորդ Վիկտոր Դալլաքյանը: Փաստացի, Օհանյանի դաշինքը կազմաքանդվեց դեռևս ամբողջական տեսք չստացած: Մյուս կողմից, եթե մի բանը դեռևս չունի ամբողջական տեսք, ապա բնականաբար այն չի կարող քանդվել: Այդուամենայնիվ, Վիկտոր Դալլաքյանի հայտարարությունը, որ նա հեռանում է, իհարկե հարված է եթե ոչ դաշինքին, ապա դաշինքային գործընթացին կամ պարզապես անմիջականորեն Սեյրան Օհանյանին, քանի որ պետք է պարզապես ընդունել այն իրականությունը, որ այդ գործընթացում կա մի էական գործոն՝ դա Սեյրան Օհանյանն է: Մյուս կողմից, եթե կա մեկ էական գործոն, ապա այդ դեպքում կարող է ստացվել, որ մնացյալ գործոնների մուտքը կամ ելքը այդքան էլ էական նշանակություն չունեն: Սակայն, իհարկե, այսպես ասած մթնոլորտը, դաշտը, աուրան Օհանյանի շուրջ, նրանք թուլացնում են: Եթե դրան գումարենք նաև ավելի վաղ Պարույր Հայրիկյանի տված ոչ բարենպաստ հարցազրույցը, Դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի հայտարարությունը, ապա կստացվի, որ Օհանյանի գլխավորությամբ դաշինքը զգալիորեն կարող է սեղմվել, եթե անգամ հեռացող տարրերը առանձնապես մեծ քաղաքական կշիռ չունեն: Այս տեսանկյունից առանձին Օհանյան դաշինքի խնդրից առավել դիտարժան է թերևս այն, որ փաստորեն բավական հնչեղ դաշինքային նախընտրական գործընթացը բուն քարոզարշավին մոտենում է զգալիորեն թուլացած ալիքով:

Բանն այն է, որ գործնականում այդ վիճակն է նաև Գագիկ Ծառուկյանի ստեղծած «Ծառուկյան» դաշինքի պարագայում: Կար հնչեղ մեկնարկ, խոսակցություններ բավական ազդեցիկ կոնսոլիդացիայի մասին, բայց դաշինքը, կարծես թե, առավելապես լինելու է ձևական, իսկ իրականում Ծառուկյանն ընտրության է գնում պարզապես ԲՀԿ-ի հետ, ուղղակի այլ անվանումով: Եվ այստեղ բնականաբար հարց է առաջանում, թե արդյո՞ք գործ ունենք երկու ինտրիգային դաշինքների հանդեպ իրականացված հատուկ գործողության հետ, երբ ստեղծվել է հնչեղ մեկնարկային մթնոլորտ, իսկ հետո արդեն նախընտրական քարոզարշավի մեկնարկին մոտ սկսվել է հակառակ գործընթաց, այդպիսով հարվածելով դաշինքներին: Պետք է նկատել, որ հաշվի առնելով հայաստանյան քաղաքական ավանդույթները, իրողությունները, հաշի առնելով Հայաստանի քաղաքական մեծ ու փոքր ուժերի սկզբունքայնության մեղմ ասած խիստ ցածր մակարդակը, հնարավոր է ամեն ինչ: Ի վերջո, այսպես ասած ականների ներդրումը տարբեր քաղաքական ֆորմատներում և գործընթացներում, և ոչ միայն քաղաքական, այլ նույնիսկ քաղաքացիական նախաձեռնություններում, Հայաստանում ամենևին էլ նորություն չէ: Այնպես որ մեծ հաշվով այնքան էլ զարմանալի և հանելուկային չէ այն, ինչ կատարվում է ներկայումս երկու դաշինքների շուրջ, որոնք համարվում էին խորհրդարանական ընտրություններում ամենաինտրիգային միավորները: Ակնհայտ է, որ տեղի է ունենում նրանց շուրջ ինտրիգի կտրուկ նվազում, կամ տրանսֆորմացում, և եթե մինչ այս ինտրիգն առավելապես նրանց նախընտրական հեռանկարներն էին, ապա այս դեպքում արդեն ընդհանրապես այդ դաշինքների գոյության և երկարակեցության խնդիրները:

Այստեղ իհարկե առաջանում են մի շարք հարցեր, կապված արդեն նախընտրական շրջանում այդ երկու միավորի մրցունակության հետ և այդ համատեքստում էլ առաջանում է մեկ այլ հարց՝ իսկ արդյո՞ք թուլացած կամ թուլացող, կամ սեղմվող երկու դաշինքները այդ գործընթացի արդյունքում կարող են նաև մտածել միավորվելու մասին: Սեյրան Օհանյանը, օրինակ, բանակի տոնի կապակցությամբ Եռաբլուր կատարած այցի ընթացքում դրական էր արտահայտվել Ծառուկյանի հետ գործակցության շուրջ, բայց նաև հասկանալի էր, որ այդ գործակցությունն ունի լուրջ խնդիր՝ ով ում պետք է միանա, ով ում ստվերի տակ պետք է մնա, ով է զիջելու առաջնորդի, թելադրողի դերը: Բայց այժմ, երբ երկու միավորներն էլ դեռևս ընտրարշավը չսկսած արձանագրել են առնվազն ծավալի զգալի անկում, կարո՞ղ են մտածել այդ կորուստը միասնաբար փոխհատուցելու մասին: Եվ արդյո՞ք կա որոշակի աներևույթ ձեռք, որը կարող էր ստեղծել նման իրավիճակ գործակցության թեման վերակենդանացնելու համար: Դա իհարկե կհնչի փոքր ինչ դավադրության տեսության տարբերակով, սակայն քաղաքական դաշտում, որը հիշեցնում է այսբերգ՝ այսինքն ավելի շատ է անտեսանելի, քան տեսանելի մասը, հնարավոր է թերևս ցանկացած տեսություն: Ի վերջո, այստեղ խոսքը ոչ թե դավադրության, այլ չկայացած քաղաքական դաշտի, համակարգի, չկայացած ավանդույթների պարագայում դաշտում առկա խաղացողների կառավարելիությունն է, դրա բարձր աստիճանը: Այստեղ է, որ դրսևորվում է քաղաքական որևէ նախաձեռնության պարագայում քաղաքական գաղափարական պլատֆորմի և արժեհամակարգային հենքի առաջնային նշանակությունը, որը և ապահավում է որևէ քաղաքական ուժի կամ միավորի իրական սուբյեկտությունն արդեն անկախ ֆիզիկական ծավալներից:

Today's most read news !
  • «Օտարը». Նոր սիրային եռանկյունի` հայկական եթերում
  • Մորաքրոջս անունը երբեք չեմ օգտագործի դռներ բացելու համար. Նադյա Սարգսյան կրտսեր
  • Տաթեւիկ Ադումյանի 25-ամյակի լուսանկարները
  • Հմայիչ Անժելա Սարաֆյանը՝ Vanity Fair-ի և Lancome-ի երեկույթներին
  • Մեր տղան որոշեց նախագահ դառնալ, հիմա մնում է հասկանալ, թե որ երկրի նախագահ է լինելու. Անի Դաշյան
  • Լարված իրադրություն շփման գծում. հակառակորդը ձեռնարկել է հարձակման փորձ. ԱՀ ՊԲ
  • Իշխանության ներսում սպասվում են արմատական փոփոխություններ և փոխատեղումներ
  • Քիմ Քարդաշյանը փոխել է կերպարը և դարձել շիկահեր
Comments
Loading...