Հայաստանի երեք նախագահների անհատական աշխատանքների հավաքական ցուցահանդեսը

Հայաստանի հասարակությունը շարունակում է ուշի ուշով հետևել ու սպասել, թե խորհրդարանական ընտրությունների մասնակից կուսակցությունները երբ են հրապարակելու իրենց նախընտրական համամասնական ցուցակները:

Մի կողմից այս սպասումը հասկանալի է, քանի որ ընտրություններ են և մարդիկ շտապում են տեղեկանալ, թե ի վերջո ով ինչ դեմքով է ներկայանալու հանրությանը, մյուս կողմից այս սպասումն ինչ որ առումով իռացիոնալ է, քանի որ խոշոր հաշվով դեպքերն ու դեմքերը ըստ էության արդեն իսկ պարզ են, և նույնիսկ վաղուց են պարզ ու այդ տեսանկյունից խնդիրը ընդամենը այն է, թե ով որտեղ և որ հորիզոնականում կհայտնվի, այսինքն որ կուսակցության կամ դաշինքի ցուցակի որերորդ տեղում: Իսկ գումարելիների տեղափոխությունից գումարը ինչպես հայտնի է չի փոխվում: Գումարը փոխելու համար պետք է փոխել գումարելիները, բայց ոչ թե տեղերով, այլ ուղղակի բացարձակ մեծություններով կամ տեսակով: Այսինքն, Հայաստանում պետք է հանրության սպասումներ ձևավորվեն ոչ թե արդեն իսկ վաղուց հայտնի ու նաև ինչ որ իմաստով մաշված և սպառված դեմքերի որտեղ և ում հետ լինելու կամ միավորվելու կապակցությամբ, այլ լինեն սպասումներ, թե ինչ նոր դեմքեր են ի հայտ գալիս քաղաքական կյանքում, հասարակական կյանքում: Սակայն, նոր դեմքն ինքնին դեռևս բավարար չէ սպասում ձևավորելու և արդարացնելու համար, քանի որ շատ կարևոր է նաև, թե ինչ են ասոմ այդ նոր դեմքերը: Որովհետև եթե նոր դեմքով արտահայտվում է հին իմաստը՝ եթե նույնիսկ նոր փաթեթավորումով, գեղարվեստական կամ վավերագրական նոր երանգներով, ապա իմաստազրկվում է նաև նոր դեմքի սպասումը:

Ավելին, միգուցե կարող է տարօրինակ հնչել, բայց եթե նոր դեմքերը պետք է գան ընդամենը հին իմաստը նորովի փաթեթավորելու և ավելի պատկերավոր ներկայացնելու, ապա այդ դեպքում առավել նախընտրելի է, որ մնան հին դեմքերը, որովհետև նրանք գոնե ունեն հանրության առաջ ռեաբիլիտացիայի կարիք՝ ակնհայտ, աչքերից իսկ նկատվող կարիք և առնվազն այդքանով հանդերձ նրանք որոշակիորեն կախվածություն ունեն հասարակությունից, ի տարբերություն նորերի, որոնք ավելի անկաշկանդ են այդ հարցում և առայժմ հանրության առաջ որևէ պարտավորություն չեն զգում, ըստ այդմ չեն զգում կախվածություն հասարակությունից՝ գոնե այս փուլի համար:

Հայաստանի հասարակական-քաղաքական զարգացումը ըստ էության կանգ է առել սահմանային այս անցակետում և Հայաստանն այդ իմաստով հիշեցնում է հայտնի ֆիլմի հայտնի հերոսին, որը անձնագիրը կորցրել էր և չէր կարողանում օդանավից ոտք դնել թե հայրենի, թե օտար հողում: Հայաստանի քաղաքական զարգացումը հենց այդ վիճակում է. հասարակական-քաղաքական կյանքը թե առաջ չի գնում, թե հետ: Նախընտրական ներկայիս իրողությունները, դրանցում առկա ինտրիգներն իրենց բնույթով, դրանցում շոշափվող անուններն ու տարաբնույթ միավորումները հենց այդ իրողության, այդ տխուր իրողության վկայությունն են:

Հայաստանի քաղաքացիներն ըստ էության արդեն քառորդ դար հետևում են միևնույն մարդկանց և ուժերի դասավորումներին ու վերադասավորումներին կամ իշխանության մեջ կամ ընդդիմության շարքերում: Այդ ընթացքում գործնականում չեն մնացել արժեքներ ու սկզբունքներ, որոնց վրա այդ ուժեր ու գործիչները չեն սրբել անընդհատ ներսուդուրս անող իրենց ոտքերը: Չեն մնացել գաղափարներ, որոնք չեն դրվել շրջանառության մեջ ու մաշվել, վերածվել քաղաքական հնոտիքի:

Հայաստանյան 25-ամյա քաղաքականությունը մեծ հաշվով պտտվում է ընդամենը մեկ ձեռքի մատների վրա հաշված անձանց շրջանակում, որոնց ներքո էլ տեղի են ունենում զանազան վերադասավորումներն ու վերաֆորմատավորումները, տեսարանները , որոնք մատուցվում են հասարակությանը 25 տարի շարունակ խլվող հացի փոխարեն՝ խլվող բառի թե բուն, թե պատկերավոր իմաստով:

Խոշոր հաշվով, 2017 թվականի ընտրությունն ըստ էության հանդիսանում է Հայաստանի երեք նախագահների տարբեր տարիների աշխատանքների «համատեղ ցուցադրություն», որի մուտքն ազատ է և այդ իսկ պատճառով խցանումներ են մուտքերի մոտ:

Today's most read news !
  • Շուշանի եւ Մերիի ճոխ նվերը Տաթեւ Սարգսյանի 25-ամյակին
  • Ինչ սպասել հետընտրական զարգացումից
  • Րաֆֆի Օհանյանի հարսանեկան հոլովակն ու ֆոտոշարքը
  • Ինչի մասին է «Շանթ»-ի նոր սիթքոմը եւ ովքեր են դերակատարները
  • Խանությում հետևիցս գոռաց` «տականք, դու ստեղ ի՞նչ գործ ունես». Հակոբ Հակոբյան
  • Անի Քրիստին անճանաչելիորեն փոխվել է
  • Քիմ Քարդաշյանը նիհարելու նոր տարբերակ է առաջարկում
  • Երևանում ռազմագիտության դասատուն ընտանիքի 10 անդամներով հնարավոր է՝ հայտնվի փողոցում
Comments
Loading...