Երբ անգրագիտությունն ավելի վտանգավոր է, քան արտաքին պարտքի աճող ծավալները

Ֆինանսների նախարար Վարդան Արամյանը հայտարարել է, որ կառավարությունը նախատեսում է ներգրավել 350 միլիոն դոլարի չափով վարկ: Դրանով իսկ 2017թ․-ին Հայաստանի պետական պարտքը կհասնի 6 միլիարդ 250 միլիոն դոլարի, և Հայաստանը կհատի արտաքին պարտքի վտանգավոր սահմանագիծը, որը 6 մլրդ դոլար է կամ ՀՆԱ-ի 60% շեմը:

Նախարարը խոսելով պարտքի ծավալների ավելացման մասին՝ «հանգստացրել է շրջապատին»՝ նշելով, որ «Հայաստանի պարտքի բեռը մտահոգիչ չէ, այն ռիսկային չի համարվում»: Որպես իր խոսքի հիմնավորում պրն Արամյանը բերել է ԱՄՆ-ի օրինակը՝ բացատրելով, որ «անգամ ԱՄՆ-ի նման երկիրը ՀՆԱ-ի 100%-ից ավելի չափով պարտք ունի, հարյուրամյակներ շարունակ այդ երկիրը պարտք է վերցնում»:

Այս պարագայում թերևս ավելի մտահոգիչ է պրն նախարարի մտածելակերպը, քան արտաքին պարտքի աճող ծավալները: Փաստորեն մենք արդեն մեր տնտեսության հետ կապված հարցերում այնտեղ ենք հասել, որ առանց երկմտելու անգամ զուգահեռներ ենք անցկացնում ԱՄՆ-ի տնտեսության հետ, համեմատում ենք անհամեմատելին: ԱՄՆ-ինը աշխարհի համար մեկ տնտեսությունն է, որի պարագայում հզոր ասվածը մեղմ է հնչում: Ինչ է իրենից ներկայացնում մեր տնտեսությունը, ի՞նչ ունենք. հազիվ շնչող, մի կերպ գոյություն քարշ տվող, միջազգային այս կամ այն կառույցից պարտքեր վերցնելով բյուջեի ճեղքվածքներ փակող: Այո, 6 մլրդ-ի սահմանագիծը կարող էր վտանգավոր չլինել, եթե ունենայինք առողջ, դինամիկ տեմպով զարգացող, շարունակաբար լուրջ ներդրումներ ներգրավող տնտեսություն: Նույնիսկ 3-4 ամիս չի անցել նորընտիր վարչապետի ի լուր աշխարհի արված հայտարարությունից, որ տնտեսությունը ծանր, շատ ծանր, խորը ճգնաժամի մեջ է:

Այստեղ իմիջիայլոց նկատենք, որ վերջերս ֆինանսների նախարարի պահվածքում բավականին հետաքրքիր դիվանագիտական մանևրի տարրեր են ավելացել: Որքան որ մեր դիվանագետների մոտ չի ստացվում դրսում, այնքան մեր տնտեսական գործիչները սկսել են ավելի լավ դիվանագիտություն խաղալ ներսում: Խոսելով վերցվելիք պարտքի մասին՝ պրն Արամյանը շտապում է քննարկման թեման տեղափոխել եվրոբոնդերի ոլորտ՝ խոսել վարկերի փակման պիկից, 2020թ.-ին մեր ձեռնարկելիք միջոցառումներից և այլն, և այլն: Այդ մասին բոլորին է հայտնի, վերջին քանի ամիսներին շարունակ ասվում է դրա մասին, և հերթական անգամ խոսելը միայն բուն թեմայից շեղվելու ցանկության մասին է փաստում:

Որ տնտեսության վիճակը լավ չէ՝ հասկանալի է, բոլորս գիտենք: Բայց խիստ քննադատելով (թերևս տեղին) նախկիններին, որ վերջին տարիներին հասցրել են տարեկան միջինում 7-8%-ով աճեցնել մեր պետության ընդհանուր պարտքը, վերցվող վարկով մեր պարտքը ավելացնում ենք գրեթե 6%-ով (արտաքին պարտքը՝ 7.7%-ով), արդեն այս կառավարության ձեռքով: Մուտքի շատ լավ «նախաբանից» հետո, երբ ներկայացվեց, որ տնտեսությունը գտնվում է խորը ճգնաժամում, նշվեցին բոլոր եղած ու չեղած պրոբլեմները (որ թերևս այդպես էլ էր), հետագա գործողություններից հասկանալի է դառնում, որ դա նաև ապահովագրական նպատակ ուներ, որ հետո արդեն կառավարողների ձեռքերը ազատ լինեին ցանկացած իրավիճակում ազատ մանևրելու՝ «տնտեսությունն այն վիճակում էր, որ այլ կերպ պարզապես հնարավոր չէր» արդարացումով:

ԱԺ-ում 2017թ.-ի բյուջեն ներկայացնելիս նախարար Արամյանը ասաց բառացիորեն հետևյալը. «2014 թվականի կեսերից սկսած Ռուսաստանի տնտեսության նկատմամբ տնտեսական սանկցիաներ են, որն էլ իր ազդեցությունը պետք է թողներ մեր տնտեսության վրա։ Պարտադրված ենք եղել ավելի շատ պարտք ներգրավել, որպեսզի հակազդենք նեգատիվ ներթափանցումներին, հակառակ պարագայում մենք կունենայինք բացասական տնտեսական աճ։ 2014 թվականից մինչև 2016 թվականի ընթացքում պարտքն աճել է շուրջ 14-ից 16 տոկոսային կետով։ Կառավարության պարտքը 34,5%-ից 2016-ին գնահատվում է, որ կհասնի 49,6%-ի։ Սա նշանակում է յուրաքանչյուր տարի 7-ից 8 տոկոսային կետով պարտքի աճ։ 2017 թվականին մենք թիրախավորել ենք, որ պարտքի աճի տեմպերն աստիճանաբար պետք է կայունանան, պետք է ավելի դանդաղ տեմպով մենք պարտք վերցնենք, որպեսզի իրավիճակը միշտ մնա մեր հսկողության ներքո։ Մենք 2017 թվականի համար պետական պարտքի, ՀՆԱ-ի նկատմամբ հարաբերակցության տեսանկյունից ավելի դանդաղ աճի տեմպ ենք նախատեսում։

…Ակնհայտ է, որ 2017 թվականին մենք պահպանողական վարքագծով, որպեսզի կայունացնենք պարտքը, պարտադրված ենք ունենալ ծախսերի բավականին պահպանողական ցուցանիշ։ …Պակասուրդի մասով. 150 միլիարդի այս եկամուտների և ծախսերի արդյունքում ունենալու ենք պակասուրդ, որից 71,1 միլիարդը ֆինանսավորվելու է ներքին աղբյուրների հաշվին, մնացած 79 միլիարդը մենք ակնկալում ենք, որ կֆինանսավորվի արտաքին միջոցների հաշվին»։ 79 մլրդ-ը մոտավորապես 150-160 մլն դոլար է անում: Մինչդեռ հիմա խոսում են 350 մլն-ի մասին: Նախարարը հակասում է ինքն իրեն:

Մյուս կողմից՝ շուրջ մեկ ամիս առաջ հանրապետության վարչապետը ՌԴ-ից վերադառնալով՝ հայտարարեց 700-800 մլն դոլարի ներդրումների մասին: Մի բան, որ անցած տարի բյուջե ներկայացնելիս դեռ չկար: Ինչու է այդ դեպքում կառավարությունը շտապում այդքան մեծ գումարի չափով պարտք վերցնել: Մի քիչ կսպասեինք, ներդրումները կարվեին, դրանցից հարկերը կմտնեին պետական բյուջե, և գոյացած բյուջեի պակասուրդի մի մասը դրանով կփակվեր, մնացածն էլ, որ հաստատ ավելի փոքր գումար էր լինելու, կներգրավեին վարկային միջոցներից: Մինչդեռ կառավարության նման պահվածքից սկսում ես մտածել, որ իրենք իրենց իսկ ասածներին չեն հավատում ու «էն գլխից» իրենց ապահովագրում ու վերաապահովագրում են:

Today's most read news !
  • Էրոտիկ աղջիկներ եւ շքեղ ավտոմեքենաներ՝ Նորոյի նոր տեսահոլովակում
  • Կապանում խորթ հայրը ոտքով հարվածել է 3-ամյա փոքրիկի հետույքին, երեխան ընկել ու գանգուղեղային փակ տրավմա է ստացել
  • Նաիրա Մովսիսյանի 29-ամյակի խնջույքն ու ամենատպավորիչ նվերը
  • Հետաքրքիր մանրամասներ հայ աստղերի փարիզյան մրցանակաբաշխությունից
  • 1995 թ. ԻՆՉՊԵՍ ԵՂԵԼ Է. Երևանում հայտնի «շունբազը» ատրճանակի կրակոցներով սպանվել է իր տան շքամուտքում
  • Քարդաշյանների ընտանիքը անվտանգության ծառայությունից օգտվում է շուրջօրյա
  • Սիրուշոյի և PicsArt-ի համագործակցությամբ նոր հավելված է ստեղծվել
  • Ընտրարշավի տապալվող գիծը
Comments

Name: