ՀՀԿ-ի հին ոգու ռեյտինգային կանչը

Խորհրդարանի 2017 թվականի ընտրությանն ընդառաջ կա համընդհանուր տարածված կարծիք, թե այսպես կոչված ռեյտինգային ընտրակարգով առաջադրումներով Հանրապետական կուսակության տարբեր մականունավոր հեղինակություններ, տարաբնույթ օդիոզ կերպարներ ստիպված են լինելու առաջադրվել և մրցել միմյանց դեմ, ինչը կնպաստի նրան, որ ստիպված կլինեն միմյանց վերահսկելու համար թույլ չտալ խախտումներ: Այս տարածված կարծիքը, ըստ երևույթին, կարելի է համարել 2017 թվականի խորհրդարանական ընտրությունների «նոու-հաուն»՝ թե ՀՀԿ-ն մրցակցելու է ինքն իր հետ: Նախ, այդ մոտեցումը զարմանալիորեն մատուցվում է իբրև հանրության առավելություն, ինչը մեղմ ասած կասկածելի հանգամանք է, հաշվի առնելով այն, որ եթե ՀՀԿ-ն մրցակցելու է ինքն իր դեմ, ուրեմն չունի այլ մրցակից՝ հակառակ դեպքում կմրցեր այդ մրցակցի դեմ: Հետևաբար, եթե ՀՀԿ-ն չունի այլ մրցակից, ապա ինքն իր դեմ մրցակցության պարագայում անգամ՝ եթե դա իրապես այդպես է, շահողը լինելու է ՀՀԿ-ն բոլոր դեպքերում, քանի որ չկա այլ մրցակից, որը շահեր դրանից: Այսինքն, ըստ էության ստացվում է, որ ՀՀԿ-ն մի «անպարտելի խաղի» մեջ է, որից եթե պարտվողը, ապա հաղթողն էլ լինելու է ինքը: Սա, ըստ էության, տեսականում, քանի որ գործնականում իրավիճակն իհարկե փոքր ինչ այլ է:

Գործնականում ՀՀԿ-ն ընտրական գործընթացը բաժանել է այսպես ասած երկու մասի՝ նոր ոգի և հին ոգի: Բոլորը հիշում են թերևս, որ վարչապետի պաշտոնի համար ներկայացնելով Կարեն Կարապետյանին ՀՀԿ խորհրդի նիստում, Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ նրա հետ զրուցել է շատ տարբեր հարցերից, այդ թվում ՀՀԿ-ին նոր ոգի հաղորդելու մասին: ՀՀԿ-ի նոր ոգին կարտացոլվի համամասնական ընտրացուցակում, իսկ հին ոգին կլինի ռեյտինգային առաջադրումների ցուցակը: Այսինքն՝ հին ոգին պարզապես խնամքով կքողարկվի, սակայն կուսակցության համար գործնականում կշարունակի աշխատել հենց հին ոգին, քանի որ ձայն բերելու բուն գործընթացը դրված է ռեյտինգային կարգի վրա, թողնված է դրա հույսին: Այդ կարգը նախատեսված է հենց ձայն բերելու համար, ինչի դիմաց էլ ՀՀԿ-ն գնացել է այսպես ասած՝ տեղամասային զիջումներին, թույլ տալով ընդդիմությանը որոշակի պայմաններ թելադրել ընտրատեղամասային կանոնների մասով: Այդպիսով՝ ՀՀԿ ռեյտինգայինները իրականում ոչ թե միմյանց դեմ են մրցելու, այլ պարզապես կռիվ են տալու յուրաքանչյուր ձայնի համար: Իհարկե ոչ բոլոր ձայն բերողներն է, որ հայտնվելու են նոր խորհրդարանում: Այստեղ, իհարկե, տեսականում կա մրցակցության խնդիր: Բայց ամբողջ խնդիրն այն է, որ իշխանությունը Հայաստանում առաջնորդվում է գործնականով՝ ոչ թե տեսականով: Այստեղ է հասարակության և իշխանության, իշխանության և ընդդիմության տարբերությունը: Հասարակությունն ու ընդդիմությունը Հայաստանում առաջնորդվում են տեսականով: Ընդ որում, դա հենց ընդդիմության գործունեության արդյունքն է, որը հաճախ գոյացել է գիտակցված մանիպուլյացիայի հետևանքով: Այսինքն՝ քաջ գիտակցելով անարդյունավետության հեռանկարը, կամ հետին թվով արդարացնելով սեփական ձախողումը, հանրային հույսերի տապալումը, ընդդիմությունները փորձել են հանրությանը բերել տեսական դիտարկումների դաշտ, որտեղ իհարկե բոլոր փաստարկները եղել են ընդդիմությունների կողմը՝ բոլոր ժամանակներում:

Այդպիսով՝ տեսականում ընդդիմությունը մշտապես և ուղղակի անհասանելի առավելություն է ունեցել իշխանության նկատմամբ, տեսականում ջախջախել է իշխանությանը, բայց գործնականում իրավիճակը միշտ եղել է հակառակը: Եվ այս իրավիճակն անգամ ընդդիմության դաշտում ենթարկվել է տեսական վերլուծության, ինչն էլ իր հետքն է թողել նաև հանրային ակտիվ ընտրազանգվածի մոտ: Մինչդեռ, իշխանությունը զիջելով տեսականը և անգամ մեծ ջանք չգործադրելով այդ դաշտում ընդդիմության հետ մրցունակ լինելու համար, բոլոր ուժերը և ռեսուրսները՝ թե՛ մտավոր, թե՛ ֆինանսական, թե՛ ֆիզիկական, կենտրոնացրել է գործնական խնդիրների վրա և վերարտադրության գործընթացներում, կամ թեժ ներքաղաքական իրավիճակներում միշտ կարողացել է առնվազն մեկ, իսկ սովորաբար մի քանի քայլ առաջ լինել թե՛ ընդդիմությունից, թե՛ հանրությունից: Սա է իրողությունը, որին ուղիղ նայելու համարձակությունն անգամ չի բավականացնում թե՛ ընդդիմադիր, թե՛ հասարակական-քաղաքացիական դաշտի մեծամասնությանը: Այստեղ է, որ տեսականում միմյանց դեմ մրցակցելու հանգամանքը գործնականում ստանում է լիովին այլ պատկեր: Իշխանության համակարգը ձևավորված է շատ հստակ շահերի և անվտանգության խնդիրների վրա, որտեղ բոլորը գիտեն իրենց անելիքը, իրենցից պահանջվելիքը և գիտեն նաև պահանջվածի ապահովման դեպքում իրենց ստանալիքը, և միևնույն ժամանակ բուրգի վերից վար շատ հստակ է հնարավորի աստիճանը՝ յուրաքանչյուր սուբյեկտի մասով:

Միևնույն ժամանակ, բոլորը գիտեն, որ ներհամակարգային շրջանակում «սոցիալական արդարությունը» կամ սոցիալիզմի փիլիսոփայությունը գործում է անթերի՝ յուրաքանչյուրից ըստ կարողությունների և յուրաքանչյուրին ըստ աշխատանքի: Ահա այն, ինչն ընկած է ռեյտինգային համակարգի հիմքում, ինչպես իշխող համակարգի հիմքում ընդհանրապես, ինչը գործնականում դարձրել է համակարգը կարծր և ճկուն միաժամանակ: Սա է, որ պետք է խորապես ուսումնասիրի հանրությունը և հանրային շահի սպասարկման հայտ ներկայացնող յուրաքանչյուր սուբյեկտ, իշխող համակարգի դիմադրունակության հաղթահարման արդյունավետ ուղիներ գտնելու և հասարակությանը տեսական հաղթանակներից գործնական հաղթանակների բերելու համար: Իշխանության վերջին օրերի, իշխանության հաշված ժամերի, «ռեժիմի խուճապի» մեջ գտնվելու, միմյանց դեմ դուրս գալու և այդ կարգի հռետորաբանությունը եթե իր մեջ պարունակում է որևէ գործնականություն, ապա ընդամենը հանրությանը գիտակցված կամ ակամա մանիպուլյացիայի ենթարկելու հարցում:

Today's most read news !
  • «Օտարը». Նոր սիրային եռանկյունի` հայկական եթերում
  • Մորաքրոջս անունը երբեք չեմ օգտագործի դռներ բացելու համար. Նադյա Սարգսյան կրտսեր
  • Տաթեւիկ Ադումյանի 25-ամյակի լուսանկարները
  • Հմայիչ Անժելա Սարաֆյանը՝ Vanity Fair-ի և Lancome-ի երեկույթներին
  • Մեր տղան որոշեց նախագահ դառնալ, հիմա մնում է հասկանալ, թե որ երկրի նախագահ է լինելու. Անի Դաշյան
  • Լարված իրադրություն շփման գծում. հակառակորդը ձեռնարկել է հարձակման փորձ. ԱՀ ՊԲ
  • Իշխանության ներսում սպասվում են արմատական փոփոխություններ և փոխատեղումներ
  • Քիմ Քարդաշյանը փոխել է կերպարը և դարձել շիկահեր
Comments
Loading...