Ճեղքելո՞ւ, թե՞ հալվելու է Օհանյան-Հովհաննիսյան-Օսկանյան այսբերգը

Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի և արտաքին գործերի երկու նախկին նախարարներ Րաֆֆի Հովհաննիսյանի ու Վարդան Օսկանյանի դաշինքը հայտարարեց իր ստեղծման մասին, երեք գործիչները ստորագրությամբ ամրագրեցին նախընտրական դաշինքի սկզբնավորումը:

Մինչ այդ դաշինքի մասին «մերկացնող» հայտարարություններ էր արել Վիկտոր Դալլաքյանը, որը պետք է միանար դաշինքին, սակայն հայտարարեց, որ առկա են ստվերային երևույթներ, և որոշումները կայացվում են ոչ թե ընդհանուր սկզբունքով, այլ «Համախմբում» կուսակցության և Սամվել Բաբայանի թելադրանքով:

Սամվել Բաբայանը, որը դաշինքի ձևավորման արարողությանը ներկա չէր, ի պատասխան Դալլաքյանի հայտարարության վերաբերյալ tert.am-ի հարցի՝ ասել էր, թե «լավ եմ անում», նշելով, որ ամեն ինչ անում է երկիրը փրկելու համար: Սեյրան Օհանյանը հայտարարեց, որ լավ հարաբերություններ ունի Սամվել Բաբայանի հետ, բայց այնպես չէ, որ Բաբայանն է որոշում դաշինքի գործունեությունը: Փաստորեն, Սեյրան Օհանյանն ու Բաբայանն ըստ էության իրարամերժ հայտարարություններ են անում Դալլաքյանի հայտարարության կապակցությամբ, ինչը առաջացնում է մի շարք հարցեր:

Դրան զուգահեռ՝ հետաքրքրական է, որ հերթական անգամ հետընտրական իրողությունների մասին է խոսում Վարդան Օսկանյանը՝ այդ համատեքստում դիտարկելով նաև հնարավոր հետընտրական գործակցությունը Գագիկ Ծառուկյանի հետ, որի նախընտրական ֆորմատը չստացվեց, ինչպես ակնարկում էր Դալլաքյանը՝ հենց «Համախմբում» կուսակցության պատճառով:

Միևնույն ժամանակ Վարդան Օսկանյանի հետընտրական զարգացումների վերաբերյալ հայտարարությունները հարց են առաջ բերում, թե ինչ կոնտեքստում է նա պատկերացնում այդ զարգացումները՝ խորհրդարանո՞ւմ հնարավոր դաշինքի, թե՞ արտախորհրդարանական, այսպես ասած՝ փողոցային հանրահավաքային գործընթացների համատեքստում: Այս առումով հատկանշական էր հանրահավաքների վերաբերյալ հարցին Սեյրան Օհանյանի տված պատասխանը, որտեղ նա հանրահավաքները դիտարկեց որպես նախընտրական քարոզչության բաղադրիչ՝ փաստորեն այդպիսով բավական թափանցիկ ակնարկելով, որ հետընտրական հանրահավաքներ չի դիտարկում:

Եվ այստեղ էլ, ըստ էության, առաջ է գալիս մոտեցումների որոշակի իրարամերժությունը՝ այն մասով, որ «Համախմբման» առաջնորդը անում է ակնարկներ հետընտրական զարգացումների մասով, իսկ Սեյրան Օհանյանն այդ իմաստով ձեռնպահ է մնում նման ակնարկներից և հանրահավաքների մասին հարցը պահում նախընտրական քարոզչության մարտավարության կոնտեքստում:

Սրանով հանդերձ՝ հատկանշական է նաև այն, որ Ծառուկյանի հետ դաշինքի իմաստով խոսելով հետընտրական զարգացումների համատեքստում՝ Վարդան Օսկանյանը փաստորեն այդ խնդրի պատասխանատվության տակ է դնում նաև Ծառուկյանին, որն ըստ էության այդպիսով կանգնում է հետընտրական զարգացումների վերաբերյալ իր դիրքորոշումը հրապարակավ հստակեցնելու անհրաժեշտության առաջ:

Ընդհանուր առմամբ թե՛ հայտարարված դաշինքի կազմավորման գործընթացը, թե՛ ներկայիս կազմը ավելի շատ հուշում են այն մասին, որ հետընտրական զարգացումներն ավելի հավանական են դառնում հենց կազմավորված դաշինքի ներսում: Դրա վկայությունն է այն, որ առնվազն առայժմ դաշինքը հանրությանը չի ներկայացնում հետընտրական պատկերացումների քիչ թե շատ հասկանալի մի պատկեր այն դեպքի համար, երբ չի վերցնում խորհրդարանական մեծամասնություն:

Միաժամանակ հետաքրքրական է նաև Սեյրան Օհանյանի այն հայտարարությունը, որ իշխանության գալու դեպքում պետք է լիարժեք բացահայտվեն բոլոր այն գործերը, որոնց բացահայտումը կիսատ է: Սեյրան Օհանյանը թվարկում է նաև Մարտի 1-ը, որի վերաբերյալ հարցադրումները հասկանալիորեն շատ են: Այստեղ, իհարկե, մի կողմից՝ հստակ է, որ բացահայտման մասին հայտարարությունը նվազագույն ստանդարտ է, որ պետք է ապահովել, սակայն մյուս կողմից՝ Մարտի 1-ի լիարժեք բացահայտման մասին հայտարարություննն ըստ էության առաջին անգամ է հնչում պաշտոնյայի կամ նախկին պաշտոնյայի շուրթերից, որը Մարտի 1-ին եղել է իշխանության կազմում, ինչը ևս ուշագրավ է դառնում՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ դաշինքում կա այդպիսի ևս մեկ պաշտոնյա, որը մի քանի տարի շարունակ առիթ ունենալով անդրադառնալ այդ խնդրին, համենայնդեպս, չի արտահայտել այդպիսի մոտեցում:

Այս ամենով հանդերձ՝ ամենից խոսունն ու հատկանշականն այս նախընտրական փուլում անկասկած լինելու է այն, թե ինչ ցանկով կամ ցուցակով է նոր դաշինքը ներկայանալու հանրությանը՝ ներառյալ, իհարկե, ռեյտինգային առաջադրումների ցանկը, որը կուրվագծի այսբերգի տեսանելի և անտեսանելի մասերի ընդհանուր հարաբերակցությունը:

Today's most read news !
  • Սիրուշոն 12-րդ անգամ ճանաչվել է լավագույն երգչուհի
  • Քիմ Քարդաշյանն Instagram-ում ցուցադրում է մարզված մարմինը
  • Անաստասիա Բրուխտին՝ Սուպեր Սաքոյի հետ զուգերգի և հայկական արմատների մասին
  • Ինձ համար իսկապես անսպասելի էր այս միցանակը. Տաթեւ Հովակիմյանը՝ «Արտավազդ 2017»-ում «Լավագույն երիտասարդ դերասանուհի» կոչման մասին
  • Կարեն Բաբաջանյանը՝ երկրից ընդմիշտ հեռանալու մտքերի մասին
  • Պատկերը ապրիլի 2-ից հետո
  • Քենդալ Ջենները Love պարբերականի համար նկարահանվել է Մերիլին Մոնրոյի կերպարով
  • Ռազմական ինստիտուտի 2 կուրսանտ դանակով հարձակվել են տաքսու վարորդի վրա, թալանել են ու խլել մեքենան
Comments

Name: