Պարզունակ ավանտյուրա, թույլիկ ավանտյուրիստներ

Ազգային անվտանգության հարցերով Ռոբերտ Քոչարյանի նախկին խորհրդական Գառնիկ Իսագուլյանը տարիներ առաջ հայտարարել էր, որ նոր հռչակված շարժման առաջնորդը՝ և ոչ միայն ռեսուրսների, այլև գաղափարական իմաստով, Գագիկ Ծառուկյանն է:

Առաջին հայացքից կթվա, որ այս հայտարարությունը որոշակիորեն աբսուրդ է: Ինչպես կարող է Գագիկ Ծառուկյանը, որը կրթական որևէ քիչ թե շատ տպավորիչ ցենզ չունի, մեղմ ասած` լինել շարժման գաղափարական առաջնորդ: Սակայն Իսագուլյանն, ըստ էության, աբսուրդային ոչինչ չի ասում, համենայնդեպս այնքան ժամանակ, քանի դեռ Ծառուկյանի գլխավորած շարժումը հասարակությանը չի առաջարկել որևէ այլ գաղափար՝ իշխանափոխությունից բացի: Այս գաղափարի առաջնորդ կարող է լինել միայն Գագիկ Ծառուկյանը, որովհետև առանց նրա «շարժում» լինել չի կարող:

Առաջիկայում հասարակության լումպենական հատվածի առաջիկա դինամիկան և ընթացքը Գագիկ Ծառուկյանը միայնակ չի որոշելու։ Շատ մոտ ապագայում պարզ կդառնա, թե այդ որոշումների վրա որքան ազդեցություն ունի անձամբ Սերժ Սարգսյանը: Դինամիկան ու ընթացքը իրականում որոշում են հենց այս երկու գործիչները։ Քաղաքական ներկապնակի մյուս դերակատարներին ոչ մի առանցքային որոշում կայացնելու հնարավորություն չի տրվելու:

Թվում է, որ սա հիասթափություն է, սակայն եթե մի պահ վերանանք, այսպես ասած, ԲՀԿ-ի իրական կամ անիրական ընդդիմություն լինելու «հավերժական» վեճից ստեղծված իրականությունն, ըստ էության, շատ կարևոր եզրեր է պարունակում հայաստանյան քաղաքական կյանքի, պայքարի, քաղաքական գործընթացների և սրանում հասարակական ընկալումների մասին: Փորձը ցույց է տվել, որ «Սերժ Սարգսյան, հեռացիր» ասելով, «Քոչարյան, հեռացիր» ասելով, «Լևոն, հեռացիր» ասելով Հայաստանում ոչինչ չի փոխվել, թեև Լևոնը հեռացել է:

Ասում են, որ ամեն ինչ կախված է քանակից, և եթե կրիտիկական զանգվածն ասի` Սերժ Սարգսյան, հեռացիր, ապա դա արդեն հարց կլուծի: Եվ մի ամբողջ շրջան մի ամբողջ հասարակության պահել են այս տրամաբանության, այս կաղապարների մեջ, որ խնդիրը ոչ թե բարձրացվող քաղաքական պահանջները կամ բանաձևերն են, խնդիրը ոչ թե քաղաքական պայքարի մեթոդաբանությունն է քրեաօլիգարխիկ համակարգի դեմ, այլ ընդամենը Սերժ Սարգսյանի հեռացիրի կրիտիկական զանգվածը, դա գոռացողների քանակը: Եվ սա ստեղծել է ինքնարդարացման մի մեխանիզմ, որտեղ գոռացողները իրենց անարդյունավետությունը բացատրել են չգոռացողներով և բոլորին համատարած որակել դավաճան՝ ով չի գոռում, դավաճան է:

Ըստ որում` այս պարզունակ ավանտյուրան վերածվել է ներքաղաքական մի կոդեքսի, մի յուրօրինակ Սահմանադրության, որը հարգում ու պատվում են գրեթե բոլոր ճամբարներում, ունիվերսալացնելով մոտեցումը՝ ով չի գոռում այն, ինչ մենք, նա դավաճան է և մեր հակառակորդի, մրցակցի կամ թշնամու պատվիրատուն: Իշխանություններն էլ նույնի վրա խաղում են արդեն, այսպես ասած, ռազմահայրենասիրական թեմաներով:

Արդյունքում` ստացվել է մի տեղապտույտ, որի մեջ հայտնվել են բոլորը: Իսկ շահում է սրանից առաջին հերթին իշխող համակարգը, շահում են առաջին հերթին իշխանությունները, որովհետև Հայաստանում եթե ամեն ինչի առանցքում դրվում է «հեռացիրը», ապա դա իշխանությունների՝ ով էլ որ առաջին դեմքը լինի, մնալու ըստ էության ամենակարճ և հուսալի ճանապարհն է: Որովհետև հեռացիրը ինքնին անկարող է հանդիսանալ հասարակություն մոբիլիզացնող գործոն, քանի որ ինչքան էլ, այսպես կոչված, քաղաքական ուժերը փորձեն հասարակության առաջ տարանջատել, բաժանել հեռացողի ու եկողի խնդիրները, ինչքան էլ որ հասարակության մեջ տարբեր շերտեր էմոցիոնալ առումով, ըստ որում` միանգամայն արդարացիորեն պոռթկան, որ կարևոր չէ եկողը, կարևորը, որ «սրանք գնան», միևնույն է` իր ենթագիտակցական շերտում հասարակությունը այդ հարցերը դիտարկում է միաժամանակ, այսինքն` հեռացիր կոչի մեջ ներառում է և գնացողին կամ հեռացվողին, և եկողին` նրան, ումով որ ուզում է փոխարինել «սրանց»:

Արդյունքում, երբ մոբիլիզացիոն մեթոդաբանության առանցքում որևէ դեմքի «հեռացիրն» է, դա մոբիլիզացիան բացառող առաջին գործոններից և գրավականներից մեկն է, և արդյունքում, բնականաբար, մնում է անհաջողության համար մեղավորներ փնտրելն ու ինքնարդարանալը, ինչին էլ մենք ականատես ենք լինում պարբերական ցիկլերով: Ըստ էության տեղի է ունենում խնդրի, նպատակի նենգափոխում և իշխանափոխության հասնելու նպատակը փոխարինվում է ընդամենը բղավելու նպատակով, հանրային օրակարգում ոչ թե հեռանալն է ձևակերպվում և սպասարկվում որպես նպատակ, այլ որպես նպատակ ձևակերպվում և սպասարկվում է «հեռացիր» բղավելը, դրան են ուղղվում ողջ ռեսուրսները` կամա, թե ակամա, գիտակցաբար, թե առանց իրավիճակը և իշխանական համակարգը երկար-բարակ պատկերացնելու:

Այս իրավիճակը իշխանությունների համար առավելագույնս վերահսկելին է, առավելագույնս է հնարավորություններ ընձեռում մանիպուլյացիոն միջոցներով կառավարել այն: Իսկ երբ դրան գումարվում են արդեն հայտնի սուբյեկտիվ գործոնները համակարգի տարբեր բաղադրիչների փոխկապակցվածության մասին` անկախ նրանց, այսպես ասած, քաղաքական կարգավիճակից և ստանձնած դերակատարումից, ապա լիովին հասկանալի է դառնում Հայաստանում տեղի ունեցող քաղաքական պայքարի շարունակական ստագնացիան արդեն ոչ միայն որպես գործընթաց, այլ նաև արդեն որպես զուտ գաղափար:

Այսինքն` արդեն գաղափարի ստագնացիա է, ոչ թե միայն գործընթացի: Եվ դրա վկայությունն է այն, որ երբ հնչում են քաղաքական պայքարը «հեռացիրի» առանցքից դուրս բերելու և այդպիսով հեռանալու խնդիրը սպասարկելու առավել քիչ աղմկոտ, բայց առավել կենսունակ մեթոդաբանություն գտնելու անհրաժեշտության մասին տարբեր գնահատականներ, դրանք անմիջապես բախվում են իշխանափոխություն ցանկացողների, անգամ ամենաանկեղծ ցանկացողների դիմադրությանը:

Today's most read news !
  • Թողնել «լոլո»-գիան, անցնել սոցիոլոգիայի
  • Պետք էր ճշգրտությունը «պաշտել», ոչ թե հաշվարկը
  • Եթե չկա ներքին լայն դիմադրություն
  • Մարզպետները վիրավորական չեն համարում վարչապետի կրթվելու կոչը
  • Վաղը կանցկացվի երթ՝ ԿԸՀ-ից ՀՀԿ-ի գրանցումը չեղյալ հայտարարելու պահանջով
  • Սխալ ազդակներ հասարակությանը
  • Իմ կյանքն ինձ ապացուցել է, որ ոչինչ չպետք է բացառել. Մարիամ Ադամյան
  • Սոնա Շահգելդյանը ապրիլ ամսին կդադարեցնի գործունեությունը
Comments

Name: