Դուք ուր, պետության շահն ուր

ՀԱՊԿ-ում և ԵԱՏՄ-ում Հայաստանի գործընկեր Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի վերջին օրերին արած հայտարարությունների և գործողությունների վերաբերյալ պաշտոնական Երևանի չափազանց զգուշավոր և նույնիսկ վախվորած արձագանքը հասարակական բնական դժգոհություն է առաջացրել։ Բայց այսպիսի կեցվածքը չափազանց սովորական և բնական վիճակ է Հայաստանի իշխանության համար, առավելապես եթե խոսքը վերաբերում է Ռուսաստանին կամ ԵԱՏՄ շրջանակներում մեր մյուս «դաշնակիցներին»։ Սրանք Հայաստանի իշխանություններին միանգամայն բնորոշ հայտարարություններ են: Ինչո՞ւ բնորոշ և ինչո՞ւ Հայաստանի իշխանություններին. որովհետև միայն Հայաստանի իշխանությունների մտքում և պատկերացումներում կարող են լինել նաև իշխանությունների կայացրած որոշումներ, որոնք չեն բխում Հայաստանի և հայ ժողովրդի շահերից: Որևէ երկրում իշխանությունները չեն կարող բացատրություն համարել նման արտահայտությունը՝ որոշումը բխում է ժողովրդի և պետության շահերից:

Բանն այն է, որ իշխանություն երևույթը կամ հասկացությունը իր բոլոր գործողությունները պարտավոր է անել հասարակության և պետության շահերի համար: Հենց այդ նպատակով են հասարակությունները ստեղծում պետություն, ընտրում կամ այլ մեխանիզմներով ձևավորում իշխանություններ: Իշխանություն հասկացությունը հենց ժողովրդի և պետության շահ հասկացությունների հոմանիշն է՝ ոչ մի այլ բան: Եվ հետևաբար՝ որևէ քաղաքակիրթ, զարգացած երկրում իշխանությունները որևէ հարցում մտքի ծայրով անգամ չեն անցկացնի նման արտահայտությունները դարձնել ինքնարդարացման միջոց կամ հասարակական պահանջների պատասխան:

Սակայն քանի որ Հայաստանում իշխանությունները հակառակի հոմանիշն են՝ ժողովրդի և պետության շահերի ոտնահարման, ապա նրանք կարծում են, որ հայտարարելով ժողովրդի և պետության շահերից բխող որոշումներ կայացնելու մասին՝ հարցը փակում են և հասարակությանը հանգստացնում:

Իրականում այդ ամենը բացարձակապես ամորֆ բառակապակցություններ են, և հասարակությունը պահանջում է շատ կոնկրետ ասել, թե ինչ շահերի մասին է խոսքը, ինչ շահեր էին ոտնահարվելու, եթե չկայացվեր որոշումը, ինչպես էին ոտնահարվելու, այսինքն՝ ինչ էր լինելու Հայաստանի հետ, ով էր լինելու այդ լինելիքի մեղավորը, պատասխանատուն:

Ակնհայտ է, որ այստեղ հարցերի մի երկար ու բավական լուրջ շղթա է առաջանում, որոնց պատասխանները ընդհանրապես այլ որակի խոսակցություն են բացում պետության ներկայիս վիճակի, պատասխանատուների և այլնի մասին: Այսինքն՝ բացվում են հայկական պետականության երիտասարդ պատմության բավականին հաստ շերտեր:

Բնական է, որ իշխանությունների համար հարցերի այդ շղթան մոտավորապես «քիմիական զենքի» էֆեկտ կարող է ունենալ: Եվ բնական է, որ նրանք փորձում են խուսափել այդ շղթայից՝ հայտարարելով, որ ամեն ինչ արել են ի շահ ժողովրդի և պետության:

Մի հարցնող լինի՝ դուք ի՞նչ գիտեք, թե պետության և ժողովրդի շահը որն է: Մի՞թե դուք որևէ այլ շահերի մասին պատկերացում ունեք՝ անձնականից ու կուսակցականից բացի: Եթե ձեզ համար անձնականն ու կուսակցականը նույնականացվել է պետության և ժողովրդի հետ, դա դեռ չի նշանակում, թե պետության և ժողովրդի շահերից են կայացվում ձեր որոշումները: Այդ նույնականացումից շահերի պաշտպանությունը չի սկսվում՝ ավարտվում է: Այդ նույնականացումից սկսվում է շահերի ոտնահարումը:

Today's most read news !
  • Շուշանի եւ Մերիի ճոխ նվերը Տաթեւ Սարգսյանի 25-ամյակին
  • Ինչ սպասել հետընտրական զարգացումից
  • Րաֆֆի Օհանյանի հարսանեկան հոլովակն ու ֆոտոշարքը
  • Ինչի մասին է «Շանթ»-ի նոր սիթքոմը եւ ովքեր են դերակատարները
  • Խանությում հետևիցս գոռաց` «տականք, դու ստեղ ի՞նչ գործ ունես». Հակոբ Հակոբյան
  • Անի Քրիստին անճանաչելիորեն փոխվել է
  • Քիմ Քարդաշյանը նիհարելու նոր տարբերակ է առաջարկում
  • Երևանում ռազմագիտության դասատուն ընտանիքի 10 անդամներով հնարավոր է՝ հայտնվի փողոցում
Comments
Loading...