«Էն սհաթի» ու Հայաստանի «նույնականությունը»

Որքան մոտենում է ապրիլի 2-ը, այնքան Հայաստանի իշխանական և «ընդդիմադիր» ուժերը ավելի ուժգին է խմում «էն սհաթի» կենացը: Ինչպես հայտնի է, Հայաստանի իշխանության մեջ Ռուսաստանը յուրօրինակ այցեքարտ է՝ եթե ունես, ապա դու բավական ուժեղ ես, «դաբրոյով» գործիչ ես: Միևնույն ժամանակ, Հայաստանի իշխանության և «ընդդիմադիր» շատ ուժեր իրենց համար ունեն Ռուսաստանի աջակցության անհրաժեշտությունը և ներկայումս անում են քայլեր, որպեսզի կարողանա ԵԱՏՄ-ին Հայաստանի  անդամակցությունից հետո ստեղծվելիք նոր ներհամակարգային իրականությունում ապահովել Կրեմլի աջակցությունը՝ իշխանության բաժանման ներհայաստանյան գործընթացում կուլ չգնալու համար: Բոլոր դեպքերում, թերևս պարզ է, որ Հայաստանի քաղաքական ներկապնակի բոլոր մասնակից սուբյեկտներն ակնհայտորեն աշխատում են ռուսական ուղղությամբ։

Մտահոգության առարկան տվյալ պարագայում այն ազդակներն են, որ Հայաստանի իշխանության և «ընդդիմության» «բարձր» մակարդակներից հնչում են ռուսական ուղղությամբ: Աշխարհաքաղաքկան այս տաք ժամանակահատվածում Հայաստանում պետք է ծավալել լուրջ դիսկուրսներ, և դրանցից մեկը, գլխավորներից ու առանցքայիններից մեկը պետք է լինի հենց աշխարհաքաղաքական թեմատիկան, քանի որ համաշխարհային լուրջ գործընթացները էական մարտահրավերներ են բերում Հայաստանին և պահանջում իսկապես համարժեք կեցվածք, նաև այդ կեցվածքի հասարակական հենք: Այդ տեսանկյունից, հայտարարությունները, թե Հայաստանի ու Ռուսաստանի աշխարհաքաղաքական հետաքրքրությունները նույնն են, մեղմ ասած, տարբեր բաներ, կարծես թե, խառնում են իրար:

Նախ, Հայաստանը իշխանությունն ու այսպես կոչված ոչ իշխանությունը առավելապես շփոթում կամ նույնացնում են իրենց Հայաստանի հասարակության և ժողովրդի հետ: Բանն այն է, որ Հայաստանի՝ որպես պետություն, և Ռուսաստանի աշխարհաքաղաքական հետաքրքրությունները ակնհայտորեն նույնը չեն, հատկապես վերջին տասնամյակի կտրվածքով: Իհարկե, իշխանության պարագայում դա, կարծես թե, նույնն էր և 2008 թվականին Հայաստանի իշխանությունը փորձեց խաղալ այդ հետաքրքրություններին ներդաշնակ և ճակատագրական մի քանի սխալներ թույլ տվեց Ղարաբաղի և հայ-թուրքական հարաբերության գործընթացներում: Հայաստանը, տուրք տալով թուրք-ադրբեջանական տանդեմի հետ ռուսական խաղերին, ներգրավվեց «ֆուտբոլային» գործընթացում: Ի դեպ, ուշագրավ է, որ այն սկսվեց հենց Մոսկվայից, երբ իր ռուսաստանյան այցի ժամանակ Սերժ Սարգսյանը հայտարարեց «ֆուտբոլային» դիվանագիտության նախաձեռնության մասին՝ Գյուլին հրավիրելով Երևան: Հետո երևանյան հանդիպումից օրեր անց հայտնի դարձավ, որ Սերժ Սարգսյանը Գյուլին նույնիսկ որոշակի դերակատարում է առաջարկել ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում: Այդ անցանկալի և ճակատագրական զարգացումները հնարավոր եղավ կասեցնել միայն Արևմուտքի աշխարհաքաղաքական հետաքրքրությունների շնորհիվ, քանի որ եթե Արևմուտքն իր այդ հետաքրքրություններով չմտներ գործընթացի մեջ և այն բարեհաջող չուղղեր փակուղի, Հայաստանը մնալու էր Ռուսաստանի աշխարհաքաղաքական հետաքրքրությունների և թուրք-ադրբեջանական տանդեմի հետ ռուսական պայմանավորվածությունների արանքում` Թուրքիային թույլ տալով մտնել Ղարաբաղի հակամարտության գործընթաց, դրանով իսկ Ռուսաստանին օգնելով թուրք-ադրբեջանական տանդեմի հետ զորակցված փոխել գործընթացում միջնորդական ստատուս քվոն:

Ռուսները, թերևս, մտադիր էին այդ միջոցով նվազեցնել ԱՄՆ դերակատարությունը` թերևս ակնկալելով, որ Թուրքիան այդ գործում կդառնա գործիք՝ իր հավակնություններով կուրացած, իսկ հետո անհամեմատ ավելի հեշտ կլինի կառավարել թուրքերին, քան ամերիկացիներին, որոնց կա՛մ ստիպված է զիջել, կա՛մ ստիպված է պայմանավորվել նրանց հետ բոլոր սկզբունքային հարցերում: Իսկ Հարավային Կովկասում, միանձնյա որոշումներից բացի, Ռուսաստանի համար մնացյալ ամեն ինչ արդեն ընկալվում է որպես ձախողում և նահանջ: Թուրքիային ներգրավելով տարածաշրջան` Ռուսաստանը, թերևս, փորձում էր իր համար ապահովել միանձնյա որոշումների հեռանկար, հուսալով, որ Թուրքիայի միջոցով ԱՄՆ-ին դուրս թողնելով ակտիվ գործընթացներից, հետո կկարողանա դուրս թողնել նաև Թուրքիային: Իսկ այդ հարցում Ռուսաստանի գործիքը կամ ռեսուրսը Հայաստանն էր, որը նախ որպես խայծ էր ծառայելու Թուրքիայի համար, հետո պետք է ծառայեր որպես մահակ կամ որպես պատնեշ Թուրքիայի դեմ:

Ահա ռուսական արկածախնդիր աշխարհաքաղաքական հետաքրքրությունները, և եթե ուկրաինական Ղրիմի բռնակցումից հետո էլ Հայաստանի հետաքրքրությունը համընկնում է դրանց, ապա այստեղ, իհարկե, մնում է առնվազն տարակուսել: Դա, իհարկե, իրավիճակային իմաստով, որը սակայն առ այսօր չի փոխվել և առ այսօր նկատելի է, որ թեև նվազ խանդավառությամբ: Իսկ առավել լայն աշխարհաքաղաքական կոնտեքստում ակնհայտ է, որ Ռուսաստանը տարածաշրջանում վաղուց ի վեր դեստրուկտիվ դերակատարում է ստանձնել և ինչպես ուկրաինական ճգնաժամն է ապացուցում բացարձակապես ցանկություն չունի տարածաշրջանում ազդեցությունների համար պայքարում դիմել տեխնոլոգիական մեխանիզմների: Արդիականացման քաղաքականությունը Ռուսաստանի տարածաշրջանային քաղաքականության գործիքներում բացարձակապես խորթ է, մինչդեռ արդիականացումը Հայաստանի համար կենսական հրամայական է: Իսկ առանց համաշխարհային կոնտեքստի` արդիականացման հեռանկարը առավելապես միֆական է:

Ապրիլյան պատերազմում Ռուսաստանի ուղղակի և անուղղակի ներգրավվածության մասին բազմիցս ենք խոսել։ Այդ պատերազմը պետք է ծառայեր բոլորովին այլ նպատակների, այդ պատերազմը թիկունքում պետք է առաջ բերեր բոլորովին այլ օրակարգ, բոլորովին այլ խնդիրների լուծումներ, քաղաքական ուժերին պետք է բերեր որակապես այլ կոնսենսուսի, իսկ իշխանության դրան անպատրաստ լինելու դեպքում պետք է ձևավորեր քաղաքական համախմբման այնպիսի մի ուժ, որը միանգամայն խաղաղ, բայց հաստատուն մեթոդներով, հաստատուն կամքով իշխանությանը կստիպեր ձեռնարկել որակական փոփոխությունների համար անհրաժեշտ քայլերն ու ամրացնել թե՛ սահմանը, թե՛ թիկունքը, թե՛ ընդհանրապես շտկեր պետության դեռևս սեպտեմբերի 3-ին համընդհանուր ջանքերով կորացած մեջքը, ապաքիներ կոտրված ողնաշարը:

Ապրիլյան պատերազմը՝ մեր 100 զոհերի և 800 հեկտար կորստի ողբերգությամբ, ցավով ու ծանրությամբ, բայց հակառակորդին հետ մղելու հաջողությամբ, պետք է հիմք դառնար այդ ուժերի համար ուղղել սեփական սխալը: Այն սխալը, որ կոլեկտիվ կերպով գործվեց Հայաստանի Հանրապետության հանդեպ 2013 թվականի սեպտեմբերին, հետո վավերացվեց ԱԺ-ում, ընդ որում՝ մի քանի ամոթալի փաստաթղթերի տեսքով, և որի վերջնարդյունքն էլ այն էր, որ Հայաստանն, ըստ էության, խոցելի դարձավ բոլոր առումներով՝ հասնելով ապրիլյան ագրեսիային արցախյան ուղղությամբ: Բանակը պահեց պետությունը՝ պետությունը հանձնածներին հնարավորություն տալով ուղղել սեփական ճակատագրական սխալը: Ապրիլյան պատերազմից հետո հայ-ռուսական միացյալ ՀՕՊ-ն ու հայ-ռուսական միացյալ զորախմբի վերաբերյալ համաձայնագրերի կնքումը մի երկրի հետ, ով այդ պատերազմում ոչ միայն Հայաստանի հակառակորդին ամենից շատ զենք վաճառած, մահաբեր սպառազինություն տրամադրած պետությունն էր, այլ նաև իր քաղաքական կեցվածքով աջակցել է ոչ թե դաշնակից Հայաստանին, այլ Ադրբեջանին, որ գրոհել էր Արցախը:

Հետևաբար, տրամաբանությունը հուշում է, որ Հայաստանն ու Ռուսաստանը չեն կարող ունենալ աշխարհաքաղաքական նույն հետաքրքրությունները, եթե տրամագծորեն տարբեր են մարտավարական անհրաժեշտությունները: Այլ հարց է, երբ Ռուսաստանը Հայաստանին պարտադրում է մեր երկրի մարտավարական անհրաժեշտությանը հակադիր, հետևաբար նաև ռազմավարական նպատակներին հակասող մոտեցումների կիրառում: Բայց այդ դեպքում արդեն պետք է խոսել ոչ թե Հայաստանի ու Ռուսաստանի, այլ Ռուսաստանի և Հայաստանի իշխող վարչակարգի աշխարհաքաղաքական նույնականության մասին:

Today's most read news !
  • Տաթևիկի ամուսինը ներկա է եղել նրա ծննդյան խնջույքին. Մենեջերը՝ Տաթևիկ Ադումյանի ամուսնալուծության լուրերի մասին
  • Լիկա Սալմանյանի 21-ամյակի երեկույթն ու սիրելիի անակնկալը
  • Ինչպես է անցել Աննա Դովլաթյանի ծննդյան խնջույքը
  • Արմավիրցի 26-ամյա տղամարդը տանուլ տված 80 հազարը «հետ բերելու» համար օղու շշով հարվածել է գյուղի խանութի վաճառողուհու գլխին
  • Սիլվա Հակոբյանի հայրիկը՝ երգչուհու ամուսնության ու աշխատանքային ծրագրերի մասին
  • Մեր դուստրն իր ներկայությամբ բոլորին հանգստություն է պարգեւում. Գայանե Հովհաննիսյանն՝ իր ու Ռոլանդ Գասպարյանի փոքրիկի մասին
  • «Պաշարվածները». նոր փաստավավերագրական ֆիլմ՝ 91-92թթ. սովի ու հրի մատնված Ստեփանակերտի մասին
  • Արցախը ոչ թե կարող է, այլ պարտավո՛ր է «Իսկանդերով» հարվածել. Նորատ Տեր-Գրիգորյանց
Comments
Loading...